Հայկական ճարտարապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Հայկական ճարտարապետություն, ճարտարապետական ոճ է, որ ստեղծվել և օգտագործվում է հայ ժողովրդի կողմից Հայկական լեռնաշխարհում և նրա սահմաններից դուրս[1]։
Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով։
Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա։ Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները։ Հայրենի (Թորոս Թորամանյան և ուրիշներ) և օտար (Ֆրեդերիկ Դյուբուա, Շառլ Դիհլ, Յոզեֆ Ստրժիգովսկի, Նիկողայոս Մառ և ուրիշներ) հեղինակներից շատերը նշել են հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը Արևմտյան Եվրոպայի ճարտարապետության վրա։ Հայկականն էլ իր հերթին ազդեցություն է կրել այլ երկրների ճարտարապետությունից, ինչպես մ. թ. ա. III դարում՝ հայկական հելլենիզմի շրջանում՝ Հին Հունաստանի ճարտարապետությունից. լավագույն օրինակը հունա-հռոմեական պերիպտեր տիպի Գառնիի տաճարն է (I դար)։
Հայկական ճարտարապետության հուշարձաններից Էջմիածնի եկեղեցիներն (Սուրբ Էջմիածին, Հռիփսիմե եկեղեցի, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ), Զվարթնոցը, Գեղարդավանքը, Հաղպատը, Սանահինը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»[2]։