Բագնայրի վանք
From Wikipedia, the free encyclopedia
Բագնայր հայկական վանքի ավերակները գտնվում են Անիից մի քանի մղոն արևմուտք՝ Ալա լեռան կողմերում, Քազլուջա անունով մի քրդական գյուղում։ Բագնայր նշանակում է բագինի քարայր. այս իմաստից կարելի է ենթադրել, թե հավանաբար այնտեղ գտնվել է ավելի հին զրադաշտական մի տաճար։ Վանքի անցյալին վերաբերող տարեթվեր են հանդիպում հայկական միջնադարյան գրական աղբյուրներում։ 11-րդ դարի պատմաբան Ստեփանոս Ասողիկը պատմում է, որ վանքը կառուցել է տվել Վահրամ Պահլավունին 989 թ.։ Մինչև 1040-ական թթ. վանքը եղել է նշանավոր կրոնական կենտրոն և մինչև 13-րդ դար շարունակել է մնալ Պահլավունիների ու վերջիններիս վասալների հովանու տակ։ Կառույցի արձանագրությունները նշում են, որ մատուռներից մեկը կառուցվել է 1145 թ., մյուսը՝ 1200-ին, մեկ ուրիշն էլ՝ 1223 կամ 1229 թ.։ Ամենանոր արձանագրությունները մնացել են 13–րդ դարի երկրորդ կեսից։ Վանքը ենթադրաբար լքվել է, երբ 13-րդ դարում անցել է տարածաշրջանի քոչվոր թյուրքական ցեղերի ձեռքը։ 19-րդ դարում դատարկ վանքը քոչվորների համար ծառայում էր որպես ամառանոց։ Նույն դարի վերջին վանքը համեմատաբար լավ էր պահպանված ու գտնվում էր լավ վիճակում։ Դրանից հետո այն ավերածությանը, որին ենթարկվեց վանքը, դժբախտաբար Թուրքիայում գտնվող բազմաթիվ հայկական հուշարձանների գլխին եկած օրինակներից մեկն էր։ Ջ. Մ. Թիերրիի 1983 թ. աշխատության մեջ գլխավոր վանական համալիրի ներքոհիշյալ նախագիծը մշակվել է 1960-ական թթ. ավերակներից և հին լուսանկարներից արված մոդելից (այն ժամանակ այսօրվա հետ համեմատած լավ վիճակում էր գտնվում)։
Բագնայրի վանք | |
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | Այրարատ, |
Աշխարհ | Այրարատ |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կիսավեր |
Ակտիվ է | Ոչ |
Ճարտարապ. տիպ | Գմբեթակիր սրահ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 10-րդ դար |
40°45′50″ հս․ լ. 43°43′32″ ավ. ե.HGЯOL |
Ենթադրվում է, թե որպես Ս. Աստվածածին հայտնի գլխավոր եկեղեցին հիմնվել է Վահրամի որդու՝ արքայազն Սմբատ Մագիստրոս Պահլավունու կողմից։
Այն կառուցված է եղել ուղղանկյուն գմբեթավոր գավթի ձևով, այսինքն՝ ունեցել է վերևը երեք առանձին մասի բաժանված գմբեթավոր կենտրոնական տարածք։ Պատերի վրա գտնվող ամենահին արձանագրությունն արվել է 1042 թ.։ Ճակատը գտնվել է ներսից և դրսից գնդաձև ու կիսագնդաձև կամարներով հենված առագաստների վրա։ Այն ամենը, ինչ մեր օրեր է հասել այս եկեղեցուց, բաղկացած է գրեթե միայն արևմտյան պատի մասերից։
Եկեղեցու մուտքը կառուցված է եղել արևմտյան կողմում գտնվող ժամատնից, որը մի մեծ արտաքին սրահ էր։ Ժամատունը, որն ուներ քառակուսի ձևով նախագիծ և եկեղեցուց ավելի մեծ էր, հավանաբար կառուցվել է 12-րդ դարի վերջին (գտնվել է 1201 թ. մի արձանագրություն)։ Եթե 1870-ական թթ. գրեթե վնասված չի եղել, ապա ներկայում պահպանվել է միայն արևելյան և հյուսիսային պատերի ու տանիքի մի փոքր մասը։
Ժամատան ներսում չորս անկախ (ինքնակա) և ութ գաղտնի սյուները պահում են ինը մասի բաժանված առաստաղը։ Միջին հատվածի տանիքը եղել է բրգաձև, փորագրված է եղել շթաքարե եզրերով, իսկ գագաթին ունեցել է օվալաձև պատուհաններ։ Հավանական է, որ այն նման է եղել Էրզրումի Յաքութիյե մեդրեսեի (հոգևոր ուսումնական հաստատություն) քարե առաստաղին, որը պահպանվել է նաև այսօր։ Մայր եկեղեցու հարավարևելյան կողմի հարևանությամբ եղել են երկու փոքր մատուռներ։ 1960-ական թթ. ավերված վիճակում էին, իսկ այսօր լրիվ ոչնչացված են։ Հավանական է, որ մայր եկեղեցուն ամենամոտ մատուռը կառուցվել է 11-րդ դարի առաջին քառորդում։ 19-րդ դարում մատուռի ներսում գտնվել է մի գերեզման, որտեղ, ըստ տեղացիների պնդումների, թաղված է եղել սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Երկրորդ մատուռն ունեցել է 1145 թ. մի գրություն, որը հաղորդում էր, թե այն պատվիրել է կառուցել Ազիզ անունով մի կին՝ իր որդու՝ Գրիգորի հիշատակին։ Փաստորեն այս եկեղեցին այն քիչ թվով եկեղեցիներից մեկն է, որը կառուցվել է Հայաստանում սելջուկների տիրապետության ժամանակ։