շվեդ բուժքույր From Wikipedia, the free encyclopedia
Էլզա Բրենդստրյոմ (շվեդ.՝ Elsa Brändström, մարտի 26, 1888[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 4, 1948[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[1][2]), շվեդ բուժքույր, որը հայտնի է որպես գերմանացի և ավստրիացի ռազմագերիների «փրկիչ», որոնք ճակատագրի բերումով հայտնվել էին Ռուսաստանում։ Հայտնի է որպես «Սիբիրի հրեշտակ» (գերմ.՝ Engel von Sibirien), հինգ անգամ եղել է Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու։
Էլզա Բրենդստրյոմ | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1888[1][2][3] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | մարտի 4, 1948[1][2][3][…] (59 տարեկան) |
Մահվան վայր | Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[1][2] |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[4][5][6] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | բուժքույր, ուսուցչուհի, բարեգործ և nurse scientist |
Ամուսին | Robert Ulich?[2] |
Ծնողներ | հայր՝ Edvard Brändström?[1][2][7], մայր՝ Anna Vilhelmina Brändström?[7][2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Elsa Brändström Վիքիպահեստում |
Էլզա Բրենդստրյոմը ծնվել է 1888 թվականի մարտի 26-ին, Սանկտ Պետերբուրգում, շվեդ ռազմական դիվանագետ Էդվարդ Բրենդստրյոմի (Edvard Brändström) և նրա կնոջ՝ Աննա Վիլհելմինա Էսհելսոնի (Anna Wilhelmina Eschelsson) ընտանիքում։ 1891 թվականին, երբ Էլզան երեք տարեկան էր, Էդվարդ Բրենդստրյոմը և նրա ընտանիքը վերադարձել են Շվեդիա։ 1906 թվականին Էդվարդ Բրենդստրյոմը դարձել է Շվեդիայի դեսպան Նիկոլայ II-ի արքունիքում և կրկին մեկնել Սանկտ Պետերբուրգ։ Էլզան մանկությունն անցկացրել է Շվեդիայի Լինչոպինգ քաղաքում։ 1906-1908 թվականներին սովորել է Ստոկհոլմի մանկավարժական քոլեջում, 1908 թվականին վերադարձել է Սանկտ Պետերբուրգ։ Էլզայի մայրը մահացել է 1913 թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումով Էլզան դարձյալ հայտնվել է Սանկտ Պետերբուրգում։ Այդ ժամանակ Ռուսաստանում բարձր հասարակության ներկայացուցիչներից շատերը հաճախում էին բուժքույրական դասընթացներին, ստանում գթության քրոջ վկայական և բուժքրոջ համազգեստ կրելու իրավունք։ Շվեդական հասարակությունը Պետրոգրադում զինվորական հիվանդանոց էր կազմակերպել վիրավոր ռուս զինծառայողների համար, որտեղ Էլզան շուրջ մեկ տարի աշխատել է որպես բուժքույր։ 1914 թվականին Էլզա Բրենդստրյոմը Սուվորովի պողոտայի վրա գտնվող Նիկոլաևյան զինվորական հոսպիտալում ընդունել է ռազմաճակատի վիրավոր զինվորներին։ Նրա հայրը՝ Էդվարդ Բրենդստրյոմը, լինելով չեզոք պետության դիվանագիտական առաքելության ղեկավար, ղեկավարում էր նաև գերմանացի և ավստրիացի ռազմագերիների խնամակալական հաստատությունը։ Այնուհետև Էլզան աշխատանքի է անցել Շվեդիայի Կարմիր խաչում։
1915 թվականին Էլզա Բրենդստրյոմը շվեդական Կարմիր խաչի կազմում, իր ընկերոջ և օգնական Էթել ֆոն Հեյդենստամի հետ մեկնել է Սիբիր՝ բուժելու գերմանացի և ավստրիացի ռազմագերիներին։ Նրանցից շատերը այնտեղ տառապում էին հիվանդություններից՝ քաղցից և ցրտից։ Էլզա Բրենդստրյոմը աշխատել է Սիբիրի ճամբարներից մեկում և որոշել իր կյանքը նվիրել ռազմագերիներին օգնելուն, ինչի համար նա հայտնի է դարձել որպես «Սիբիրի հրեշտակ»։
