Գերբնական (հեռուստասերիալ)
From Wikipedia, the free encyclopedia
Գերբնական (անգլ.՝ Supernatural), ամերիկյան մութ ֆենտեզի ժանրի հեռուստասերիալ, ստեղծված Էրիկ Կրիպկեի կողմից։ Այն առաջին անգամ հեռարձակվել է 2005 թվականի սեպտեմբերի 13-ին, The WB-ով և հետագայում դարձել է The CW-ի ծրագրի մաս, որն առաջացավ The WB և UPN հեռուստաալիքների ձուլումից հետո։ Սեմ և Դին Վինչեսթերների գլխավոր դերերը խաղացող Ջարեդ Փադելաքիի և Ջենսեն Էքլզի հետ միասին հեռուստասերիալը պատմում է երկու եղբայրների՝ չար ոգիներ որսացողների մասին, ովքեր ճանապարհորդում են ԱՄՆ-ում 1967 թվականի սև Chevrolet Impala-ով, հետախուզելով անբնական երևույթներ, որոնցից շատերը հիմնված են քաղաքային լեգենդերի և ֆոլկլորի վրա, ինչպես նաև պայքարում են չարքերի դեմ․ հրեշների, ուրվականների, դևերի և այլ գերբնական էակների դեմ։ Հեռուստասերիալն արտադրվում է Warner Bros. Television-ի կողմից, Wonderland Sound and Vision-ի հետ համատեղ։ Կրիպկեի հետ միասին, գործադիր պրոդյուսերներ եղել են Մակջին, Ռոբերտ Սինգերը, Ֆիլ Սգրիչչան, Սերա Գեմբլը, Ջերեմի Քարվերը, Ջոն Շիբանը, Բեն էդլունդը և Ադամ Գլասսը։ Նախկին գործադիր պրոդյուսեր և ռեժիսոր Քիմ Մեններսը մահացավ թոքի քաղցկեղից չորրորդ եթերաշրջանի արտադրության ժամանակ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գերբնական (այլ կիրառումներ)
Հեռուստասերիալը նկարահանվել է Վանկուվերում, Բրիտանական Կոլումբիա և շրջակա տարածքներում, իսկ սերիալի ստեղծումը տևել է ավելի քան 10 տարի, հաշվի առնելով, որ շոուն ստեղծող Էրիկ Կրիպկեն շատ տարիների ընթացքում մշակել է շոուի նախագիծը։ Pilot սերիան դիտել են մոտ 5,69 միլիոն մարդ, իսկ առաջին չորս սերիաների ռեյթինգները թույլ տվեցին The WB-ին ստեղծել ամբողջական եթերաշրջան։ Սկզբնապես Կրիպկեն պլանավորել էր ավարտել հեռուստասերիալը երեք եթերաշրջանով, բայց ավելի ուշ երկարացրեց այն մինչև հինգ եթերաշրջան։ Հինգերորդ եթերաշրջանն եզրափակեց սերիալի հիմնական սյուժեն, և Կրիպկեն թողեց ծրագրի շոուրանների պաշտոնը։ Հեռուստասերիալը շարունակվեց ևս մի քանի եթերաշրջանով նոր շոուրաններների հետ, ներառյալ Սերա Գեմբլը, Ջերեմի Քարվերը, Ռոբերտ Սինգերը և Էնդրյու Դեբբը։ Իր տասնմեկերորդ եթերաշրջանի հետ միասին, Գերբնականը դարձավ ամենաերկարատև ամերիկյան խաղարկային ֆենտեզի հեռուստասերիալը։ Հեռուստասերիալը վերսկսվեց 15-րդ և վերջին եթերաշրջանի համար, որը բաղկացած է 20 սերիաներից և որի պրեմիերան եղավ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին։ Հեռուստասերիալը եզրափակվեց 2020 թվականի նոյեմբերի 19-ին, ընդհանուր 327 սերիայով։
Հայաստանում հեռուստասերիալի առաջինից մինչ երրորդ եթերաշրջանները ցուցադրվել է Առաջին ալիքի եթերում 2008 թվականին։