Աթաբեկյաններ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Աթաբեկյաններ, միջնադարյան հայ ազնվական իշխանական տոհմ, Հասան-Ջալալյանների կրտսեր ճյուղ։ 15-19-րդ դարերում եղել են Ջրաբերդի մելիքները։
Պատմություն
Տոհմն առաջացել է 15-րդ դարում։ Տոհմի նահապետն էր իշխան Աթաբեկ Գ Հասան-Ջալալյանը, իշխան Ջալալ Գ Հասան-Ջալալյանի հինգերորդ որդին, ով որպես ժառանգություն ստացավ հայրական տիրույթի հյուսիս-արևելյան մասում գտնվող մի տարածք, Ջրաբերդ ամրոցի մոտակայքում. ըստ որի նա հայտնի է որպես Աթաբեկ Մեծ Ջրաբերդցի։ Տեղափոխվելով այդ տարածք, Չորտանձուտինջուր գետի հովտում իշխան Աթաբեկը հիմնադրեց Կուսապատ գյուղը, որը և դարձավ Աթաբեկյանների տոհմական ոստանը։ Հետագայում տոհմը բազմացել և տարածվել է հյուսիսային Արցախում հիմնելով մի շարք բնակավայրեր, մասնավորապես իշխան-մելիք Հովհաննես (Իվանե) Աթաբեկյանի ջանքերով, դրանցից են Մարտակերտ ավանը, Ներքին Հոռաթաղ, Մոխրաթաղ, Մեհմանա, Ծաղկաշեն և Վարդաձոր գյուղերը։
Remove ads
Ավանդապատումներ
Աթաբեկյանների տոհմի մասին ավանդապատումներից է Ջրաբերդ ամրոցի հիմնադրումը։ Ըստ դրա, մի անգամ իշխան Աթաբեկը իր թիկնապահներով որսի է գնում Տրտուի անտառներում։ Հեծյալ հետապնդելով որսին, իշխանը կտրվում է իր թիկնապահներից և հասնում է մի բարձր ժայռի, որտեղ ականատես է լինում, թե ինչպես է որսը անհետանում ժայռի մեջ (իրականում, Ջրաբերդի ժայռն ունի ստորգետնյա գաղտնուղի)։ Սպասելով իր թիկնապահների ժամանմանը, իշխան Աթաբեկը տեսնում է մի այլ զարմանալի տեսարան. մի սպիտակ արծիվ Թարթառ գետի ափից ճանկերով քարեր է վերցնում և, ճախրելով, բարձրացնում է ժայռի վրա։ Զարմացած իշխանը բարձրանում է ժայռի գագաթն և տեսնում այդ ժայռի վրա կուտակված քարերը։ Երբ թիկնապահները հասնում են տեղ, իշխանը հրամայում է ժայռի վրա բերդ կառուցել. այդպես հիմնվում է Ջրաբերդը։ Պատմությունից հայտնի է, որ իրականում Ջրաբերդը կառուցված էր դեռևս Արշակունի արքաների օրոք և հիշատակվում է 7-րդ դարից, իսկ ավանդապատումը հիշատակություն է առ այն, որ Ջրաբերդը վերանորոգվել և ամրացվել է՝ հավանաբար իշխան Աթաբեկի կողմից։
Այլ ավանդապատումը Աթաբեկյանների ոստան Կուսապատ գյուղի հիմնադրման մասին է։ Ըստ դրա, իշխան Աթաբեկ Ջրաբերդցին հրամայում է մեկ այլ ամրոց էլ կառուցել Չորտանձուտինջուր գետի ափին։ Հպատակները շինարարությունը սկսում են, սակայն շուտով պատերազմ է սկսվում, և իշխանը մեկնում է մարտի։ Մարտի ժամանակ նա ծանր վիրավորվում է և մահանում։ Այդպիսով, ամրոցի պատերը մնում են կիսատ. արցախյան բարբառով՝ «կուսապատ» (կիսատ պատ), որից և առաջանում է գյուղի անվանումը։
Մեկ այլ ավանդապատում էլ պատմում է Աթաբեկյանների յոթ եղբոր տեղափոխությունը Ջրաբերդից ներկայիս Տավուշի մարզ, որտեղ նրանք հիմնում են յոթ գյուղ՝ Ներքին Ծաղկավան (մինչև 1946 թվականը՝ Մելիքգյուղ), Աչաջուր, Սարիգյուղ, Մովսեսգյուղ, Վազաշեն (մինչև 1970-ական թթ.՝ Լալիգյուղ), Այգեհովիտ և Կոթի։ Սույն ավանդապատումը ժողովրդական հիշատակ է իրականում Արցախից դեպի Տավուշ և Լոռի տեղի ունեցած հայ բնակչության տեղափոխությունների։ Ըստ վերջին մարդահամարի, Աթաբեկյանները իրոք զգալի թիվ են կազմում հիշատակված բնակավայրերում։
Remove ads
Աթաբեկյանների տոհմացանկը

