From Wikipedia, the free encyclopedia
Աստծո գառ (հուն․՝ Ἀμνὸς τοῦ Θεοῦ, Amnòs toû Theoû; լատին․՝ Agnus Deī), Հովհաննեսի ավետարանում հանդիպող Հիսուսին տրված անուն։ Օգտագործվել է Հովհաննես 1։29 հատվածում, երբ Հովհաննես Մկրտիչը տեսնում է Հիսուսին և բացականչում․ «Ահա Աստծո գառը, որը վերցնելու է աշխարհի մեղքը»[1]։ Հանդիպում է նաև Հովհաննես 1։36 հատվածում։
Քրիստոնեական վարդապետության համաձայն՝ Որդի Աստվածը նախընտրել է խաչվել Գողգոթայում՝ ի նշան հնազանդության Հայր Աստծո կամքին, որպես «Աստծո ներկայացուցիչ ու ծառա», որն իր վրա է վերցրել աշխարհի մեղքերը[2][3]։ Քրիստոնեական աստվածաբանության մեջ «Աստծո գառը» համարվում է քրիստոնեության ուղերձի հիմնարար և անբաժանելի մասը[4][5]։
Հայտնություն Հովհաննեսի գրքում մի քանի անգամ հանդիպում է մորթվելուց հետո կենդանացող առյուծանման մի գառ, որը հաղթանակ է բերում[6]։ Դրա մասին նշվել է նաև Նոր Կտակարանի «Կորնթացիներ» հատվածում, երբ Պողոս առաքյալը Հիսուսի մահվան մասին խոսելիս օգտագործում է Հովհաննես առաքյալի գրվածքներում նշված խոսքերը[7]։ Գառան փոխաբերությունը համապատասխանում է 23-րդ սաղմոսին, որտեղ Աստված նկարագրվում է որպես իր հոտին (մարդկությանը) առաջնորդող հովիվ։
«Աստծո գառը» լայնորեն օգտագործվում է քրիստոնեական աղոթքներում։ Լատիներեն Agnus Dei արտահայտությունն ու դրա թարգմանությունները կաթոլիկ պատարագի, ինչպես նաև Անգլիկան և Լյութերական եկեղեցիների դասական պատարագների ստանդարտ մասն են կազմում։ Այն նաև օգտագործվում է պատարագային երգեցողության ընթացքում ու որպես աղոթքի ձև[8][9]։
«Աստծո գառը» սկսել են պատկերել Միջին դարերում՝ որպես լուսապսակով կանգնած գառ, որի առջևի ոտքը ծալված է ու պահում է սպիտակ ֆոնին պատկերված կարմիր խաչով դրոշ, թեև կիրառվել են պատկերման շատ այլ տարբերակներ։
Քրիստոսին վերագրվող «Աստծո գառ» արտահայտությունն առաջին անգամ օգտագործվել է Հովհաննեսի ավետարանում հետևյալ բացականչության մեջ․ «Ահա Աստծո գառը, որը վերցնելու է աշխարհի մեղքը»[1]։ Արտահայտության երկրորդ կիրառությունը հանդիպում է Հիսուսին առաջին երկու առաքյալներին ներկայացնելիս, որոնք անմիջապես հետևում են նրան ու վերջինիս դիմում «Ռաբբի» և հետագայում մյուսներին ներկայացնում նրան[10]։
Որպես «Աստծո գառ» Քրիստոսի մասին այս երկու պնդումները, նրա մասին ուսմունքից ելնելով, ինչպես նաև Սուրբ Հոգու՝ աղավնու կերպարանքով երկնքից իջնելը, լրացնում են մեկը մյուսին Քրիստոսի Անձի աստվածայնությունը հաստատելու հարցում[1]։ Հովհաննեսի ավետարանի «որը վերցնելու է աշխարհի մեղքը» բացականչությունից սկսվում է Հիսուսի զոհաբերական մահվամբ փրկության թեմայի ծավալումը, որին հաջորդում է նրա հարությունը[11][12]։
