Ալ-Զահրավի
From Wikipedia, the free encyclopedia
Աբու ալ-Կասիմ Խալաֆ իբն ալ-Աբաս ալ-Զահրավի ալ-Անսարի[6] (արաբ․՝ أبو القاسم خلف بن العباس الزهراوي, Abū al-Qāsim Khalaf ibn al-'Abbās al-Zahrāwī al-Ansari&lrm, հանրայնորեն հայտնի է Ալ-Զահրավի (الزهراوي), լատինացված՝ Abulcasis (արաբերեն Abū al-Qāsim-ից) անվանաձևով, 936[1][2][3], Մեդինա Ասաարա, Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա - 1013[1][2][3], Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա), արաբական ծագումով[7]միջնադարյան բժիշկ, գիտնական, որ գործել է Անդալուսիայում (ներկայիս Իսպանիայի տարածքում)։ Համարվում է միջնադարի մեծագույն վիրաբույժը[8]. արժանացել է «վիրաբուժության հայր» պատվանունին[9][10][11]։
Ալ-Զահրավի արաբ․՝ أبو القاسم خلف بن عبَّاس الزهراوي | |
---|---|
Ծնվել է | 936[1][2][3] Մեդինա Ասաարա, Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա |
Մահացել է | 1013[1][2][3] Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա |
Մասնագիտություն | վիրաբույժ, անատոմ, դեղագործ, փիլիսոփա և բժիշկ |
Գործունեության ոլորտ | բժշկություն[4] և Վիրաբուժություն[5][4] |
Տիրապետում է լեզուներին | արաբերեն[1] |
Abulcasis Վիքիպահեստում |
Ալ-Զահրավիի գլխավոր աշխատությունը «Ալ-Թասրիֆ»-ն է (Kitab al-Tasrif)՝ երեսուն հատորից բաղկացած բժշկագիտական մի հանրագիտարան[12], որի՝ վիրաբուժությանը վերաբերող բաժինը տասներկուերորդ դարում թարգմանվել է լատիներեն, լայն տարածում ստացել եվրոպական երկրներում և առնվազն հինգ դար շարունակ ծառայել որպես օրինակելի ուսումնական ձեռնարկ[13]։ Ալ-Զահրավիի նորարարական ներդրումները վիրաբուժական գործիքների պատրաստման ու դրանց կիրառման և ընդհանրապես վերքերի բուժման բնագավառներում հսկայական ներգործություն են ունեցել ինչպես Արևելքում, այնպես էլ Արևմուտքում՝ ընդհուպ մինչև նոր ու նորագույն ժամանակները. նրա որոշ հայտնագործություններ կիրառություն են գտնում մինչև անգամ մեր օրերի բժշկության մեջ[14]։ Առաջին անգամ նա է օգտագործել կետգուտը՝ վիրահատության ժամանակ ներքին կարեր դնելու, արյան անոթները կապելու նպատակով. նրա հորինած վիրաբուժական շատ գործիքներ ներկայումս էլ օգտագործվում են մարդկանց բուժելու համար։
Ալ-Զահրավին առաջինն է բացահայտել հեմոֆիլիայի ժառանգական բնույթը, առաջին բժիշկն է եղել, ով նկարագրել է արտաարգանդային հղիության մի տարատեսակը հանդիսացող աբդոմինալ (որովայնային) հղիությունը, որը նրա ժամանակներում անուղղելի, պարզապես մահացու էր համարվում։ Առաջինն է հայտնաբերել կաթվածի արմատական պատճառները։ Բացի այդ՝ ստեղծել է վիրաբուժական գործիքներ ու հարմարանքներ կեսարյան հատում կատարելու, աչքերի կատարակտը բուժելու[14], ինչպես նաև հարմարանքներ ականջը, միզածորանը հետազոտելու, որկոր ներթափանցած օտարածին մարմինները հանելու համար։