From Wikipedia, the free encyclopedia
Զոյա Իվանովնա Վոսկրեսենսկայա (ամուսնու կողմից՝ Ռիբկինա, ապրիլի 15 (28), 1907 կամ ապրիլի 28, 1907[1], Ուզլովայա, Bogoroditsk Uyezd, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 8, 1992[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային հետախույզ և մանկագիր, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1968), գնդապետ, Տուլայի մարզի պատվավոր քաղաքացի[2]։
Զոյա Վոսկրեսենսկայա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15 (28), 1907 կամ ապրիլի 28, 1907[1] |
Ծննդավայր | Ուզլովայա, Bogoroditsk Uyezd, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 8, 1992[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | գրող, մանկագիր և թարգմանչուհի |
Ամուսին | Բորիս Ռիբկին |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Zoya Voskresenskaya Վիքիպահեստում |
Զոյա Վոսկրեսենսկայան ծնվել է 1907 թվականի ապրիլի 15-ին (28) Ուզլովայա (այժմ՝ Տուլայի մարզ) երկաթուղային կայարանի պետի օգնականի ընտանիքում, այլ տվյալներով՝ Ալեքսինում։ 14 տարեկանում աշխատել է որպես Սմոլենսկի գավառի ՀԱԿ-ի 42-րդ գումարտակի գրադարանավարուհի, 1923 թվականից՝ անչափահաս հանցագործների գաղութում քաղղեկ, 1928 թվականին աշխատանքի է անցել ՌԿԿ Զադնեպրովսկ-Սմոլենսկի շրջանային կոմիտեում։
1928 թվականին տեղափոխվել է Մոսկվա, 1929 թվականի օգոստոսից սկսել է աշխատել ՄՊՔՎ-ի արտաքին հետախուզության բաժնում։ ԽՄԿԿ (բ) անդամ է դարձել 1929 թվականից։ Հետախուզական աշխատանքների նպատակով նրա առաջին ուղևորությունը եղել է Հարբին, որտեղ հաշվառվել է որպես «Սոյուզնեֆտ» սինդիկատի քարտուղար, երկու տարի հաջողությամբ իրականացրել է պատասխանատու հետախուզական առաքելություններ Չին արևելյան երկաթուղու հետ կապված ամենասուր պայքարի ընթացքում։ 1932 թվականից ղեկավարել է Լենինգրադում ՄՊՔՎ-ի մշտական ներկայացուցչության արտաքին բաժինը։ Հետագայում հետախուզական աշխատանք է կատարել Լատվիայում, Գերմանիայում և Ավստրիայում։
1935-1939 թվականներին եղել է Ֆինլանդիայում ՆԳԺԿ հետախուզության ռեզիդենտի տեղակալ։ Պաշտոնապես կատարել է Հելսինկիում Ինտուրիստի ներկայացուցչության ղեկավարի պարտականությունները։ 1936 թվականին, քողարկվելով ռեզիդենտ հյուպատոսի պաշտոնի տակ (ավելի ուշ լիազոր ներկայացուցչության երկրորդ քարտուղար), Ֆինլանդիա է եկել Բորիս Արկադևիչ Ռիբկինը («Յարցեվ», «Կին»)։ Ի սկզբանե ռեզիդենտի ու նրա տեղակալի միջև գործնական հարաբերություններ չեն հաստատվել։ «Մենք վիճում էինք ամեն առիթով, հիշում է Զոյա Իվանովնան։ «Ես որոշեցի, որ մենք միասին չենք կարող աշխատել և խնդրեցի Կենտրոնին ինձ հետ կանչել»։ Ի պատասխան՝ հրահանգվել էր օգնել նոր ռեզիդենտին ծանոթանալու գործի էությանը, այնուհետև անդրադառնալ այդ հարցին։ Այնուամենայնիվ, հետ վերադառնալու կարիք չկար։ «Վեց ամիս անց մենք Կենտրոնից ամուսնանալու թույլտվություն խնդրեցինք…»
Հետագայում Վոսկրեսենսկայա-Ռիբկինան փոխվստահության կարգով շփվում էր Պավել Սուդոպլատովի հետ (ապագայում՝ գեներալ-լեյտենանտ, ՆԳԺԿ-ի հատուկ վարչության պետ)։ Նա վերադարձել է Մոսկվա Ֆինլանդիայի հետ պատերազմից անմիջապես առաջ և Պավել Ֆիտինի ղեկավարությամբ զբաղվել է հետախուզության վերլուծական աշխատանքով՝ դառնալով հետախուզության գլխավոր վերլուծաբաններից մեկը։ Նրա մոտ հավաքվեցին կարևոր տեղեկություններ, այդ թվում՝ հայտնի «Կարմիր կապելլայի» ներկայացուցիչներից, ինչպիսիք են՝ «Սերժանտը» (Հարրո Շուլցե-Բոյզեն) և «Կորսիկացին» (Արվիդ Հարնակ)։ 1940 թվականի աշնանից նա մասնակցել է հարցաքննություններին, իսկ Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո զբաղվել է Ալեքսանդր Նելիդովին չեզոք երկիր տեղափոխելու նախապատրաստման հարցով։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում զբաղվել է հետախուզադիվերսիոն խմբերի ընտրության, կազմակերպման ու նախապատրաստման և առաջնագիծ տեղափոխման հարցերով։
