Աշխատաշուկա
From Wikipedia, the free encyclopedia
Աշխատաշուկա (աշխատանքային շուկա), տնտեսական և սոցիալական բարդ ենթահամակարգ։ Աշխատաշուկայի վերաբերյալ հիմնական մոտեցումները ելնում են աշխատուժի առաջարկի և պահանջարկի շարժի գնահատությունից, առկա ազատ աշխատատեղերի և աշխատանք փնտրող անձանց թվաքանակի հարաբերությունից։ Գործազուրկների մասին տվյալները դիտարկվում են որպես աշխատաշուկայի հատկանիշ։ Որոշ մոտեցումներում ընդգծվում են լրիվ զբաղվածության անհրաժեշտությունը և ժամանակավորապես աշխատանքից դուրս մնացած անձանց՝ աշխատանքի, սոցիալական պաշտպանվածության սահմանադրական իրավունքի ապահովումը։ Աշխատաշուկայի ներգործությունն արտադրական ակտիվության և աշխատանքի որակի վրա սպասվում է միայն զբաղվածների վրա գործազուրկների «ճնշման միջոցով»։
Աշխատանքի շուկան՝ դա աշխատանքի առաջարկի և պահանջարկի շուկայական հարաբերությունների համակարգն է, որի միջոցով կարգավորվում են գործատուների և աշխատողների աշխատանքային հարաբերությունները, կապված աշխատանքի տեղավորման, զբաղվածության, աշխատանքի վարձատվության, աշխատանքային պայմանների և այլ աշխատանքային խնդիրների հետ։ «Աշխատանքի շուկա» հասկացությունն առաջին անգամ կիրառվել է Կարլ Մարքսի կողմից «Կապիտալ» աշխատության մեջ և բնորոշվել, որպես ապրանքային շուկայի հատուկ ստորաբաժանում։ Սակայն տնտեսագիտության մեջ կան իրարամերժ տեսակներ «աշխատանքի շուկա» կամ «աշխատուժի շուկա» հասկացությունների վերաբերյալ։ Աշխատանքի շուկայի տեսության զարգացման գործում խոշոր ներդրում կատարած դասական տնտեսության և արժեքի աշխատանքային տնտեսության հիմնադիրները Ադամ Սմիթը և Դավիթ Ռիկարդոն դեռևս 18-19-րդ դարերում հիմնավորեցին այն գաղափարը, որ աշխատանքը հանդիսանում է ապրանք կամ առուվաճառքի առարկա։ Սակայն հետագայում Կարլ Մարքսը ապացուցեց, որ աշխատանքը չի կարող ապրանք հանդիսանալ, քանի որ շուկայում իրացվում է ոչ թե աշխատանքը, այլ աշխատանքի ունակությունը կամ աշխատուժը, որի կրողն է վարձու աշխատողը։ Դեռևս 1919 թվականին Վերսալում ընդունված Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության համաձայն աշխատանքը ապրանք չի հանդիսանում։ Սակայն արևմտյան տնտեսագիտական գրականության մեջ, ինչպես նաև ԱՊՀ երկրներում լայնորեն կիրառվում է «աշխատուժի շուկա» հասկացությունը, որի տակ հասկացվում է և′ աշխատուժի շուկա, և աշխատատեղերի շուկան։ Աշխատանքի շուկայի գործունեությունը սերտորեն կապված է այլ շուկաների գործունեության հետ, այդ թվում կապիտալի և հողի, որտեղ ընկերությունները ձեռք են բերում անհրաժեշտ ռեսուրսները, ու ապրանքային շուկայի հետ, որտեղ իրացվում են ապրանքներն ու ծառայությունները։