հայ օդաչու From Wikipedia, the free encyclopedia
Դմիտրի Ալեքսանդրի Աթբաշյան (1938, Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 3, 2020[1], Երևան, Հայաստան[2]), հայ օդաչու, Խորհրդային Միության վաստակավոր օդաչու, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր, Ավիացիայում և տիեզերագնացության մեջ մարդու խնդիրների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, Հայաստանի Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ, Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախկին նախագահ, Արցախի կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության նախկին պետ։
Դմիտրի Աթբաշյանը ծնվել է 1938 թվականին Սուխում քաղաքում։ 1958 թվականին ավարտել է Սասովո քաղաքի թռիչքային ուսումնարանը, ստացել ինքնաթիռի օդաչուի որակավորում[3], 1971 թվականին ավարտել է Կիևի քաղավիացիայի ինժեներների ինստիտուտը, ստացել ինքնաթիռների և շարժիչների շահագործման ինժեների որակավորում։ Մինչև 1971 թվականն աշխատել է Մագադանի մարզում, շարքային օդաչուից հասել է մինչև ավիացիոն ջոկատի հրամանատար։
1971-1987 թվականներին եղել է ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի նախարարության հայկական վարչության պետը[4]։ Դմիտրի Աթբաշյանի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ նախագծվել, կառուցվել և վերակառուցվել է 13 օդանավակայան[3]։
Դմիտրի Ատբաշյանն ավելի քան 17 տարի ղեկավարել է Հայաստանի քաղաքացիական ավիացիան, եղել է փոքր ավիացիայի զարգացման կողմնակից և երկրի տարբեր հեռավոր շրջաններում փոքր օդանավակայանների ստեղծման նախաձեռնող։ Ատբաշյանի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ Հայաստանում նախագծվել, կառուցվել կամ ամբողջությամբ վերակառուցվել են 13 օդանավակայաններ («Զվարթնոց», «Էրեբունի», «Գյումրի», «Սիսիան», «Կապան» և այլն)[5], ստեղծվել է ՅԱԿ-40, ՏՈՒ-134, Տու-154, ԻԼ-86 ինքնաթիռների և Մի-8 ուղղաթիռների շահագործման նյութատեխնիկական բազա, վերակառուցվել է Հայաստանի օդային տարածքը։ Եղել է «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ, ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետ[6]։
Ատբաշյանը ստեղծել է տեղական օդային գծերի ցանց, ակտիվորեն ներդրել է աերոնավիգացիայի, թռիչքների կառավարման և վերահսկողության ժամանակակից ավտոմատացված միջոցներ, ստեղծվել է ուսումնական բազա՝ համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմի պատրաստման և մասնագիտական պատրաստվածության պահպանման համար, կազմակերպվել է ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայում խոշորագույն «Արմավիա» նորոգման-շինարարական տրեստը, համալրվել են ազգային կադրերով բոլոր ծառայություններն ու ավիափոխադրումները։
1992 թվականին Աթբաշյանի կողմից կազմակերպվել և ղեկավարվել է Հայաստանում առաջին կոմերցիոն ավիաընկերությունը՝ «Երևան-Ավիա» ԲԲԸ-ը։ Ընկերությունն առաջին անգամ Հայաստանում շահագործել է «Իլ-76» տիպի ինքնաթիռներ։
1995-1998 թվականներին աշխատել է Ուկրաինայում։
2000-ական թվականներին Ատբաշյանի անմիջական ղեկավարությամբ Ստեփանակերտում նախագծվել և կառուցվել է նոր քաղաքացիական օդանավակայան, որի գործարկմանը Ատբաշյանն ականատես չի եղել։ 2009-2010 թվականներին եղել է Արցախի Հանրապետության վարչապետի խորհրդականը, իսկ 2010-2015 թվականներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղավիացիայի վարչության պետը։
Հեղինակ է «Ավիացիան Հայաստանում» և «Ավիացիան Ղարաբաղում» անտիպ գրքերի։
Ամուսնացած էր, ուներ 2 դուստր[3]։
Դմիտրի Ատբաշյանը մահացել է 2020 թվականի դեկտեմբերի 3-ին[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.