Միապետություն, միջազգային եզրույթով՝ մոնարխիա (հին հունարեն՝ μονάρχης, μόνος – «մոնոս»` մեկ, միակ, ἀρχων – «արխոն»` ղեկավար, առաջնորդ, լատին․՝ monarcha), պետական կառավարման ձև, որտեղ իշխանությունն իրականացնում է միապետը, որի աթոռակալության իրավունքը փոխանցվում է ժառանգաբար՝ սերնդեսերունդ[1][2]։ Միապետն իր ենթակայության տակ գտվող տարածքում ունի բարձրագույն իշխանություն, մարմնավորում է տվյալ երկրի ազգային ինքնությունը, ապահովում է արտաքին անվտանգությանը, ներքին կայունությունը, սահմանադրականությունն ու օրենքի գերակայությունը, և անուղղակիորեն համարվում է այդ պետության «գլուխը»։ Միապետի փաստացի իշխանությունը կախված տվյալ երկրի պետական կառավարման ձևի առանձնահատկություններից կարող է խորհրդանշականորեն կրել ձևական բնույթ (թագակիր հանրապետություններում), լինել մասնակի կամ սահմանափակված (սահմանադրական միապետություններում), ինչպես նաև միահեծան (բացարձակ միապետություն)։ Գահը ժառանգելու դեպքում միապետը ստանում է ցմահ իշխանավարման իրավունք, որը կարող է վերացվել միայն վերջինիս հրաժարականի դեպքում։ Սակայն գոյություն ունեն նաև ընտրողական միապետություններ, որտեղ գահակալն ընտրվում է հատուկ ընտրակարգով[3]։
Արագ փաստեր Պետությունների դասակարգումն ըստ կառավարման ձևերի ...
|
Պետությունների դասակարգումն ըստ կառավարման ձևերի |
Բռնապետական համակարգ (հիմնականում՝ հանրապետություններում) |
Միակուսակցական համակարգ
Սահմանադրական կարգի տապալման արդյունքում ստեղծված
(դե ֆակտո՝ ռազմական դիկտատուրա) |
այլ համակարգեր կամ անհասկանալի քաղաքական իրավիճակ |
|
Թարմացվում է |
Փակել
Միապետական համակարգը մինչև 19-րդ դարի կեսերը եղել է ամենատարածված կառավարման ձևն աշխարհում։ Հին և միջնադարյան ստրկատիրական և ավատատիրական պետություններում միապետը սովորաբար ուներ հետևյալ գործառույթները՝ ապահովել երկրի բնակչության ներքին կայունությունը, բանակցություններ վարել այլ երկրների հետ, պատերազմ հայտարարել, կնքել խաղաղության կամ դաշնակցության պայմանագիր, հատել սեփական դիմապատկերով մետաղադրամ և այլն։ Ներկայիս քաղաքացիական հասարակության պայմաններում միապետության ընկալումը բավականաչափ փոփոխված է։ Ժամանակակից աշխարհում միապետությունների ձևերից ամենագերակշիռը սահմանադրականն է, որտեղ միապետն ունի յուրօրինակ օրենսդրական և հանդիսակարգային նշանակություն, սակայն չունի քաղաքական և կառավարչական ոչ մի իրավազորություն։
Ներկայումս աշխարհում գոյություն ունեն միապետական կառավարման ձև ունեցող 45 ինքնիշխան պետություններ, որոնցից 16-ը որպես երկրի ղեկավար ճանաչում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետին։ Եվրոպայի բոլոր միապետություններում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Նորվեգիա, Դանիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Բելգիա և այլն) միապետի իշխանությունը սահմանափակված է սահմանադրությամբ։ Եվրոպայի «գաճաճ» պետությունները հիմնականում ունեն կառավարման առանձնահատուկ համակարգեր։ Օրինակ Վատիկանը ընտրողական բնույթի աստվածապետական (թեոկրատիկ) միապետություն է, Լյուքսեմբուրգը՝ մեծ դքսություն, Մոնակոն՝ իշխանապետություն, իսկ Լիխտենշտայնը՝ կոմսություն։ Սահմանադրական միապետության ձևը հաստատված է Կամբոջայում և Մալայզիայում ևս, սակայն, ի տարբերություն եվրոպական թագավորությունների, այստեղ միապետn ունի համեմատաբար ավելի շատ սոցիալական և իրավական ազդեցություն։ Բացարձակ միապետությունները թվով հինգն են (չհաշված Վատիկանը)՝ Բրունեյ, Օման, Սվազիլենդ, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրությունները (ինքնիշխան էմիրությունների համադաշնություն)։