Առաջարկ
From Wikipedia, the free encyclopedia
Առաջարկ, ապրանքների ու ծառայությունների քանակություն, որն արտադրողները ցանկանում են և կարող են արտադրել և առաջարկել վաճառքի որոշակի ժամանակահատվածում՝ հնարավոր գներից յուրաքանչյուրի դեպքում։ Առաջարկը պահանջարկի ապահովման անհրաժեշտ պայմանն է, որը գոյություն ունի նյութական բարիքների ու ծառայությունների որոշակի քանակության ձևով։ Այն շուկայում դրսևորվում է իբրև վաճառողի (արտադրողի) կողմից իր ապրանքները շուկայական գներով իրացնելու հնարավորություն և ցանկություն։ Քանակապես առաջարկը կարող է բնութագրվել ապրանքների ու ծառայությունների այն ծավալով, որը վաճառողն ընդունակ է և կարող է ներկայացնել շուկա՝ իր արտադրական կարողություններին համապատասխան և իրացնել դրանք որոշակի գներով։ Առաջարկի ծավալը կախված է գնային և ոչ գնային գործոններից[1]։