Լատվիա

From Wikipedia, the free encyclopedia

Լատվիա
Remove ads

Լատվիա (լատիշ․՝ Latvija), պաշտոնապես՝ Լատվիայի Հանրապետություն[5], պետություն Հյուսիսային Եվրոպայում, որն Էստոնիայի և Լիտվայի հետ միասին ձևավորում է Բալթյան երկրները։ Արևելքում սահմանակից է Ռուսաստանի Դաշնությանը, հարավ-արևելքում՝ Բելառուսին, իսկ արևմուտքում տարածվում է Լատվիայի ծովային սահմանը Շվեդիայի հետ։ Լատվիան զբաղեցնում է 64,589 կմ քառակուսի տարածք՝ շուրջ 1,9 միլիոն բնակչությամբ։ Երկրին բնութագրական են բարեխառն սեզոնային կլիմայական պայմանները[6]։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ռիգան է, որի պատմական կենտրոնը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Լատվիացիները կամ լատիշները պատկանում են բալթական էթնոլեզվաբանական խմբին և մեծապես խոսում են լատիշերեն լեզվով, որը հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող երկու բալթյան լեզուներից մեկն է։ Երկրի խոշորագույն ազգային փոքրամասնության համայնքը ձևավորում են ռուսները, որոնք կազմում են Հանրապետության բնակչության գրեթե մեկ քառորդը։

Արագ փաստեր Լատվիայի ՀանրապետությունLatvijas RepublikaLatvejas RepublikaLatvijas Republika, Լեզուներ ...

Դարեր շարունակված տևտոնական, շվեդական, լեհ-լիտվական և ռուսական տիրապետություններից հետո, որը գլխավորապես ուղեկցվել է բալթագերմանական արիստոկրատիայի կողմից երկրամասի կառավարմամբ, 1918 թվականի նոյեմբերի 18-ին՝ Առաջին աշխարհամարտի հետևանքով Գերմանական կայսրությունից մասնատման արդյունքում, ձևավորվել է Լատվիայի անկախ հանրապետությունը[2]։ 1934 թվականի պետական հեղաշրջման արդյունքում երկրում հաստատվել է Կարլիս Ուլմանիսի դիկտատուրան[7]։ Լատվիայի անկախությունը փաստացիորեն ընդհատվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբնամասում՝ Լատվիայի ԽՍՀՄ կազմ բռնի ընդգրկմամբ, որին հաջորդել է 1941 թվականի գերմանական ներխուժումն ու նացիստական Գերմանիայի կողմից երկրի ամբողջական բռնազավթումը։ Լատվիան վերջնականապես կորցրել է իր անկախությունը 1944 թվականին, երբ խորհրդային վերանվաճման արդյունքում երկրում հաստատվել են խորհրդային և կոմունիստական կարգեր՝ ի դեմս Լատվիական ԽՍՀ-ի կազմավորման։ Սոցիալիստական հասարակարգն ու կոմունիստական վարչաձևը Լատվիայում պահպանվել է առաջիկա 45 տարիների ընթացքում։ Խորհրդային տիրապետության ժամանակահատվածում սկզբնավորված լայնածավալ ներգաղթի արդյունքում արմատապես փոխվել է Լատվիայի ժողովրդագրական պատկերը և էթնիկ ռուսները դարձել են երկրի խոշորագույն ազգային փոքրամասնությունը: Երգող հեղափոխությունը Մերձբալթիկայում սկզբնավորվել է 1987 թվականին և ավարտվել Լատվիայի, ինչպես նաև Լիտվայի և Էստոնիայի անկախության վերականգնմամբ՝ 1991 թվականի օգոստոսի 21-ին: Այդ ժամանակվանից ի վեր Լատվիան հանդիսանում է ժողովրդավարական ունիտար խորհրդարանական հանրապետություն:

Լատվիան զարգացած երկիր է՝ բարձր եկամուտ ունեցող, զարգացած տնտեսությամբ, որը 39-րդն է զբաղեցնում մարդկային ներուժի զարգացման միջազգային վարկանշային աղյուսակում: Այն Եվրամիության, Եվրագոտու, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի, Բալթիկ ծովի պետությունների խորհրդի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Սկանդինավյան-Բալթյան ութնյակի, Հյուսիսային ներդրումային բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն և Առևտրի համաշխարհային կազմակերպություն լիիրավ անդամ է:

Remove ads

Անվան ծագում և ստուգաբանություն

Thumb
Հենրի Լատվիացու «Ժամանակագրություն» աշխատությունից էջ։

«Լատվիա» («Latvija») երկրանունը ծագել է հնագույն հնդեվրոպական բալթյան չորս ցեղերից մեկի (կուրոնացիների, սելոնացիների և սեմիգալիացիների հետ միասին)՝ լատգալացիների անվանումից, որոնք ֆիննական լիվոնացիների հետ միասին կազմում են ժամանակակից լատիշների էթնիկ միջուկը[8]։ Հենրի Լատվիացին իր «Ժամանակագրություն» աշխատությունում (որտեղ նկարագրում է գերմանացի միջնադարյան ասպետների պայքարն ընդդեմ Յերսիկայի իշխան Վիսլավդիսի) առաջ է քաշել երկրի անվանման լատինականացված տարբերակները՝ «Lettigallia» և «Lethia», որոնք երկուսն էլ բխում են լատգալական ժառանգությունից։ Այս եզրույթներն ազդել են տարբեր ռոմանական լեզուներում երկրի անվան ժամանակակից ձևակերպման վրա՝ «Լետոնիայից» («Letonia») մինչև որոշ գերմանական լեզուներում շրջանառվող «Լետլանդ» («Lettland»)[9]։

