համակարգ, որտեղ մարդիկ համարվում են սեփականություն, որը կարող է գնվել կամ վաճառվել, և որոնք հարկադիր աշխատում են From Wikipedia, the free encyclopedia
Ստրկություն (գրաբ.՝ ստրկութիւն; ստրուկ + -ութիւն), պատմության մեջ առաջին և առավել բիրտ շահագործման ձևը, որը հիմնվել է արտադրամիջոցների սեփականատիրոջ կողմից արտադրողի աշխատանքի և անձի յուրացման վրա։ Ձևավորվել է նախնադարյան համայնական հասարակարգի քայքայման հետևանքով և մեծ զարգացման հասել ստրկատիրական հասարակարգում։ 1948 թ-ին ՄԱԿ-ն ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որով արգելվեցին ստրկության և ստրկավաճառության բոլոր ձևերը։
1926 թ. Ազգերի լիգայի կողմից ընդունված «Ստրկության մասին» հռչակագիրը[1] միջազգային շրջանառություն հանեց ստրուկի և ստրկավաճառության հետևյալ սահմանումները.
|
Ստրկությունը դատապարտվել է[1] 1926 թ.-ին Ազգերի լիգայի կողմից և 1948 թ.-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների մասին հավաստագրով, ինչպես նաև մարդու իրավունքներին վերաբերող մյուս բոլոր հիմնական փաստաթղթերում։
Մարդու իրավունքների մասին համայն հռչակագրի 4-րդ կետում ՄԱԿ-ը ընդլայնում է ստրուկ հասկացությունը․ դա նաև այն անձն է, ով չի կարող իր կամքով հրաժարվել աշխատանքից։ Եվրոպայում ստրկությունն արգելված է մարդու իրավունքների պաշտպանության և հիմնական ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի կողմից։
Վերջին 5000 տարիների ընթացքում ստրկությունը գոյություն է ունեցել գրեթե ամենուրեք։ Ամենահայտնի ստրկատիրական երկրներից են Հին Հունաստանը և Հռոմը, Հին Չինաստանում սի հասկացությունը, որը համապատասխանում է ստրկությանը, հայտնի է մ. թ. ա. II հազարամյակից։ Ռուսերեն գրականության մեջ գոյություն է ունեցել ճորտին ստրուկի հետ նույնացնելու սովորույթը, սակայն չնայած բազմաթիվ նմանություններին ստրկության և ճորտատիրության միջև, գոյություն են ունեցել նաև տարբերություններ[2]։ Ավելի ուշ ժամանակաշրջանում ստրկություն գոյություն է ունեցել Բրազիլիայում և ԱՄՆ-ում։ Հին Արևելքում ստրկությունն ունեցել է բազմաթիվ տարբերիչ հատկանիշներ։ Ստրուկի ժամանակակից հասկացությունը չի ենթադրում այս տարբերությունները, ճորտ հասկացությունը մարդու իրավունքներում բացակայում է և լիովին համապատասխանում է ստրուկին։ Տոտալիտար երկրներում խոշորագույն ստրկատերեր դարձան ոչ թե անհատական սեփականատերերը, այլ հենց այդ պետությունները, այդ ձևով թաքցնելով ստրուկների իրական վիճակը նրանով, որ նրանք իբր հարկադրվում են աշխատանքի՝ համաձայն տոտալիտար պետության կողմից ընդունված օրենքների։ Օրինակ՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիստական Գերմանիայում լայնորեն կիրառվում էր ստրկական աշխատանքը։
Ստրկության էության ուսումնասիրման մինչ օրս չլուծված խնդիրների պատճառը՝ ստրկության գիտա-հանրամատչելի դասակարգման անմշակ լինելն է։ Այդ բացթողման ուղղակի հետևանքներից է այն պատկերացումը, թե ստրկությունը Հին աշխարհի ինչ-որ առանձնահատուկ բաղադրիչ է։ Լավագույն դեպքում, մարդիկ ստրկությունն ընկալում են որպես ստրկատիրական հասարակարգի միակ բնորոշիչ։
Ստրկության դասակարգման հիմնական կրիտերիաներից մեկը ձևավորող սուբյեկտներն են։
Նշանակալից տարածում (համապատասխանաբար, և հատուկ սպառնալիք հասարակության համար) ժամանակակից ստրկությունն ունի այն դեպքերում, երբ ձեռք է բերում համակարգային բնույթ, երբ ձևավորող հանցագործը դառնում է, ոչ թե առանձին սուբյեկտը, այլ՝ ամբողջ պետությունը։
Արտադրության արդյունավետության հասնելու համար կենսական անհրաժեշտություն է աշխատանքի բաժանումը։ Այդպիսի բաժանման կազմակերպման ժամանակ ծանր (առաջին հերթին՝ ֆիզիկական) աշխատանքն ամենեևին էլ գայթակղիչ չէ։ Հասարակության զարգացման որոշակի փուլում (երբ տեխնոլոգիաների զարգացումն ապահովում էր աշխատողի կողմից արտադրանքի ավելի մեծ ծավալ, քան անհրաժեշտ էր նրան՝ կյանքի ապահովման համար), ռազմագերիներին, որոնց նախկինում սպանում էին, սկսեցին զրկել ազատությունից և հարկադրել տիրոջ համար ծանր աշխատանքի։ Ազատությունից զրկված և տիրոջ սեփականության վերածված մարդիկ դարձան ստրուկներ։
