Էլ Տախին
From Wikipedia, the free encyclopedia
El Tajín (իսպ.՝ El Tajín), նախակոլումբոսյան հնավայր Մեքսիկայի հարավում՝ ժամանակակից Պոսա Ռիկա դե Իդալգո համայնքի տարածքում։ Մեզոամերիկայի ամենամեծ ու ամենակարևոր քաղաքներից մեկն է և վերակրուսյան դասական մշակույթի մաս է կազմում։ Ծաղկում է ապրել 600-ից 1200 թվականներին և այդ ընթացքում այստեղ բազմաթիվ տաճարներ, պալատներ, գնդակախաղի մրցասպարեզներ, բուրգեր են կառուցվել[1]։ Քաղաքի անկումից հետո՝ 1230-ից մինչև 1785 թվականը, ոչ մի եվրոպացի չի իմացել նրա գոյության մասին և միայն 1785-ին պետական մի պաշտոնյայի (տեսուչ-հսկիչի) բախտ է վիճակվել դեմ առնել Որմնախորշերի բուրգին[2]։
Էլ Տախինը, որն այդպես է անվանվել հնդկացիական տոտոնակ ցեղի կայծակի, ամպրոպի և անձրևի աստծո պատվին[3], իր ճարտարապետության և և ընդհանրապես մշակույթի մեծարժեքության շնորհիվ 1992 թվականին ներառվել է Համաշխարհային ժառանգության ցանկում[4]։ Այդ ճարտարապետության առանձնահատկություններից են զարդանախշավոր որմնախորշերը և յուրօրինակ ցեմենտը, որը Մեզոամերիկայի մնացած վայրերում չի կիրառվել[5]։ Էլ Տախինի առավել հայտնի հուշարձանը Որմնախորշերով բուրգն է, թեև նվազ արժեքավոր չեն Արոյո խմբի կառույցնրը, գնդակախաղի հարավային ու հյուսիսային մրցասպարեզները և Տախին Չիկոյի պալատները[6]։ Այդ հնավայրում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են գնդակախաղի 20 մրցասպարեզ (վերջին 3-ը՝ 2013 թվականի մարտ ամսին)[7]։ 1970-ական թվականներից սկսած՝ Էլ Տախինը համարվում է զբոսաշրջիկների համար առավել նշանակալի հնավայրը Վերակրուսի տարածշրջանում[8]. հենց միայն 2017 թվականին գրավել է 386.406 այցելուների[9]։
Ամեն տարի մարտ ամսին այստեղ անց է կացվում Cumbre Tajin փառատոնը, որտեղ ներկայացվում են ինչպես տեղաբնիկների, այնպես էլ այլ ժողովուրդների մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ ժողովրդական երգ-երաժշտության համերգներ[10]։