Վերադառնալով Պետերբուրգ՝ նա ստանձնել է ճամբարներում հայտնված մարդկանց օգնության կազմակերպումը։ 1918 թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, օգնությունը դժվարացել է, բայց Բրենդստրյոմը շարունակել է իր աշխատանքը։ 1919–1920 թվականներին նա մի քանի ուղևորություններ է կատարել Սիբիր, մինչև նրան Օմսկում ձերբակալել են, որից հետո դատապարտել մահապատժի՝ լրտեսության համար[10]։ Պատիժը հետագայում չեղյալ է հայտարարվել, իսկ 1920 թվականին Բրենդստրոմը վտարվել է Ռուսաստանից։ Նա Շտետտինի միջոցով MS Lisboa նավով վերադարձել է Շվեդիա։ Այստեղ նա կազմակերպել է դրամահավաք՝ նախկին ռազմագերիներին և նրանց ընտանիքներին օգնելու համար, որից հետո արտագաղթել է Գերմանիա։
1922 թվականին Բրենդստրյոմը հրատարակել է «1914-1920 թվականներին Ռուսաստանի և Սիբիրի ռազմագերիների մեջ» գիրքը։ Գրքից ստացված հոնորարի միջոցներով Բրենդստրյոմը որբերի համար կառուցել է առողջարաններ և տներ Լայպցիգի և Դրեզդենի մերձակայքում։ Այդ տարիների ընթացքում նա զբաղվել է նաև նախկին ռազմագերիներին օժանդակության կազմակերպման հարցերով գերմանացի զինվորների Marienborn-Schmeckwitz վերականգնողական առողջարանում։ Առողջարանը շրջապատված էր դաշտերով, անտառներով և մարգագետիններով, որտեղ կարելի էր բանջարեղեն աճեցնել, ինչը պարզվեց, որ անհրաժեշտ էր այդ քաղցած և անկայուն ժամանակաշրջանում, երբ նույնիսկ գերմանական ապրանքանիշը ամեն օր կորցնում էր արժեքը։
1923 թվականին նա վեց ամիս է անցկացրել Միացյալ Նահանգներում՝ այնտեղ կազմակերպելով բարեգործական դասախոսություններ և գումարներ հավաքելով զոհված և հաշմանդամ դարձած գերմանացի և ավստրիացի ռազմագերիների երեխաների համար գիշերօթիկ հաստատություն կառուցելու համար։ Այդ ուղևորության ընթացքում նա այցելել է ամերիկյան 65 քաղաք և հավաքել մոտ 100000 դոլար։ Ամերիկայում Բրենդստրյոմը հագել է Շվեդիայի Կարմիր խաչի հագուստ և պատմել պատերազմի ընթացքում Սիբիրում կատարած իր աշխատանքի մասին[11]։
1924 թվականի հունվարին Գերմանիայի Միտվայդա քաղաքում 200 երեխաների համար նա հիմնադրել է «Neusorge» մանկատունը։ Սիբիրում նա խոստացել էր գերմանացի զինվորներին, որ կօգնի իրենց երեխաներին հայրենիքում։
1929 թվականին Էլզան ամուսնացել է գերմանացի փիլիսոփայության պրոֆեսոր, Սաքսոնիայի ժողովրդական կրթության նախարարության ռեֆերենտ, Հենրիխ Գոտլոբ Ռոբերտ Ուլիխի (Heinrich Gottlob Robert Ulich) հետ և նրա հետ տեղափոխվել Դրեզդեն։ Ամուսնությունից հետո նա ստացել է կրկնակի ազգանուն Brändström-Ulich:
1932 թվականին ընտանիքում ծնվել է նրանց դուստրը` Բրիտան։ 1930 թվականի մայիսի 11-ին, Գերմանիայի Վուրցեն քաղաքում, Էլզա Բրենդստրյոմի մասնակցությամբ, բացվել է Առաջին աշխարհամարտում ընկածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր։
