Դասական լիբերալիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Դասական լիբերալիզմ (ազատականություն), քաղաքական մշակույթ և լիբերալիզմի ճյուղ, որը պաշտպանում է ազատ շուկան և պետության ենթակայությունից դուրս գործող տնտեսությունը, օրենքով սահմանված քաղաքացիական ազատությունները՝ հատուկ շեշտադրեlով անհատական ինքնավարությունը, սահմանափակ կառավարումը, տնտեսական, քաղաքական և խոսքի ազատությունը[1]։ Դասական լիբերալիզմը, ի տարբերություն լիբերալ մյուս ճյուղերի, ինչպիսին սոցիալական լիբերալիզմն է, ավելի բացասաբար է վերաբերվում սոցիալական քաղաքականությանը, հարկմանը և անհատների կյանքում պետության ներգրավվածությանը և քարոզում է ապականոնակարգում[2]։
Ենթակատեգորիա | ազատականություն |
---|
Մինչև Մեծ ճգնաժամը և սոցիալական լիբերալիզմի վերելքը, դասական լիբերալիզմը անվանվում էր տնտեսական լիբերալիզմ։ Հետագայում տերմինը կիրառվեց որպես ռետրոնիմ՝ ավելի վաղ 19-րդ դարի լիբերալիզմը սոցիալական լիբերալիզմից տարբերելու համար[3]։ Ժամանակակից չափանիշներով ԱՄՆ-ում պարզ լիբերալիզմը հաճախ նույնացվում է սոցիալական ազատականության, իսկ Եվրոպայում և Ավստրալիայում՝ դասական լիբերալիզմի հետ[4][5]։
Դասական լիբերալիզմը լիարժեք ծաղկում է ապրել 18-րդ դարի սկզբին, հիմնվելով այնսպիսի գաղափարների վրա, որոնք սկիզբ են առել առնվազն 16-րդ դարում իբերիական, անգլո-սաքսոնական և կենտրոնական եվրոպական համատեքստերում` հիմք հանդիսանալով ամերիկյան հեղափոխության և «Ամերիկյան նախագծի» համար[6][7][8]։ Նշանավոր ազատամտականների շարքին են պատկանում Ջոն Լոկը[9], Ժան-Բատիստ Սայը, Թոմաս Մալթուսը և Դեյվիդ Ռիկարդոն, որոնց գաղափարները նպաստել են դասական լիբերալիզմին։ Այն հիմնված էր դասական տնտեսագիտության, հատկապես՝ Ադամ Սմիթի «Ազգերի հարստությունը» առաջին գրքում առաջադրված տնտեսական գաղափարների վրա, ինչպես նաև բնական իրավունքի[10], սոցիալական առաջընթացի և ուտիլիտարիզմի[11] նկատմամբ հավատքի վրա։ Մեր ժամանակներում դասական լիբերալիզմի ամենահայտնի ջատագովներն են Ֆրիդրիխ Հայեկը, Միլթոն Ֆրիդմանը, Լյուդվիգ ֆոն Միզեսը, Թոմաս Սովելը, Ջորջ Սթիգլերը և Լարի Առնհարթը[12][13]:Այնուամենայնիվ, այլ գիտնականներ ևս հղում են կատարել այս ժամանակակից մտքերին որպես նեոկլասիկական լիբերալիզմ՝ դրանք տարբերելով 18-րդ դարի դասական լիբերալիզմից[14][15]։
Ամերիկյան քաղաքականության համատեքստում դասական լիբերալիզմը կարելի է բնութագրել որպես «ֆինանսապես պահպանողական» և «սոցիալապես լիբերալ/ազատ»[16]։ Բացի այդ, դասական լիբերալները հակված են մերժելու աջակողմյան թևի ավելի բարձր հանդուրժողականությունը տնտեսական պրոտեկցիոնիզմի նկատմամբ և ձախակողմյանների հակումը դեպի հավաքական խմբային իրավունքները՝ պայմանավորված դասական լիբերալիզմի անհատականության կենտրոնական սկզբունքով[17]։ Ավելին, Միացյալ Նահանգներում դասական լիբերալիզմը համարվում է սերտորեն կապված կամ հոմանիշ ամերիկյան լիբերտարիզմին[18][19]։