«Լատվիա» բառը 17-րդ դարում առաջին անգամ օգտագործել է Վիլյանդա քահանա Դիոնիսիուս Ֆաբրիցիուսը՝ իր «Livonicae historiae compediosa series» տարեգրության մեջ։ Այն լայն տարածում է գտել Լիվոնիա և Կուրլանդիա նահանգներում ճորտատիրության վերացումից հետո, երբ ազգային ինքնությունը սկսել է ծաղկում ապրել լատվիալեզու գյուղացիության շրջանում։ Յուրիս Ալունանն առաջարկել է օգտագործել «Լատվա» անունը 1857 թվականին, այնուհետև, հարևան Լիտվայի անվանման հետ ունեցած նմանությամբ պայմանավորված առաջարկվել է ավելացնել «ija» վերջածանցը: Գերմանացիների ազդեցության տակ հայտնված լատիշները հաճախ նկատի ունենալով իրենց երկիրը օգտագործում էին «Բալթիկա» երկրանվանումը, որը բխում էր գերմաներեն «Baltenland» նեոլոգիզմից: «Լատվիա» տերմինը քաղաքական նշանակություն է ձեռք բերել 1905 թվականի հեղափոխության ժամանակ, այնուհետև արտասահմանյան պետություններում տարածում գտել լատիշ արտագաղթյալների ջանքերով։ Այն վերջնականապես ձևակերպվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում՝ լատվիական հրաձգային ստորաբաժանումների կազմավորման և անկախության համար պայքարի համատեքստում։

Remove ads

Պատմություն

Լատվիայի տարածքը բնակեցվել է հազարավոր տարիներ առաջ՝ բալթիկ ցեղերի կողմից։ Այդ ցեղերը գլխավորապես զբաղվում էին ձկնորսութամբ, որսորդութամբ և առևտրով։

Գերմանացի խաչակիրները և առևտրականները գալիս են Լատվիա 12-րդ դարի վերջին։ Դա պատճառ է հանդիսանում լատվիացիների համար կորցնելու իրենց ինքնավարությունը, և մոտ 800 տարի լատվիացիները ստիպված են լինում պայքարել իրենց երկիր ներխուժող գերմանացիների, դանիացիների, շվեդների, լեհերի ու ռուսների դեմ։ Լատվիան ի վերջո դառնում է անկախ 1918 թվականին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սովետական կարմիր բանակը հարձակվում է Լատվիայի վրա և բավականին բարձր թվով լատվիացիների աքսորում Սիբիր և այլ տեղեր՝ հեռու իրենց հայրենիքից։ Հետո երկիր է մտնում Նացիստական Գերմանիան և զանգվածային սպանդի ենթարկում Լատվիայում բնակվող հրեաներին։ Այնուհետև կրկին սովետական բանակը մտնում է Լատվիա և ամբողջովին օկուպացնում երկիրը։ Լատվիան վերջապես ձեռք է բերում անկախությունը 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։

Remove ads

Արտաքին քաղաքականություն

1991 թվականի օգոստոսի 24-ին ՌԽՖՍՀ-ը ընդունեց Լատվիայի Հանրապետության անկախությունը, իսկ հոկտեմբերի 4-ին Լատվիան և Ռուսաստանը վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները։ 1991 թվականի սեպտեմբերի 6-ին ԽՍՀՄ-ը ճանաչեց Լատվիայի անկախությունը։

Լատվիան հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ երկիր 1991 թվականի սեպտեմբերի 17-ից սկսած։ Այն նաև հանդիսանում է ԵՄ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ, ԱՄՀ, ԱՀԿ,, Եվրոպայի խորհրդի և Բալթիկ ծովի պետությունների խորհրդի անդամ։ 1921-1940 թվականներին եղել է Ազգերի Լիգայի անդամ։

Լատվիան հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 160 երկրների հետ և ունի դեսպանատներ 35 երկրում։ 37 պետություն ունի դեսպանատում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։

Հայաստանի և Լատվիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի օգոստոսի 22-ին։

2011 թվականի նոյեմբերի 24-ին Արմեն Ղասաբօղլյանը նշանակվել է Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս։ 2012 թվականի մարտի 23-ին Արա Այվազյանը նշանակվել է Լատվիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ ք. Վիլնյուս)։

2013 թվականի դեկտեմբերի 11-ին Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեն (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։

Լատվիան իր արտաքին քաղաքականության մեջ առավել կենտրոնացած է Եվրամիության և ՆԱՏՕ-ի վրա։ 2004 թվականի մարտի 29-ին այն անդամակցել է ՆԱՏՕ-ին, իսկ նույն տարվա մայիսի 1-ին դարձել է Եվրամիության անդամ։

2005 թվականի մայիսին և 2006 թվականի նոյեմբերին ՆԱՏՕ-ի վեհաժողովների շրջանակներում Լատվիա է այցելել ԱՄՆ նախագահ Ջորջ Ու. Բուշը։

16 տարվա ընթացքում առաջին անգամ կայացել է Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի այցը Ռուսաստան 2010 թվականի դեկտեմբերի 19-22-ը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads