Ավստրիայի արտաքին քաղաքականություն
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրիայի արտաքին քաղաքականություն, Ավստրիայի Հանրապետության վարած քաղաքականությունը այլ պետությունների հետ։ 1955 թվականի Ավստրիայի անկախության հռչակագիրը վերջ դրեց չորս ուժերի օկուպացիային և Ավստրիան ճանաչեց որպես անկախ և ինքնիշխան պետություն։ 1955 թվականի հոկտեմբերին դաշնային ժողովն ընդունեց սահմանադրական նախագիծ, որով «Ավստրիան հայտարարվում է ազատ պետություն՝ պահպանելով չեզոքությունը»։ Այս օրենքի երկրորդ մասը նշում է, որ «ապագայում Ավստրիան չի անդամակցի որևէ ռազմական դաշինքի և չի թույլատրում իր տարածքում ստեղծել օտարերկրյա ռազմակայաններ»։ Հենց այս ժամանակից ի վեր Ավստրիայի արտաքին քաղաքականությունը ձևավորվել է չեզոքության գաղափարախոսության հիման վրա։ Վերջին տարիներին, սակայն, Ավստրիան սկսեց հակասել չեզոքության սահմանմանը՝ մասնակցելով 1991 թվականին Իրաքի նկատմամբ ՄԱԿ-ի կողմից կատարված ռազմական գործողություններին։ Արդյունքում՝ 1995 թվականին Ավստրիան դարձավ Եվրոպական Միության զարգացող անվտանգության կազմակերպության անդամ։ Նույն տարում երկիրը միանում է նաև «Գործընկերություն հանուն խաղաղության» նախագծին՝ հետագայում մասնակցելով Բոսնիայի խաղաղապահ առաքելություններին։ Ավստրիայի հնարավոր անդամակցության քննարկումներն ակտիվացել են 1996 թվականին։ Նույն ժամանակահատվածում բանակցությունների շրջափուլ են մտնում նաև Ավստրիա-ՆԱՏՕ հարաբերությունները։ Այնուամենայնիվ, Ավստրիայի բնակչության մեծամասնությունը, ընդհանուր առմամբ, պաշտպանում է երկրի որդեգրած դիրքորոշումը։ 2000 թվականի փետրվարին Ավստրիայի Հանրապետության արտաքին հարաբերությունները սառեցվեցին։ Դա պայմանավորված էր 1999 թվականի ընտրություններից հետո ÖVP-ի և FPÖ-ի կազմած կոալիցիայի հաղթանակով։ Կարճ ժամանակ անց Եվրոպայի երկրները դիվանագիտական պատժամիջոցներ են կիրառել Ավստրիայի նկատմամբ, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները Վիեննայից ետ է կանչել իր դեսպանին։ Դիվանագիտական ճգնաժամն ավարտվել է 2000 թվականի սեպտեմբերին։ Երկու ամիս անց՝ նոյեմբերին, Ավստրիայի և ԱՄՆ-ի միջև վերստին հաստատվեցին դիվանագիտական հարաբերությունները։
Ավստրիական կառավարությունը շեշտում է, որ Ավստրիան կատարում է հանգույցի դեր արևելքի և արևմուտքի երկրների միջև՝ դառնալով կապող օղակ արդյունաբերական և զարգացող երկրների մոդերատոր։ Ավստրիան ակտիվորեն գործունեություն է ծավալում ՄԱԿ-ում՝ մասնակցելով վերջինիս նախաձեռնությամբ իրականացվող խաղաղապահ առաքելություններին։ Երկիրը կարևորում է տնտեսական և նոր տեխնոլոգիական ոլորտի ներեվրոպական և միջազգային համագործակցությունները՝ կարևորելով Ավստրիայի դերը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մեջ։
Պաշտոնական Վիեննան ընդունում է Միջուկային էներգիայի միջազգային գործակալության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի թմրանյութերի վերահսկման ծրագրերն ու նախաձեռնությունները։ Բացի տվյալ ասպարեզներից՝ Ավստրիան անդամակցում է նաև նավթ արտահանող երկրների կազմակերպությանը, Միջազգային տնտեսական համագործակցությանը և կիրառական համակարգերի վերլուծության միջազգային ինստիտուտին։ Վերջերս Վիեննան ավելացվեց «ընդհանուր փորձարկման արգելքի մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ցանկին։
Ավստրիայի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ վերջինս պահպանում է ջերմ հարաբերությունները ինչպես արևմուտքի և Միացյալ Նահանգների, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության, արևելյան Եվրոպայի և հետխորհրդային երկրների հետ։