From Wikipedia, the free encyclopedia
Բարբարա Ուոլթերս (անգլ.՝ Barbara Walters, սեպտեմբերի 25, 1929[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 30, 2022[5], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի հեռուստահաղորդավար, լրագրող և գրող։ Բարբարան եղել է «Today » առավոտյան շոուի, «The View» թոք-շոուի, «20/20» և «ABC Evening News» երեկոյան նորությունների հաղորդավարուհին, ինչպես նաև «World News»-ի թղթակիցը։
անգլ.՝ Barbara Walters | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ[4] |
Մահացել է | դեկտեմբերի 30, 2022[5] (93 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սարա Լուրենսի քոլեջ, Birch Wathen Lenox School?, Miami Beach Senior High School? և Ֆիլդսթոնի էթիկական-մշակութային դպրոց |
Երկեր | Today?, ABC World News Tonight?, 20/20? և The View? |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի, հաղորդավար և broadcast journalist |
Աշխատավայր | NBC և ABC News? |
Ամուսին | Merv Adelson?, Lee Guber? և Robert Henry Katz? |
Պարգևներ և մրցանակներ | |
Barbara Walters Վիքիպահեստում |
Նա 10 տարի շարունակ NBC- ի «Today» առավոտյան լրատվության հաղորդավարն է եղել, ինչն էլ նրան հանրաճանաչություն է բերել։ Այնուհետև 25 տարի հաղորդավարել է ABC հեռուստաալիքով հեռարձակվող «20/20» լրատվական ծրագիրը։ Իր գործունեության վերջին տարիներին նա եղել է սեփական «The View» հեռուստածրագրի հաղորդավարուհին, որի համար արժանացել է «Էմմի» հեռուստատեսային մրցանակի։ 2014 թվականի մայիսի 12-ին հայտարարել է մասնագիտական գործունեության ավարտի մասին։ Այնուամենայնիվ, 2015 թվականի նոյեմբերին «20/20» ծրագրում հարցազրույց է վերցրել հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփից և նրա ընտանիքից[9][9]։
Բարբարա Ուոլթերսը ծնվել է 1929 թվականին (չնայած հարցազրույցում ասել է, որ ծնվել է 1931 թվականին) Բոստոնում՝ Դենա Սելեցկայայի և Լուի Ուոլթերսի ընտանիքում[10][11][12]։ Նրա ծնողները հրեաներ են եղել՝ նախկին Ռուսաստանի կայսրությունից եկած փախստականների սերնդից[13][14]։ Ուոլթերսի հայրական պապը՝ Աբրահամ Իսահակ Ուորմուաթերը, ծնվել է Լոձիում (ներկայիս Լեհաստան) և արտագաղթել Միացյալ Թագավորություն՝ իր անունը փոխելով Աբրահամ Ուոլթերսի (ընտանիքի սկզբնական ազգանունը Ուարեմվասեր է եղել)[15]։
Ուոլթերսի հայրը՝ Լուն, ծնվել է 1896 թվականին Լոնդոնում և 1909 թվականի օգոստոսի 28-ին՝ հոր և երկու եղբայրների հետ տեղափոխվել է Նյու Յորք։ Նրա մայրը և չորս քույրերը ժամանել են 1910 թվականին[16]։ 1949 թվականին նրա հայրը հիմնադրել է Լատինական թաղամասի նյույորքյան տարբերակը։ Նա նաև աշխատել է Բրոդվեյում՝ որպես պրոդյուսեր, որտեղ 1943 թվականին նկարահանել է «Զիգֆելդի խենթությունները» ֆիլմը[17]։ Նրա հայրը նաև ուրախ ժամանցի ռեժիսոր է եղել Լաս Վեգասում գտնվող «Tropicana Las Vegas»-ում (Նևադա նահանգ), որտեղ կրկնօրինակել է Փարիզի «Folies Bergère» բեմական շոուն[18]։ 1944 թվականին Ուոլթերսի եղբայրը՝ Բարթոնը, մահացել է թոքաբորբից։ Ավագ քույրը՝ Ժակլինը, ծնվել է հոգեկան հիվանդությամբ և 1985 թվականին մահացել է ձվարանների քաղցկեղից[19]։
