Արցախի Թագավորություն, միջնադարյան հայկական պետություն, որն ընդգրկում էր Խաչենի, Գարդմանի և Գեղարքունիքի իշխանությունները։ Արցախի թագավորական տոհմը Սյունիների մի ճյուղն էր կազմում և կոչվում էր Խաչենի իշխանական տոհմ։ Արցախի թագավորությունը ստեղծվեց այն ժամանակ, երբ Խաչենի իշխան Հովհաննես Սենեքերիմը 1000 թվականին յուրացրեց միապետական տիտղոսը և նրա իշխանությունը ճանաչվեց Բյուզանդիայի և Պարսկաստանի կողմից։ Արցախի թագավորությունը ուշ միջնադարում Արևելյան Հայաստանի հայկական պետականության վերջին բեկորն էր ու թեև այն վերացավ 1261 թվականին Արղուն խանի կողմից Արցախի թագավոր Ջալալ Ա-ի սպանությամբ, Արցախ-Խաչենի պայազատները շարունակեցին իշխել Արցախում մինչև 19-րդ դարի սկիզբ։ Արցախի իշխաններից են սերված Ղարաբաղի մելիքությունները և 20-րդ դարում հայկական ազնվականության զգալի մասը։ Հայոց պատմության այնպիսի դեմքեր, ինչպիսին են Իսրայել Օրին՝ 17-րդ դարում հայ ազգային ազատագրական շարժման հիմնադիրը, և Խաչատուր Աբովյանը՝ արդի արևելահայերեն գրական լեզի հիմնադիրը, սերված են եղել Արցախի թագավորներից։