1933 թվականին՝ Հիտլերի իշխանության գալուց հետո, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին անդամ Ռոբերտ Ուլիխը, ի նշան բողոքի, հրաժարական տվեց իր պաշտոնից։ Չնայած կնոջ բարձր սոցիալական վիճակին, նրան ձերբակալեցին։ Հայտնի է, որ Հիտլերը Էլզային հրավիրել էր Օբերզալցբերգ (Obersalzberg) և պատրաստվում էր հանդիպել նրան, բայց վերջինս հրաժարվել է հրավերից։
1934 թվականին Ռոբերտ Ուլիխը ընտանիքի հետ արտագաղթել է Միացյալ Նահանգներ։ Այնտեղ Էլզան օգնել է այդ երկիր ժամանած գերմանացի հրեաներին, գերմանացի և ավստրիացի փախստականներին։ 1939 թվականին Միացյալ Նահանգներում Էլզան բացել է «Window-Shop» ռեստորանը, որտեղ փախստականներին աշխատանք էր տրամադրվում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նա շարունակում էր օգնել սոված և անօթևան գերմանացիներին։ Նա մեծ գումարներ է հավաքել գերմանական ծագմամբ ամերիկացիներից[12] «Երեխաների պաշտպանության հիմնադրամ»-ի անունից, դասախոսություններով ճանապարհորդել է Եվրոպայում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից առաջ Էլզա Բրենդստրյոմը սկսել է իր կյանքի վերջին խոշոր նախագիծը։ Նա հագուստներ է հավաքել Գերմանիայում բնակվող կարիքավոր երեխաների համար։ Նա ուներ փայտե արկղեր, որոնք հարմարեցված էին իրերը տեղափոխելու համար։ Առաջին տուփերը շվեդական նավով ուղարկվել են Եվրոպա։ 1945 թվականի փետրվարին Էլզան ինքը մեկնել է Շվեդիա՝ հետագա օգնություն կազմակերպելու համար։
Լինելով հիվանդ՝ Էլզան չի կարողացել կատարել պատերազմից հետո պլանավորված ուղևորությունը Գերմանիա. նա մահացել է ոսկորների քաղցկեղից 1948 թվականի մարտի 4-ին։ Թաղված է Շվեդիայում։ Նրա դուստրը՝ Բրիտան, և ամուսինը՝ Ռոբերտը, վերադարձել են Գերմանիա։
1965 թվականի սեպտեմբերի 16-ին, Վիեննայում, Կարմիր խաչի 20-րդ միջազգային գիտաժողովի բացումից առաջ, ի նշան երախտագիտության Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանա-ավստրիացի ռազմագերիներին օգնությունը կազմակերպելու գործում Բրենդստրյոմի վաստակի` բացվել է շվեդ բուժքույր Էլզա Բրենդստրյոմի հուշարձանը, որի հեղինակն էր քանդակագործ Ռոբերտ Ուլմանը (Robert Ullmann)[13]:
Ներկայումս Գերմանիայում և Ավստրիայում կան փողոցներ, դպրոցներ և հաստատություններ ի պատիվ Էլզա Բրենդստրյոմի, Ավստրիայի Կրեմս ան դեր Դոնաու քաղաքում գտնվող շենքերից մեկի վրա տեղադրված էր կանացի քանդակ հետևյալ գրառմամբ «Էլզա Բրենդստրյոմ։ Ավստրիացի ռազմագերիների հրեշտակը Սիբիրում 1914-1920»։ 1951 թվականին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում նրա պատվին տպագրվել է փոստային նամականիշ «Բարեգործություն» անվանակարգում։ 1971 թվականին Գերմանիայում նկարահանվել է «Մի արտակարգ կյանքի փուլեր (Stationen eines ungewöhnlichen Lebens)» հեռուստատեսային ֆիլմը՝ Սիբիրում Էլզա Բրենդստրյոմի կյանքի մասին։ 2013 թվականին Գերմանիայում թողարկվել է հիշատակի փոստային ծրար՝ նվիրված Էլզա Բրենդստրյոմի ծննդյան 125-ամյակին։ 2014 թվականին Գերմանիայում նկարահանվել է «Կենտրոնական Գերմանիայի պատմություն» շարքի «Էլզա Բրենդստրյոմ - Սիբիրյան հրեշտակ» ֆիլմը։
Մարտի 4-ը Գերմանիայում նշվում է որպես Էլզա Բրենդստրյոմի հիշատակի օր[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.