Ուոլթերսի հայրը շոու բիզնեսում գտնվելու ընթացքում մի քանի անգամ հարստացել է և սնանկացել։ Նա ամրագրման գործակալ է եղել, և ի տարբերություն քեռիների, որոնք զբաղվել են կոշկի և հագուստի արտադրությամբ՝ նրա աշխատանքը այդքան էլ անվտանգ չի եղել։ Ուոլթերսը հիշել է, թե ինչպես է հայրը նրան իր հետ տարել գիշերային ակումբի շոուի փորձերին, որը ինքն է բեմադրել։ Դերասանուհիները և պարողները աղմկել են Բարբարայի շուրջը և պտտել նրան՝ գլխապտույտ առաջացնելու աստիճանի[20]։
Ուոլթերսի խոսքերով՝ երիտասարդ ժամանակ հանրաճանաչ մարդկանցով շրջապատված լինելու շնորհիվ նա հետագայում այլևս չի լարվել նրանց առաջ ելույթ ունենալուց։ Երբ Ուոլթերսը երիտասարդ է եղել, հայրը կորցրել է իր գիշերային ակումբները և Սենթրալ Փարք Ուեսթում գտվող պենթհաուսը։ Ինչպես հիշել է Ուոլթերսը. «Նա տապալվեց։ Նա եկավ ապրելու Ֆլորիդայի մեր տանը, և այնուհետև կառավարությունը վերցրեց տունը, մեքենան և կահույքը»։ Իր մոր մասին նա ասել է. «Իմ մայրը, ինչպես իր ընկերները,պետք է ամուսնանար մի մարդու հետ, որը բժիշկ էր կամ զբաղվում էր հագուստ կարելով»[21]։
Ուոլթերսը հաճախել է Մասաչուսեթս նահանգի Բրուքլին քաղաքի Լոուրենսի պետական դպրոցը՝ մինչև հինգերորդ դասարանի կեսը։ 1939 թվականին ընտանիքով տեղափոխել են Մայամի-Բիչ, որտեղ նույնպես հաճախել է հանրակրթական դպրոց։ Հետո տեղափոխել են Նյու Յորք, որտեղ նա հաճախել է «Fieldston» էթիկական մշակույթի դպրոցը։ Այնուհետև նորից վերադարձել են Մայամի-Բիչ։ Հետագայում նա մեկնել է Նյու Յորք, որտեղ հաճախել է Բերչ-Վաթեն դպրոց, որն ավարտել է 1947 թվականին[22][23]։ 1951 թվականին նա Սառա Լոուրենս քոլեջում ստացել է անգլերենի բակալավրի կոչում և անմիջապես սկսել աշխատանք փնտրել Նյու Յորքում[24]։
Մոտ մեկ տարի աշխատել է փոքր գովազդային գործակալությունում, այնուհետև՝ NBC-ի Նյու Յորքյան ֆիլիալում՝ WNBT-TV֊ում (այժմ ՝ WNBC)՝ զբաղվելով գովազդով և մամլո հաղորդագրություններ գրելով։ Նա դարձել է 15-րոպեանոց մանկական «Հարցրեք տեսախցիկին» ծրագիրի պրոդյուսերը, որի ռեժիսորը 1953 թվականին Տուն Առլեջն է եղել։ Նա եղել է նաև հեռուստահաղորդավար Իգոր Կասինիի (Cholly Knickerbocker) պրոդյուսերը։ Այնուամենայնիվ, Բարբարան հեռացել է հեռուստատեսությունից, քանզի նրա պետը ստիպել է նրան ամուսնանալ իր հետ և ծեծկռտուքի է բռնվել այն տղամարդու հետ, որին սիրում էր Բարբարան։ Այնուհետև նա գնացել է WPIX, որտեղ դարձել է «Eloise McElhone Show»-ի պրոդյուսերը։ 1955 թվականին նա CBS-ում հեղինակել է «The Morning Show»-ն։
