դիցաբանական ճակատամարտ հին հույների և ամազոնուհիների միջև From Wikipedia, the free encyclopedia
Ամազոնոմախիա (թարգմանաբար՝ «ամազոնյան ճակատամարտ», հոգնակի՝ ամազամոմախիաներ (հին հունարեն՝ Ἀμαζονομαχίαι) ), հունական դիցաբանության առասպելական ճակատամարտ հին հույների և ամազոնուհիների՝ ամբողջովին կին ռազմիկներից կազմված ազգի միջև։ Ամազոնոմախիաների թեման տարածված էր հին հունական արվեստում և հռոմեական արվեստում։
Ամազոնոմախիան ներկայացնում է քաղաքակրթության հունական իդեալը։ Ամազոնուհիները ներկայացվում էին որպես վայրի և բարբարոս ռասա, իսկ հույները՝ որպես մարդկային առաջընթացի քաղաքակիրթ ռասա։ Ըստ ամազոնոմախիայի մասին գերմանացի հնագետ, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Բրունո Սնելիի տեսակետի.
Հույների համար տիտանոմախիան և գիգանտների դեմ կռիվը շարունակում են լինել այն հաղթանակի խորհրդանիշները, որոնք նրանց աշխարհը տարել է օտարոտի տիեզերքի նկատմամբ. թվարկելով ամազոնուհիների և կենտավրոսների դեմ մղվող մարտերը` նրանք շարունակում են ազդարարել, որ հույները նվաճել են ամեն բարբարոսականը, ամեն հրեշավորը և գռեհիկը[1]։
Քվինտոս Զմիրնեոսի «Տրոյայի անկումը» աշխատության մեջ ամազոնյան թագուհի Պենթիսիլեան, որը տրոյական պատերազմի ժամանակ միացել էր տրոյացիների կողմին, մեջբերվել է Տրոյայում՝ ասելով.
Մենք ուժով չենք զիջում տղամարդկանց. նույնն են մեր աչքերը, մեր վերջույթները նույնը. մեկ ընդհանուր լույս ենք տեսնում, մեկ օդ ենք շնչում. ոչ էլ տարբերվում է այն ուտելիքը, որը մենք ուտում ենք։ Ուրեմն երկնքից մարդուն տրված դրախտի ի՞նչն է մեզ մերժված[2]։
Յոսին Բլոկի` ամազոնամախիան երկու տարբեր համատեքստ է տալիս հունական հերոսին բնորոշելու համար։ Կամ ամազոնուհիներն այն երեք աղետներից մեկն են, որոնցից հերոսը ազատում է երկիրը հրեշի նկատմամբ տարած հաղթանակով. կամ դրանք Ատտիսի մոտիվացիայի արտահայտությունն են, որտեղ հերոսը խուսափում է մարդկային սեռականությունից ամուսնության և բազմացման մեջ[3]։
5-րդ դարում Պարսկաստանի Աքեմենյան կայսրությունը սկսեց մի շարք արշավանքներ Հին Հունաստանի դեմ։ Այդ պատճառով որոշ գիտնականներ կարծում են, որ այն ժամանակվա հունական արվեստի մեծ մասում պարսիկները ցուցադրվել են այլաբանորեն՝ կենտավրոսների և ամազոնուհիների կերպարների միջոցով[1]։
Պատերազմը շատ տարածված թեմա էր Հին հունական արվեստում, որը ներկայացվում էր տաճարների մեծ քանդակագործական տեսարաններում, ինչպես նաև անթիվ հունական կավամաններում։ Ընդհանուր առմամբ, գեղարվեստական և առասպելական կռիվները գերադասվել են որպես առարկա, քան առկա բազմաթիվ պատմական մարտերը։ Հոմերոսի և Գիգանտոմախիայի տեսարանների հետ մեկտեղ՝ հսկաների ռասայի և օլիմպիական աստվածների ճակատամարտը, ամազոնոմախիան նույնպես հանրաճանաչ ընտրություն էր։