Հայտնություն Հովհաննեսի գրքում քսանինը անգամ նշված է առյուծանման գառան մասին («խոցված, բայց կանգուն»), որը հաղթանակ է բերում հարություն առած Քրիստոս հիշեցնող եղանակով[6]։ Գրքում գառան մասին առաջին հիշատակության մեջ միայն այդ գառն է (որը Հուդայի ցեղից է, սերում է Դավթից) արժանի համարվում Աստծուց դատաստանի մագաղաթը վերցնել և կոտրել կնիքները[6]։ Աստծո գառան մասին վկայություններն այն կապում են Աստծո յոթ հոգիների հետ և կապված են Հիսուսի հետ, որը դրանք պահում է յոթ աստղերի հետ միասին[13]։
Հայտնություն Հովհաննեսի 19:6-9 հատվածում ասվում է, որ գառը հարսանեկան խնջույք է անցկացնում և հարսնացուի մաքուր սպիտակ հագուստն է «սրբերի արդար գործերը»[14]։ Հրեական օրենքով հարսանեկան խնջույքը հրեական հարսանիքից հետո պարտադիր ճաշկերույթ է[15]։ Ըստ հրեական էսխատոլոգիայի՝ Մեսիան խնջույք է կազմակերպելու ամեն ազգի արժանավորների հետ, որտեղ նա և իր հյուրերը համտեսելու են լեվիաթանի միսը[16]։ Գառան կամ Մեսիայի հարսնացուի ինքնությունը հայտնի չէ, բայց եկեղեցին համարվում է Քրիստոսի մարմինը[17][18]։
Հայտնությունում ասվում է, որ գառն ունի տասներկու առաքյալ[6]։ Մագաղաթի (այսինքն՝ գիրք, որը պարունակում է նրանց անունները, ովքեր փրկվելու են) հանձնումը հարություն առած գառին ամրագրում է գառան դերի փոփոխությունը։ Գողգոթայում Հոր կամքին ենթարկվող զոհաբերվող գառին այժմ վստահվում է մարդկության դատաստանը[19]։
Հայտնության գիրքը ներկայացված է որպես «Հիսուս Քրիստոսի հայտնություն», որտեղ գառան՝ որպես փրկիչի և դատավորի դերը ներկայացնում է Քրիստոսի դերի երկակիությունը․ նա ինքնազոհության միջոցով փրկում է մարդուն, այդուհանդերձ դատաստանի օրը մարդուն կանչում պատասխան տալու[20]։
Զոհաբերվող գառան թեման, որը հաղթության մեջ հարություն է առնում, որպես հարություն առած Քրիստոս, օգտագործվել է վաղ շրջանի քրիստոլոգիայում։
11-րդ դարի սուրբ Անսելմ Քենթրբերցու քրիստոլոգիան հստակորեն տարանջատում է «Աստծո գառը» Հին Կտակարանի քավության նոխազից, որը պատժվելու էր այլոց մեղքերի համար՝ առանց այդ մասին իմանալու[2]։ Անսլեմը նշե է, որ սրպես «Աստծո գառ» Հիսուսն ընտրել է տառապանքը Գողգոթյում, որպես Հոր կամքին լիակատար հնազանդության նշան[2]։
Ժան Կալվինը համամիտ էր այս նույն տեսակետի հետ պնդելով, որ Պիղատոսի դատաստանի ժամանակ և Հերովդեսի արքունիքում Հիսուսը կարող էր պնդել իր անմեղությունը, սակայն դրա փոխարեն մեծի մասամբ լուռ է մնացել ու ենթարկվել խաչելության՝ ի հնազանդություն իր Հոր կամքի, քանի որ նա գիտեր «Աստծո գառան» իր դերի մասին[21][22]։
Ժամանկակից արևելյան ուղղափառ քրիստոլոգիայում Սերգեյ Բուլգակովը պնդել է, որ Հիսուսի՝ «Աստծո գառան» դերը նախասահմանված է եղել Հայր Աստծո կողմից, նախքան ածխարհի ստեղծումը[23]։
