Անհավանական Սարդ-մարդը (ֆիլմ, 2012)
From Wikipedia, the free encyclopedia
Անհավանական Սարդ-մարդը, 2012 թվականի՝ սուպերհերոսի մասին պատմող ամերիկյան ֆիլմ, որը հիմնված է Marvel Comics-ի Սարդ-մարդը կերպարի վրա և կրում է ամենաերկար համանուն կոմիքսի վերնագիրը։ Այն Սարդ-մարդու մասին ֆիլմի չորրորդ ադապտացիան է Columbia Pictures-ի և Marvel Entertainment-ի կողմից և Սեմ Ռեյմիի՝ 2002-2007 թվականների եռագրության վերարձակումը։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Մարկ Ուեբը։ Սցենարի հեղինակներն են Ջեյմս Վանդերբիլթը, Էլվին Սարջենթը և Սթիվ Կլովսը։ Գլխավոր դերերում են Էնդրյու Գարֆիլդը (Փիթեր Փարքեր / Սարդ-մարդ), Էմմա Սթոունը (Գվեն Սթեյսի), Ռիս Իֆանսը (Բժիշկ Քրթիս Քոննորս), Դենիս Լերին (Ջորջ Սթեյսի, Նյու Յորքի ոստիկանության կապիտան), Մարտին Շինը և Սալլի Ֆիլդը (Փիթեր Փարքերի հորեղբայր Բեն Փարքերն ու նրա կինը՝ Մեյ Փարքերը)։ Ֆիլմը պատմում է Փիթեր Փարքերի՝ Նյու Յորքում ապրող մի դեռահասի մասին, ով Սարդ-մարդ է դառնում գենետիկորեն փոխված սարդի խայթոցից հետո։ Փարքերը պետք է կանգնեցի Բժիշկ Քուրթ Քոննորսին՝ նույն ինքը մուտացված Մողեսին, որպեսզի վերջինս մուտացնող շիճուկը բաց չթողնի քաղաքային բնակչության վրա։
Ֆիլմի ստեղծման աշխատանքներն սկսեց 2010 թվականին «Սարդ-մարդը 4» ֆիլմի չեղարկումից հետո, որով ռեժիսոր Սեմ Ռեյմին ավարտեց Սարդ-մարդու ֆիլմաշարը, որտեղ անվանի սուպերհերոսի դերը երեք ֆիլմ շարունակ մարմնավորում էր Թոբի Մագուայերը։ Columbia Pictures-ը որոշեց արտադրական նույն թիմով վերարձակել ֆիլմաշարը, որտեղ Ջեյմս Վանդերբիլթը մնաց, որպեսզի գրի հաջորդ Սարդ-մարդու ֆիլմը, իսկ Էլվին Սարջենթն ու Սթիվ Կլովսն օգնեցին սցենարն ավարտել։ Նախարտադրության ընթացքում՝ 2010 թվականին, ընտրվեցին գլխավոր հերոսները։ Կոմիքսներից ներկայացվեցին նոր նախագծեր, որոնցից էին արհեստական սարդոստայն-կրակողները։ Օգտագործելով Red Digital Cinema Camera Company-ի RED Epic տեսախցիկը՝ հիմնական նկարահանումները սկսեցին 2010 թվականի դեկտեմբերին Լոս Անջելեսում, այնուհետև տեղափոխվեցին Նյու Յորք։ 2011 թվականի ապրիլին ֆիլմը մտավ հետարտադրության փուլ։ 3ality Technica-ն ապահովեց պատկերի 3D մշակումը, իսկ Sony Pictures Imageworks-ը՝ CGI գրաֆիկան։ Այն նաև Ջեյմս Հորների վերջին ֆիլմն է, որի վրա աշխատել է նա՝ որպես երաժշտության հեղինակ. Ջեյմս Հորները զոհվել է 2015 թվականին ավիավթարի հետևանքով։
Sony Pictures Entertainment-ը ստեղծեց գովազդային վեբկայք, որը թողարկեց բազմաթիվ անոնսներ, կազմավորեց վիրուսային մարկետինգային ընկերություն և այլ։ Տված արտադրանքներից է 2012 թվականի տեսախաղը Beenox-ի կողմից։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2012 թվականի հունիսի 30-ին Տոկիոյում, իսկ Միացյալ Նահանգներում այն թողարկվեց հուլիսի 3-ին՝ 2D, 3D և IMAX 3D ձևաչափերով, իսկ նույն թվականի նոյեմբերին դուրս եկավ DVD և BluRay սկավառակների վրա։ Քննադատների կողմից այն ստացավ դրական գնահատականներ, ովքեր մատնանշում էին հատկապես Էնդրյու Գարֆիլդի կատարումը, վիզուալ ոճը, Ջեյմս Հորների երաժշտությունը և գլխավոր հերոսի բնական կերպավորումը։ Ե՛վ քննադատները, և՛ հանդիսատեսը խառը կարծիքներ հայտնեցին Սոզունի կերպարի ներկայացման մասին՝ համարելով այն շատ արհեստական ֆիլմի համար։ Ֆիլմն ունեցավ կոմերցիոն մեծ հաջողություն՝ ողջ աշխարհում հավաքելով մոտավորապես 757 միլիոն դոլար և դառնալով 2012 թվականի ութերորդ ամենաշահութաբեր ֆիլմը և պատմության մեջ ամենաշատ շահույթ հավաքած վերարձակումը։ Ֆիլմի սիկվելը՝ «Անհավանական Սարդ-մարդը 2»-ը, լույս տեսավ 2014 թվականի մայիսի 2-ին։ Ֆիլմում նկարահանվել են Մարկ Ուեբն ու առաջին ֆիլմի դերասանների մեծամասնությունը, որոնք վերադարձել են իրենց դերերով։