1941 թվականի վերջից մինչև 1944 թվականի մարտը գտնվել է Շվեդիայում՝ որպես խորհրդային դեսպանատան մամուլի քարտուղար, իսկ ամուսինն աշխատել է որպես դեսպանատան խորհրդական և ռեզիդենտ։ Շվեդիայում դեսպանը եղել է Ալեքսանդրա Կոլոնտայը, ով աշխատել է նրա հետ սերտ համագործակցությամբ։ Երկուսն էլ, յուրաքանչյուրն իր մասով, նպաստել են նրան, որ 1944 թվականի սեպտեմբերի 20-ին Ֆինլանդիան խզել է դաշինքը նացիստական Գերմանիայի հետ և զինադադար կնքել Խորհրդային Միության հետ։
Արտաքին հետախուզության կողմից կազմակերպվել է Շվեդիայի տարածքով գերմանական ռազմական բեռների տարանցման դիտարկում և արձանագրվել է Շվեդիայի ու Գերմանիայի միջև ծովով փոխադրվող բեռների բնույթը։ Շվեդիայի հյուսիսում՝ Ֆինլանդիայի հետ սահմանային գոտում, հետախուզական խումբը գրանցել է գերմանական ռազմական տեխնիկայի և զորամասերի տեղափոխումը Ֆինլանդիա։ Շվեդիայի հարավային նավահանգիստներում մեկ այլ հետախուզական խումբ վերահսկել է գերմանա-շվեդական փոխադարձ առաքումները։
Մոսկվա վերադառնալուց հետո նա կենտրոնական հետախուզական ապարատում զբաղվել է վերլուծական աշխատանքով, նշանակվել գերմանական բաժնի պետի պաշտոնում և օպերատիվ հանձնարարությամբ գործուղվել Բեռլին։ 1947 թվականի նոյեմբերի 27-ին Վոսկրեսենսկայա-Ռիբկինայի ամուսինը՝ գնդապետ Բորիս Ռիբկինը, զոհվել է Պրահայի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ, ծառայողական պարտականությունները կատարելիս։ 1953 թվականին Պ. Ա. Սուդոպլատովի ձերբակալությունից հետո նա հանդես է եկել նրա պաշտպանությամբ։ 1953 թվականին ազատվել է հետախուզությունից և թախանձագին խնդրել է իրեն թողնել պետական անվտանգության մարմիններում՝ ցանկացած պաշտոնում կենսաթոշակային տարիքի հասնելու համար։ 1955 թվականին նրան ուղարկել են Վորկուտլագ (ԳՈւԼԱԳ-ի ճամբարներից մեկը)՝ որպես հատուկ ստորաբաժանման ղեկավար, որտեղ նա ծառայել է մոտ երկու տարի։
1956 թվականին ԽՍՀՄ ՆԳՆ գնդապետի կոչումով անցել է կենսաթոշակի և զբաղվել գրական գործունեությամբ։ 1965 թվականին ընդունվել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Միայն 1962-1980 թվականներին նրա գրքերը տպագրվել են 21 միլիոն 642 հազար տպաքանակով։ Վոսկրեսենսկայայի արձակի զգալի մասը մանկական գրականությունն է, այդ թվում Վլադիմիր Լենինի մանկության և պատանեկության մասին գրքերը։ Որպես մանկագիր՝ առավելապես հայտնի է խորհրդային ընթերցողներին[3]։ Նա գրականության մեջ իրեն դրսևորել է որպես սուր քաղաքական ուղղվածություն ունեցող գրող և բարոյական հարցեր բարձրացնող արվեստագետ։ Նրա գրքերը դաստիարակում են հետաքրքրություն պատմության, նրա հերոսական և ողբերգական էջերի, իրական պատմական դեմքերի կերպարների նկատմամբ[4]։
Վոսկրեսենսկայայի հերոսների թվում են միջազգային կոմունիստական շարժման գործիչներ։ «Հյուպատոսը» (1981) պատմվածքը նվիրված է ֆինն կոմունիստ Տոյվո Անտիկայնենի ճակատագրին, «Պարասկեվա տատիկը» (1983) պատմվածքը նվիրված է Կոմինտերնի գլխավոր քարտուղար Գեորգի Դիմիտրովի հիշատակին[5]։
Ծանր հիվանդ լինելով՝ նա իմացել է, որ իրեն «գաղտնազերծել են»։ Քանի որ տարիների ընթացքում շատ բաներ դադարել են գաղտնի մնալ, նա որոշել է պատմել իր կյանքի որոշ դրվագների մասին՝ հաշվի առնելով Հայրենական մեծ պատերազմին անմիջապես նախորդող ժամանակաշրջանը, ինչպես նաև լուսաբանելով պատերազմի տարիներին իր աշխատանքի որոշ դրվագներ։ Նա գրել է․ «Հիմա ես կարող եմ ասել ճշմարտությունը։ Հետախույզի հուշերից» գիրքը (գիրքը հրատարակվել է «Օլմա-պրեսս» հրատարակչության կողմից 1992 թվականի դեկտեմբերին)։
Վոսկրեսենսկայան մահացել է 1992 թվականի հունվարի 8-ին, թաղվել է Մոսկվայում՝ Նովոդևիչևյան գերեզմանատանը։ Վոսկրեսենսկայան Իվան Չիչաևին համարել է իր «կնքահայրը» հետախուզության բնագավառում[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.