- Աթաբեկ I Մեծ Ջրաբերդցի (հիշատակված է 1411 թ.)
- Այդին (հիշատակված է 1495 թ.)
- Սարգիս I (հիշատակված է 1495 թ.)
- Աթաբեկ II Յուզբաշի Ջրաբերդցի (հիշատակվում է 1678 թ.)
- Վանի I և Ղուլի-բեկ (Վանի իշխանի գերդաստանը տեղափոխվեց Վրաստան, այնուհետև Ռուսաստան։ Ավագությունը անցավ Ղուլիին)
- Սարգիս II (հիշատակված է Ալիշանի տոհմածառում, տես՝ «Արցախ»)
- Հարություն (Թունի) (18-րդ դար)
- Մելիք Վանի II Աթաբեկյան (կինը՝ Վարդուհի) (1766 - 7 մարտի 1854)
Նշանավոր Աթաբեկյաններ

Աթաբեկյաններից են սերում Արցախի, Հայաստանի և Ռուսաստանի մի շարք ականավոր քաղաքական, զինվորական և մշակությաին գործիչներ։ Տոհմի ամենահայտնի ներկայացուցիչը իշխան Մելիք-Վանի Աթաբեկյանն էր՝ Ջրաբերդի վերջին մելիքը, ով մեծ դեր խաղաց Արցախի Ռուսական կայսրությանը միացնելու գործում։ Սույն տոհմից են նաև.
- ռուսական ականավոր գեներալ Անդրեյ Աթաբեկյանը (Աթաբեկով)
- քաղաքական գործիչ Ալեքսանդր Աթաբեկյանը
- Ռուսական Պետական Դումայի անդամ Հովսեփ Ներսեսի Աթաբեկյանը
- Հայաստանի առաջիոն Հանրապետության կրթության նախարար Միքայել Աթաբեկյանը
- ինժեներ Սուրեն Խաչիկի Աթաբեկյանը (Միլի ուղղաթիռների)
- ԽՍՀՄ գունավոր մետալուրգիայի ինժեներ, տոհմապետ Հրաչ Աթաբեկյանը
- ակադեմիկոս Հովսեփ Աթաբեկյանը
- քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը
Remove ads
Տոհմի ներկայիս կացությունը
Ներկայումս, Աթաբեկյանների իշխանական տունը հայ ազնվական տոհմերի ամենակազմակերպված և ակտիվ տոհմերից է։ Ի միջի այլոց, Աթաբեկյանները պարբերաբար կազմակերպում են տոհմահավաքներ. վերջին երկուսը անց են կացվել 1983 թվի հոկտեմբերի 8-ին Մելիքգյուղում) և 2014 թվի ապրիլի 19-ին Երևանում։ Վերջին տոհմահավաքին Աթաբեկյանների տոհմապետ է ընտրվել իշխան Հրաչ Աթաբեկյանը։
2012 թվի հուլիսի 27-ին, Աթաբեկյաններն այն չորս իշխանական տներից մեկն էին, որոնք նախաձեռներցին Արցախի ավանդական իշխանական տոհմերի՝ Արցախի մելիքությունների դաշինքի վերականգնումը, ստեղծելով Հայոց Մէլիքաց Միությունը[1]։

Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads