Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի
Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի ամուսին / From Wikipedia, the free encyclopedia
Ալբերտ Ֆրանց Ավգուստ Էմանուիլ Սաքսեն Կոբուրգ Գոթացի (գերմ.՝ Albert Franz August Karl Emmanuel von Sachsen-Coburg-Gotha, օգոստոսի 26, 1819(1819-08-26)[1][2][3][…], Schloss Rosenau, Կոբուրգ, Գերմանական միություն - դեկտեմբերի 14, 1861(1861-12-14)[1][2][3][…], Վինձոր ամրոց, Միացյալ Թագավորություն), Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի ամուսինը, կոնսորտ արքայազն (անգլ.՝ HRH the Prince Consort, 1857), դուքս Էռնեստ Սաքսեն Կոբուրգցու (ռուսական գեներալ, նապոլեոնյան պատերազմների մասնակից) և արքայադուստր Լուիզա Սաքսեն Գոթացու երկրորդ որդին։ Բրիտանացի ֆելդմարշալ (1840)։ Մեծ Բրիտանիայի ներկայումս թագավորող Վինձորի դինաստիայի նախահայր։
Ալբերտը ծնվել է Սաքսեն Կոբուրգ Զաալֆելդի Սաքսոնական դքսության բազմաթիվ եվրոպական միապետական իշխանների հետ կապված ընտանիքում։ 20 տարեկան հասակում նա ամուսնացել է իր հորաքրոջ աղջկա` թագուհի Վիկտորիայի հետ։ Նրանք ունեցել են ինը երեխա։ Սկզբում կոնսորտի դերը սահմանափակված է եղել, կինը նրան թույլ չէր տալիս ոչ մի լիազորություն կամ պարտականություններ, սակայն աստիճանաբար հեղինակություն է ձեռք բերել բազմաթիվ հանրային գործերի շնորհիվ, ինչպիսիք են կրթական բարեփոխումները և ստրկության վերացումն ամբողջ աշխարհում, և նրան վստահվել է շարունակել թագուհու պալատական, գրասենյակային և կալվածքների հետ կապված գործերը։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել 1851 թվականի համաշխարհային մեծ ցուցահանդեսի կազմակերպման գործում, որը հնչեղ հաջողություն է ունեցել։
Թագուհին ավելի ու ավելի շատ ապավինել է նրա աջակցությանն ու ղեկավարությանը։ Նա նպաստել է Մեծ Բրիտանիայում սահմանադրական միապետության զարգացմանը իր կնոջը համոզելով քաղաքական առումով պակաս կանխակալ լինել խորհրդարանի հետ առնչվելիս, թեև նա խիստ դեմ էր Արտաքին գործերի քարտուղար Լորդ Պալմերսթոնի վարած միջամտողական արտաքին քաղաքականությանը։
Ալբերտը մահացել է համեմատաբար երիտասարդ տարիքում` 42 տարեկանում։ Վհատված Թագուհին խորը սուգ է ապրել մինչև իր կյանքի ավարտը։ 1901 թվականին Վիկտորիա թագուհու մահից հետո նրանց ավագ որդին` հետագայում Էդուարդ VII-ը, դարձել է բրիտանական առաջին միապետը Սաքսեն Կոբուրգ Գոթա արքայատոհմի. տոհմն իր անունը ստացել է ի պատիվ Ալբերտի իշխանական տան։