Հետագայում, հռոմեական արվեստում հայտնվել են շատ պատկերներ, իսկ ավելի ուշ հռոմեական սարկոֆագների կողքերին, երբ մոդայիկ դարձավ մարտական տեսարանների մշակված ռելիեֆներ պատկերելը։ Տեսարաններ են ներկայացվել նաև խճանկարների վրա։ Վերածննդի դարաշրջանում և հատկապես բարոկկո ժամանակաշրջանում աճել է միջնադարյան պատկերների քանակը։
Հույն քանդակագործ Կալամիսը վերագրվում է Պարթենոնի՝ Աթենքի Ակրոպոլիսի տաճարի արևմտյան մետոպների նախագծումը, որը նվիրված է հունական աստվածուհի Աթենասին[4][5]։ Պարթենոնի արևմտյան մետոպների վրա պատկերված են հույների և ամազոնուհիների ճակատամարտը։ Չնայած նրա խեղված վիճակին, գիտնականները հիմնականում համաձայն են, որ տեսարանը ներկայացնում է ամազոնուհիների ներխուժումը Ատտիկե[6]։
Աթենաս Պարթենոսի վահանը, որը քանդակել է Ֆիդիասը[Ն 1], պատկերում է ընկած ամազոնուհի։ Աթենաս Պարթենոսը Աթենասի հսկայական քրիզոէլեֆանտին քանդակն է՝ Աթենքի Պարթենոնի ներսում գտնվող գլխավոր պաշտամունքային պատկերը, որն այժմ կորել է, թեև հայտնի է նկարագրություններից և փոքր հին կրկնօրինակներից[6]։
Բասայի ֆրիզը Ապոլոն Էպիկուրոսի («Ապոլոն օգնական») Բասայի տաճարից, պարունակում է մի շարք սալեր, որոնք պատկերում են Տրոյական ամազոնամախիան և Հերակլեսյան ամազոնամախիան։ Տրոյական ամազոնամախիան ընդգրկում է երեք բլոկ՝ ցուցադրելով Պենթիսլեյայի վերջնական մահը Աքիլլեսի ձեռքով։ Հերակլեսյան ամազոնամախիան ընդգրկում է ութ բլոկ և ներկայացնում է Հերակլեսի պայքարը ամազոնուհիների թագուհի Հիպոլիտայի գոտին գրավելու համար[8]։
Հալիկառնասի դամբարանից ամազոնոմախիայի ֆրիզի մի քանի հատված այժմ գտնվում են Բրիտանական թանգարանում։ Մի հատվածում պատկերված է Հերակլեսը, ով մի ձեռքով բռնել է ամազոնուհու մազերից, իսկ մյուսով իր գլխի վերևում մահակը բարձրածրել է` հարվածելու համար։ Ենթադրվում է, որ այս ամազոնուհին ամազոնուհիների թագուհի Հիպոլիտան է։ Հերակլեսի հետևում մեկ այլ տեսարան է, որտեղ հույն ռազմիկը կռվի է բռնվել վահանակիր ամազոնուհի մարտիկի հետ։ Մեկ այլ սալիկի վրա պատկերված է հեծյալ ամազոնուհի, որը հարձակվել է հույնի վրա, ով պաշտպանվում է բարձրացված վահանով։ Ենթադրվում է, որ այս հույնը Թեսևսն է, ով միացել է Հերակլեսին իր սխրագործությունների ընթացքում։
մ.թ.ա. 5-րդ դարի կեսերի հին հույն նկարիչ և քանդակագործ Միկոնը նկարել է ամազոնոմախիա Աթենքի հին ագորայի Պատկերազարդ ստոայի (Stoa Poikile) վրա, որն այժմ կորած է[9]։ Ֆիդիասը պատկերել է ամազոնոմախիա Օլիմպիայում գտնվող Զևսի քրիզելեֆանտին արձանի ոտնաթաթի վրա[10]։
2018 թվականին հնագետները Սլովակիայի Սլատինա նադ Բեբրավոու գյուղի մոտ գտնվող կելտական զոհաբերության վայրում հայտնաբերել են բրոնզից պատրաստված ռելիեֆով զարդարված ուսադիրներ, որոնք հույն մարտիկի զրահաբաճկոնի մի մասն էին։ Սլովակիայի հնագիտական ինստիտուտի փոխտնօրենն ասել է, որ դա Սլովակիայի տարածքում հունական բնօրինակ արվեստի ամենահին մասունքն է։ Հետազոտողները վերլուծել են կտորները և որոշել, որ դրանք երբեմնի ռելիեֆի մի մասն է, որը պատկերում էր ամազոնոմախիա[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.