From Wikipedia, the free encyclopedia
Գեորգ Ելինեկ (գերմ.՝ Georg Jellinek, հունիսի 16, 1851[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[4][5] - հունվարի 12, 1911[1][2][5][…], Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[4][5]), գերմանացի իրավաբան, իրավաբանական պոզիտիվիզմի ներկայացուցիչ։
Գեորգ Ելինեկը ծնվել է 1851 թվականի հունիսի 16-ին Լայպցիգում՝ Ադոլֆ Ելինեկի ընտանիքում, ով եղել է հայտնի քարոզիչ Վիեննայի հրեական համայնքում։
1867-1872 թվականներին Գեորգ Ելինեկը իրավունք, արվեստի պատմություն ու փիլիսոփայություն է սովորել Վիեննայի համալսարանում, ինչպես նաև Հայդելբերգի ու Լայպցիգի համալսարաններում։
1872 թվականին Գեորգ Ելինեկը Լայպցիգի համալսարանում պաշտպանել է դիսերտացիա «Die sozialethische Bedeutung von Recht, Unrecht und Strafe» («Իրավունքի, անարդարության ու պատժի սոցիալ-բարոյագիտական նշանակությունը») թեմայով՝ դառնալով փիլիսոփայական գիտությունների դոկտոր, իսկ 1874 թվականին Վիեննայում ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան։
Գեորգ Ելինեկը 1879 թվականին անցել է հաբիլիտացիայի գործընթացը՝ դառնալով Վիեննայի համալսարանի պրոֆեսոր։ Դրանից հետո նա Վիեննայի համալսարանում զբաղեցրել է փիլիսոփայական իրավունքի պրոֆեսորի պաշտոն, իսկ 1881 թվականին նշանակվել է պետական քննական հանձնաժողովի անդամ։ 1882 թվականին լույս է տեսել Գեորգ Ելինեկի հիմնարար աշխատությունը՝ «Die Lehre von den Staatenverbindungen» («Պետության ունիֆիկացման տեսություն»)։ Դրանից հետո նա դարձել է սահմանադրական իրավունքի ադյունկտ-պրոֆեսոր Վիեննայի համալսարանում։
1889 թվականին Գեորգ Ելինեկը թողնում է ակադեմիական ծառայությունը Ավստրո-Հունգարիայում և դարձել Շվեյցարիայի Բազելի համալսարանի պրոֆեսոր։
1891 թվականին նա տեղափոխվում է Գերմանիա և որպես սահմանադրական ու միջազգային իրավունքի պրոֆեսոր աշխատանքի անցել Հայդելբուրգի համալսարանում։
1900 թվականին լույս է տեսել Գեորգ Ելինեկի «Allgemeine Staatslehre» («Ընդհանուր ուսմունք պետության մասին») աշխատության առաջին հրատարակությունը, որ հայտնի է նաև «Das Recht des Modernen Staates» («Ժամանակակից պետության իրավունք») խորագրով։
Գեորգ Ելինեկը մահացել է 1911 թվականի հունվարի 12-ին Հայդելբերգում։
Գեորգ Ելինեկն ամուսնացած էր Կամիլա Ելինեկի (օրիորդական ազգանունը՝ Վերտհայմ, 1860-1940) հետ, ում Մարիաննա Վեբերը 1900 թվականին համոզել է միանալ կանանց իրավունքների համար պայքարող շարժմանը, և ով հայտնի է դարձել կանանց իրավաբանական օգնություն ցույց տալու ու քրեական օրենսգրքի բարեփոխման ուղղությամբ կատարված աշխատանքների շնորհիվ։
Նրանք ունեցել են վեց երեխա, որ ծնվել են 1884 և 1896 թվականների միջև։ Նրանցից երկուսը մահացել են մանուկ հասակում։ Ելինեի որդին՝ Վալտերը, և դուստրը՝ Դորան, նացիստների օրոք տեղավորվել են Տերեզիենշտադտի համակենտրոնացման ճամբարում, իսկ կրտսեր որդին՝ Օտտոն, տանջամահ է արվել Գեստապոյում 1943 թվականին։
Գեորգ Ելինեկը ոչ սուվերեն պետությունների մասին տեսության (անսահմանափակ, լիարժեք սուվերենության տեսություն, ֆեդերալիզմի ունիտար, ցենտրիստական տեսություն) հիմնադիրն է, որի համաձայն միասնական պետության ողջ տարածքում կարող է գոյություն ունենալ միայն մեկ սուվերենություն։ Պետությունը, որ մտնում է դաշնության կազմի մեջ կամ միացվում է կայսրությանը, թեև պահպանում է որոշակի ինքնիշխանություն, սակայն լիովին կորցնում է սուվերենությունը։
Նա առաջ է քաշել նաև պետության՝ իր իսկ հրապարակած իրավական նորմերի միջոցով ինքնասահմանափակման հայեցակարգը, որ բավականին առաջադիմական էր իր ժամանակի համար։
Գեորգ Ելինեկը պետությունը բնորոշել է որպես անհատների ամբողջական միասնություն, որ օժտված է իրավաբանական սուբյեկտի որակներով ու կամքով և իրավունքների կրող է[7]։ Նա կարծում էր, որ պետությունը պիտի ուսումնասիրել միաժամանակ և՛ որպես հասարակական հատուկ կազմավորում, և՛ որպես իրավական երևույթ։ Դրան համապատասխան՝ նրա ուսմունքն ուներ երկու կողմ՝ սոցիալական ու իրավական։ Այդ պատճառով էլ Ելինեկին հաճախ համարում են գերմանական իրավունքի սոցիոլոգիայի հիմնադիր։
Գեորգ Ելինեկի ամենահայտնի աշխատանքներից մեկը 1895 թվականին գրված էսսեն է Մարդու ու քաղաքացու իրավունքների հռչակագրի մասին, որում նա զարգացրել է մարդու իրավունքների մասին տեսության ունիվերսալության գաղափարը։ Ի հակադրություն Էմիլ Բուտմիի՝ Ելինեկը Մարդու ու քաղաքացու իրավունքների հռչակագիրը, ինչպես նաև Ֆրանսիական մեծ հեղափոխությունը համարում է XIX դարի քաղաքական պատմության շրջադարձային իրադարձություններ՝ դրանք դիտելով ոչ թե միայն Ֆրանսիայի պատմության շրջանակներում, այլ նմանեցնելով Անգլիայի ու ԱՄՆ-ի հեղափոխական գաղափարներին ու շարժումներին։
Ելիեկի՝ պետության ու իրավունքի մասին տեսությունը հայտնի էր ոչ միայն Գերմանիայում ու Ավստրո-Հունգարիայում, այլ նաև Ռուսական կայսրությունում ու Ճապոնիայում։ Ընդհանուր առմամբ այն իր ազդեցությունն է թողել XX դարի սկզբի համաշխարհային իրավաբանական գիտության վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.