Առաջարկվել են նաև բազմաթիվ վարկածներ «Աստծո գառան» հարմար սիմվոլիզմի մասին[24]։ Տեսակետներից մեկն առաջարկել է Ղևտականի քավության նոխազի սիմվոլիզմը[24][25], սակայն սուրբ Անսելմի ու Կալվինի տեսակետները մերժել են այդ գաղափարը։ Նրանց կարծիքով Հիսուսը գիտակցաբար է զոհաբերվում, ի տարբերություն քավության նոխազի[2][21][22]։
Ժամանակակից ռոմանական կաթոլիկ քրիստոլոգիայում Կառլ Ռահները շարունակել է զարգացնել այն տեսակետը, որ «Աստծո գառան» արյունը և Գողգոթայում Քրիստոսի կողից հոսող ջուրն ունեցել են մաքրող ազդեցություն, որը նման էր մկրտության ջրին։ Այս անալոգիայում գառան արյունը լվացել է մարդկության մեղքերը նոր մկրտությամբ, հատուցելով դրա համար Ադամի անկումից ի վեր[26]։
Համարվում է, որ արտահայտությունը պատարագ է ներմուծել Հռոմի պապ Սերխիուս I-ը (687–701)[27]։
Agnus Dei արտահայտությունը երաժշտության մեջ օգտագործել են բազմաթիվ երգահաններ, գլխավորապես պատարագային երաժշտության մեջ[28][29]։
Քրիստոնեական սրբապատկերագրության մեջ «Աստծո գառը» Միջին դարերից սկսած Հիսուսի ներկայացումն է որպես գառան, որը սովորաբար բռնած է լինում դրոշակ կամ խաչ։ Հաճախ խաչը պատկերված է լինում սպիտակ ֆոնի վրա (Սուրբ Գևորգի խաչի նման), թեև խաչը կարող է պատկերված լինել տարբեր գույներով։ Երբեմն գառը պատկերված է լինում գրքի վրա պառկած, որից կախված են յոթ կնիքները։ Երբեմն գառը պատկերված է լինում սրտի մոտից արյունահոսելիս, որը խորհրդանշում է Հիսուսի արյուն հեղելը՝ աշխարհի մեղքերը վերցնելու համար։
Վաղ քրիստոնեական արվեստում խորհրդանշանը շատ շուտ է հայտնվել։ Եկեղեցիների մի շարք խճանկարներում պատկերված է այն, որոշ դեպքերում երևում են տասներկու ոչխար, որոնք խորհրդանշում են առաքյալներին, ինչպես օրինակ՝ Հռոմի Կոսմայի և Դամիանոյի բազիլիկում (526–30)։
Մորավիական եկեղեցին «Աստծո գառը» օգտագործել է որպես կնիք, որի շուրջը փորագրված էին Vicit agnus noster, eum sequamur («Մեր գառը նվաճել է, եկեք հետևենք նրան») բառերը։
Թեև Հիսուսի՝ որպես «Աստծո գառան» պատկերումն ունի հնագույն ծագում, այն չի օգտագործվում Արևելյան Ուղղափառ եկեղեցու պատարագային պատկերագրության մեջ։
«Աստծո գառը» պատկերվել է նաև զինանշանների վրա[30], հաճախ կանգնած վիճակում, դեմքով դեպի դիտողից ձախ, լուսապսակով, աջ ոտքով վրան փոքրիկ խաչ պատկերված դրոշի ձողը բռնած, որը հանգրվանել է ուսի վրա՝ անկյունագծային անկյան տակ։
Հռոմի կաթոլիկ եկեղեցում Agnus Dei -ը մոմից պատրաստված սկավառակ է, որի վրա պատկերված է Հիսուսը՝ գառան պատկերով, խաչը բռնած, որն օրհնվում է Հռոմի պապի կողմից, որպես սակրամենտ (հաղորդություն)[31]։ Սրանք հաճախ դրվել են զարդերի մեջ և կրել վզի շուրջը շղթայով կամ որպես կրծքազարդ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.