Ուոլթերսը չորս անգամ ամուսնացել է երեք տարբեր տղամարդկանց հետ։ Նրա առաջին ամուսինը եղել է Ռոբերտ Հենրի Կացը, որը բիզնեսմեն և ռազմածովային նավատորմի նախկին լեյտենանտ է եղել։ Նրանք ամուսնացել են 1955 թվականի հունիսի 20-ին՝ Նյու Յորքի Պլազա հյուրանոցում[25][26]։ Ամուսնությունը լուծարվել է 11 ամիս անց՝ 1957 թվականին[27][28]։
Նրա երկրորդ ամուսինը թատրոնի պրոդյուսեր և սեփականատեր Լի Հյուբերն է եղել։ Նրանք ամուսնացել են 1963 թվականի դեկտեմբերի 8-ին և ամուսնալուծվել 1976 թվականին։ Ունեցել են մեկ դուստր՝ Ժակլին Դենա Հյուբերը (ծնվել է 1968 թվականին, որդեգրվել է նույն թվականին)։
Նրա երրորդ ամուսինը՝ Մերվ Ադելսոնը, «Lorimar» հեռուստաընկերության գլխավոր տնօրենն է եղել։ Նրանք ամուսնացել են 1981 թվականին և ամուսնալուծվել 1984 թվականին։ Երկրորդ անգամ ամուսնացել են 1986 թվականին և բաժանվել 1992 թվականին։
Նա քոլեջում հանդիպել է փաստաբան Ռոյ Քոնիի հետ, որը նրան՝ Լի Հյուբերի հետ ամուսնության նախորդ գիշերը ամուսնության առաջարկություն է արել, սակայն մերժվել է[29]։ Նա Քոնին երախտապարտ է եղել Ժակլինին որդեգրելու հարցում աջակցելու համար[30]։ Իր ինքնակենսագրության մեջ Ուոլթերսը ասել է, որ ինքը երախտապարտ է Քոնին հորը ցուցաբերած իրավական աջակցության համար նույնպես։
Ինչպես պատմել է Ուոլթերսը՝ նրա հորը կալանքի հրաման են տվել՝ Նյու Յորքի դատարան չներկայանալու համար։ Նա չի կարողացել ժամանել Նյու Յորք, քանի որ ընտանիքը Լաս Վեգասում է եղել, իսկ Քոնին հաջողվել է հանել մեղադրանքը[31]։ 1986 թվականին Ուոլթերսը որպես վկա ցուցմունք է տվել Քոնին իրավաբանական մասնագիտությունից զրկելու համար[32]։
Ուոլթերսը 1970-ականներին[33] հանդիպել է ԱՄՆ ֆեդերալ պահուստային համակարգի ապագա նախագահ Ալան Գրինսպենի հետ, իսկ 1990-ականներին ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել ԱՄՆ սենատոր Ջոն Ուորների հետ։
Ինքնակենսագրության մեջ Ուոլթերսը պնդել է, որ 1970-ականներին նա կապ է ունեցել Մասաչուսեթս նահանգի այն ժամանակվա սենատոր, ամուսնացած Էդվարդ Բրուկի հետ։ Պարզ չէ, արդյոք Ուոլթերսն այդ ժամանակ ամուսնացած է եղել, թե ոչ։ Ուոլթերսը նշել է, որ նրանք դադարել են հանդիպել՝ իրենց գործունեությունը սկանդալից պաշտպանելու համար[34]։ 2007 թվականին նա հանդիպել է գեոնտոլոգ Ռոբերտ Նիլ Բաթլերի հետ, որը Պուլիցերյան մրցանակի դափնեկիր է եղել[35]։
Ուոլթերսը մտերիմ է եղել Թոմ Բրոքի, Վուդի Ալենի, Ջոան Ռիվերսի, ինչպես նաև «Fox News»-ի նախկին ղեկավար Ռոջեր Այլեսի (1960-ականների վերջից մինչև 2017 թվականի նրա մահը) հետ[36]։
2014 թվականին Ուոլթերսը հայտնվել է «Piers Morgan Live CNN» շոուում և հայտնել, որ մեծ թվով երեխաների բացակայությունը նրա ամենամեծ վիշտն է կյանքում[37][38]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.