Դորոթի Դին
From Wikipedia, the free encyclopedia
Դորոթի Դին (անգլ.՝ Dorothy Dene, բեմական անուն, որով լայն ճանաչման է հասել Ադա Էլիս Պուլենը[2], անգլ.՝ Ada Alice Pullen, 1859, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 27, 1899(1899-12-27), Ուեսթ Քենսինգթոն, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3][4][5][6][7][8][9], կամ հունվարի 27), բրիտանացի բնորդուհի, որը կեցվածք է ընդունել շատ նկարիչների և լուսանկարչական արվեստի բազմաթիվ խոշոր ներկայացուցիչների համար, ինչպես նաև հայտնի է որպես դրամատիկական թատրոնի դերասանուհի։ Երիտասարդ տարիներին կեցվածք է ընդունել Ֆրեդերիկ Լեյթոնի, Էդվարդ Կոլի Բյորն Ջոնսի, Լուիզա Սթար Կանցիանիի, Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսի, Ջոն Էվերեթ Միլլեի, Վալենտին Պրինսեպի, Հերբերտ Գուստավ Շմալցի, Հենրի Հոլիդեյի համար։ Երկար ժամանակ մոտ հարաբերություններ է ունեցել խոշոր ակադեմիստ նկարիչ Ֆրեդերիկ Լեյթոնի հետ։ Ըստ արվեստաբանների ենթադրության՝ Դորոթի Դինը Ջորջ Բեռնարդ Շոուի «Պիգմալիոն» պիեսի կերպար Էլիզա Դուլիթլի նախատիպն է ծառայել[10]։ Մեծ Բրիտանիայի պետական գեղարվեստական հավաքածուի ֆոնդապահ Ֆիլիպ Մարտինը հաստատել է, որ Դորոթին ունեցել է յուրօրինակ կարգավիճակ՝ միակը լինելով, որն ուներ «Վիկտորյական դարաշրջանի հայտնի մերկ մոդել» ճանաչումը[8]։
Դորոթի Դին անգլ.՝ Dorothy Dene | |
---|---|
Ծնվել է | 1859 |
Ծննդավայր | Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 27, 1899(1899-12-27) |
Մահվան վայր | Ուեսթ Քենսինգթոն, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Կենսալ Գրին գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն[1] |
Մասնագիտություն | մոդել և բնորդ |
Ամուսին | Ֆրեդերիկ Լեյթոն |
Dorothy Dene Վիքիպահեստում |
Դորոթի Դինի ճակատագիրը հետաքրքրություն է առաջ բերել մի շարք խոշոր հրատարակչություններում, նրան է նվիրված 2001 թվականին Մեծ Բրիտանիայում լույս տեսած տեղեկագրքի մեծ բաժին, որը պարունակել է մոդելների կենսագրություններ[11]։ Բնորդուհու և բրիտանացի ակադեմիստ նկարիչ Ֆրեդերիկ Լեյթոնի հետ փոխհարաբերություններին են նվիրված նկարչի կենսագրության նշանակալի բաժիններ[12][13][14]։ Դորոթի Դինը դարձել է նիդերլանդացի գրող Աննա Ա. Ռոսի «Փոխնակ» վեպի գլխավոր հերոսուհին, գիրքը լույս է ընծայել Studio WoordenStorm հրատարակչությունը 2018 թվականին։ 2019 թվականին հրատարակվել է իսրայելցի լրագրողներ Էյլաթ Նեգևի և Յեհուդա Կորենի «Գեր Դինը» գիրքը, որը նվիրված է դերասանուհի մոդելին[15]։ Հեղինակները ներկայացրել են գիրքը Օքսֆորդի գրական փառատոնում։ Այն պատմում է Ֆրեդերիկ Լեյթոնի և նրա մոդելի հարաբերությունների մասին, ամուսնության հանդեպ նկարչի հայացքների և նրա ենթադրվող սեռական կողմնորոշման վերաբերյալ, ինչպես նաև դերասանուհու անհայտ հանգամանքներում մահվան մասին[16]։