Կեսարյան հատում
From Wikipedia, the free encyclopedia
Կեսարյան հատումը (լատ.՝ caesarea - կայսերական, sectio - հատում) մանկաբարձական վիրահատություն, որի ընթացքում պտուղը և ընկերքը արգանդից դուրս են բերվում արգանդի պատի վրա արհեստականորեն ստեղծված կտրվածքի միջով[1]։ Կեսարյան հատումը հաճախ անհրաժեշտ է, երբ հեշտոցային ծննդաբերությունը վտանգի տակ է դնում երեխային կամ մորը[2][2]։ Դրա պատճառները կարող են ներառել բարդացած ծննդաբերական ակտը, բազմապտուղ հղիությունը, հղիի մոտ առկա արյան բարձր ճնշումը, կոնքային առաջադրությամբ հղությունը կամ պլացենտայի և պորտալարի հետ կապված խնդիրները[2][3]։ Կեսարյան հատման միջոցով ծննդաբերությունը կարող է իրականացվել՝ հիմնվելով մոր կոնքի ձևի կամ նախկինում արված կեսարյան հատումների պատմության վրա[2][3]։ Կեսարյան հատումից հետո հնարավոր է իրականցնել հեշտոցային ծննդաբերություն[2]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս, որ կեսարյան հատումը իրականացվի միայն այն դեպքում, երբ առկա է բժշկական ցուցում[3][4]։ Որոշ կեսարյան հատումներ կատարվում են առանց բժշկական ցուցումների, ինչ-որ մեկի խնդրանքով, սովորաբար հղիի ցանկությամբ[2]։
Վիրահատությունը սովորաբար տևում է 45 րոպե[2]։ Կարելի է կատարել ողնուղեղային անզգայացման պայմաններում, երբ կինը արթուն է կամ ընդհանուր անզգայացման պայմաններում[2]։ Միզապարկը դատարկելու համար դրվում է միզային դրենաժ, իսկ որովայնի մաշկը մշակվում է անտիսեպտիկ (հականեխիչ) լուծույթով[2]։ Կտրվածքն արվում է որովայնի պատի ստորին հատվածում՝ ցայլային համաճոնից 2-3 մատ բարձր և ունենում է 15սմ երկարություն[2]։ Արգանդի պատը բացվում է երկրորդ կտրվածքով, որից հետո դուրս է բերվում երեխան[2]։ Կտրվածքները այնուհետև փակ կարվում են[2]։ Կինը սկսում է կրծքով կերակրումը ինչքան հնարավոր է շուտ[5]։ Վիրահատությունից մի քանի օր անց ծննդաբերը դուրս է գրվում հիվանդանոցից՝ շարունակելու վերականգնումը արտահիվանդանոցային՝ տնային պայմաններում[2]։