From Wikipedia, the free encyclopedia
Բրոմանս (անգլ.՝ bro «եղբայր, բարեկամ» + romance «հարաբերություններ»), երկու կամ ավելի տղամարդկանց միջև նուրբ, ոչ սեռական բարեկամական հարաբերություններ[1]։ Դրանք բացառապես սերտ հոմոսոցիալական հարաբերություններ են, որոնք գերազանցում են սովորական տղամարդկային ընկերության հարաբերությունների մակարդակը[2][3], և աչքի են ընկնում հատկապես հուզական մտերմության բարձր մակարդակով[1][4]։
Այս հայեցակարգի ի հայտ գալը կապում են հասարակության աճող բացության և գենդերային ու սեռական սահմանափակումների վերանայման ընդհանուր միտման հետ[5]։
bromance բառը ծագում է անգլերեն bro (brother-ի խոսակցական տարբերակ - եղբայր) և romance (սիրավեպ, ռոմանտիկ հարաբերություններ) բառերից։ Եզրույթը հորինել է սքեյթբորդինգի մասին «Big Brother Magazine» ամսագրի խմբագիր Դեյվ Քարնին 1990-ական թվականներին։ Նա օգտագործել է այս բառը մի քանի դեպքերում՝ նկարագրելու միասին շատ ժամանակ անցկացրած սքեյթբորդիստների միջև ստեղծված հարաբերությունները[6]։
Բրոմանսի ժամանակակից հանգամանքները տարբերում են այն հոմոսոցիալական պրակտիկայի և պատմական ռոմանտիկ ընկերության այլ երևույթներից[7][8]։ Արիստոտելի դասական տրակտատը բարեկամության մասին, որը գրվել է մ.թ.ա. մոտ 300 թվականին, հաճախ համարվում է բրոմանսի նախատիպը․
Նրանք, ովքեր լավն են ցանկանում իրենց ընկերներին և ամեն ինչ անում են հանուն նրանց, իսկական ընկերներ են, որովհետև բոլորն էլ սիրում են ուրիշին այն բանի համար, որ նա կա, այլ ոչ թե պատահական հատկանիշների համար[9]։
Արևմուտքի պատմության մեծ մասում տղամարդկանց նախանձախնդիր ընկերության բազմաթիվ հայտնի օրինակներ կան, և այդպիսի հարաբերությունները նույնպես սովորական են եղել։ 19-րդ դարի վերջին ֆրեյդիզմի տարածումը և հոմոսեքսուալ հարաբերությունների մեջ կասկածվելու վախը հանգեցրել են նրան, որ հետերոսեքսուալները ձգտում էին խուսափել արտահայտված սիրո դրսևորումներից[7]։
Ընկերության և առնականության ոլորտի հետազոտողները պարզել են, որ 1970-ական թվականներին ֆեմինիստուհի մայրերի ընտանիքներում մեծացած տղամարդկանց վերջին սերունդներն էմոցիոնալ առումով ավելի բաց և արտահայտիչ են։ Բացի այդ, նրանք ավելի քիչ մտավախություն ունեն նույնասեռականության հետ կապված, ուստի իրենց ավելի կոմֆորտ են զգում՝ հետազոտելով այլ տղամարդկանց հետ խորը ընկերական հարաբերությունները[10][11]։ Ամերիկացի գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ «տղամարդկության ավանդական պատկերացումներից» հրաժարվելու միտումն առավել տարածված է անգլո-սաքսոնական ծագում ունեցող տղամարդկանց շրջանում և ամենաքիչը՝ Աֆրիկայից ներգաղթյալների շրջանում։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր վճռականորեն աջակցում են «տղամարդկության ավանդական պատկերացումներին», առավել հակված են ալեքսիթիմիային[12]։
Բրոմանսի վրա ազդող մեկ այլ գործոն է համարվում այն, որ տղամարդիկ սկսել են ամուսնանալ ավելի ուշ տարիքում։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ առաջին անգամ ամուսնացած տղամարդու միջին տարիքը 28 տարեկանն է՝ 1960 թվականի 23-ի համեմատությամբ։ Գիտնականները նաև պարզել են, որ բարձրագույն կրթություն ունեցող տղամարդիկ ամուսնությունից առաջ սպասում են, թե երբ կլրանա 30 տարին[11]։
Տղամարդկանց ընկերությունը հաճախ հիմնված է համատեղ գործունեության վրա՝ ներառյալ գեյմինգը, երաժշտական գործիքներ նվագելը, շոփինգը, ծխելը, խարույկի շուրջ զրույցները, ֆիլմերի դիտումը, ձկնորսությունը, տարբեր սպորտային միջոցառումները, մոլախաղերը, սպիրտային խմիչքների օգտագործումը և հոգեդելիկ նյութերի օգտագործումը։ Էմոցիաների փոխանակումը (որը կանանց ընկերության սովորական դրսևորում է) նույնպես կարելի է համարել համատեղ գործունեության տեսակ[13]։
Հայտնի մարդկանց զգալի մասը հարաբերություններ է ունեցել, որոնց դեպքում կիրառելի է բրոմանս հասկացությունը։
Բեն Աֆլեքը և Մեթ Դեյմոնը հաճախ համարվում են որպես «բրոմանսի ռահվիրաներ շոու բիզնեսի պատմության մեջ»[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.