Ըստ փիլիսոփա Մարկ Վարրոնի տեսակետի, ստրուկն իրենից ներկայացնում է լոկ «խոսող զենք», շնչավոր սեփականություն, բեռնակիր անասուն (հռոմեական օրենքի լեզվով՝ res, այսինքն՝ իր)։ Ստրուկները սովորաբար օգտագործվում են որպես աշխատուժ՝ գյուղատնտեսական և այլ արտադրության մեջ, որպես ծառաներ, կամ տիրոջ այլ կարիքները հոգալու համար։ Ստրուկի իրային էությունը, նախևառաջ, այն է, որ ստրկական աշխատանքի ողջ արդյունքը դառնում է տիրոջ սեփականությունը, չնայած ստրուկներին կերակրելու և նրանց մնացած կարիքները հոգալու հոգսը նույնպես դրված է տիրոջ վրա։ Ստրուկը չունի սեփականություն, նա կարող է տնօրինել միայն այն, ինչ տերը կցանկանա նրան տալ։ Ստրուկը չի կարող օրինական ամուսնանալ առանց տիրոջ թույլտվության։ Ամուսնական կապի տևողությունն էլ, եթե այն թույլատրվել է, կախված է ստրկատիրոջ քմահաճույքից, որին պատկանում են նաև ստրուկի երեխաները։ Ինչպես ունեցվածքի ցանկացած մաս, ստրուկը կարող է դառնալ ամենատարբեր առևտրային գործարքների առարկա։
Ստրուկի կյանքի պայմանները որոշվում են միայն ստրկատիրոջ մարդասիրությամբ և շահով։ Առաջինը եղել և մնում է հազվադեպ երևույթ, երկրորդն ստիպում է տարբեր ձևով գործել՝ կախված այն բանից, թե որքանով է դյուրին նոր ստրուկներ ձեռք բերելը։ Ստրուկներին մանկությունից մեծացնելը դանդաղ, թանկ, ստրուկ-«արտադրողների» բավականին մեծ քանակ պահանջող գործընթաց է, ուստի նույնիսկ բացարձակ անմարդկային ստրկատերն ստիպված է ստրուկների համար աշխատունակությունն ու ընդհանուր առողջությունն ապահովող կյանքի բավարար պայմաններ ստեղծել։ Սակայն այն վայրերում, որտեղ հասուն և առողջ ստրուկներ հայթայթելը հեշտ է, նրանց կյանքի համար չեն անհանգստանում և ուժասպառ են անում ծանր աշխատանքով։
Ստրուկը, որպես անհատ, իրավունքի սուբյեկտ չի հանդիսանում։ Ո՛չ տիրոջ, ո՛չ երրորդ անձի հետ հարաբերություններում ստրուկը, որպես ինքնուրույն անձ, պաշտպանված չէ օրենքով։ Տերը կարող է վարվել ստրուկների հետ իր հայեցողությամբ։ Ստրուկի սպանությունը տիրոջ կողմից վերջինիս օրինական իրավունքն է, իսկ մեկ ուրիշի կողմից՝ դիտվում է որպես ունեցվածքի հանդեպ ոտնձգություն, այլ ոչ որպես անձի դեմ ուղղված հանցագործություն։ Շատ դեպքերում երրորդ կողմին ստրուկի կողմից հասցրած վնասը ևս հատուցում է ստրուկի տերը։ Ստրկատիրական հասարակարգի գոյության միայն վերջին շրջանում ստրուկները որոշակի իրավունքներ ստացան, բայց շատ աննշան։
Ստրկությունն ի սկզբանե արտացոլված չէ մարդկային մշակույթում։ Առաջին տեղեկությունները հանդիպում են սեմական ցեղերի կողմից Շումերի գրավման շրջանում։ Այստեղ հանդիպում է գրավյալ ժողովրդի նվաճման և տիրոջը ենթարկվելու մասին տեղեկություն։ Միջագետքի տարածքում ստրկատիրական պետությունների գոյության մասին ինֆորմացիան վերաբերում է մ. թ. ա. 3-րդ հազարամյակին։ Աստվածաշնչյան աղբյուրներում ստրկությունը նկարագրվել է ջրհեղեղից առաջ (Ծննդոց։ 9։25)։ Հին պատրիարքներն ունեցել են բազմաթիվ ստրուկներ (Ծննդոց։ 12։5, 14։14)։
Արդի պատկերացումներով, պրիմիտիվ հասարակական հարաբերությունների դարաշրջանում ստրկությունն ի սկզբանե լիովին բացակայել է։ Հայտնվելուց հետո էլ այն մասսայական բնույթ չի կրել։ Այդ շրջանում ստրուկներ, որպես այդպիսիք, չեն եղել. եղել են միայն պատերազմի ընթացքում վերցված գերիներ։ Միջցեղային կռիվներում տղամարդ-գերիներ, որպես կանոն, կամ ընդհանրապես չեն վերցրել, կամ նրանց սպանել են (այնտեղ, որտեղ տարածված է եղել կանիբալիզմը, գերիներին կերել են), կամ ընդունել են հաղթող ցեղ։
Ստրկությունն առաջացավ և տարածվեց այն հասարակություններում, որոնք անցել էին գյուղատնտեսական արտադրության։ Ստրկական աշխատանքի օգտագործումը դարձավ տնտեսապես արդարացված և, բնականաբար, լայնորեն տարածվեց։ Այդ համակարգում ստրուկները կազմում էին հատուկ դասակարգ, որից սովորաբար առանձնանում էր անձնական կամ տնային ստրուկների կատեգորիան։ Մնացած ստրուկների կարգավիճակը, որոնց տերն անձամբ չէր ճանաչում, հաճախ չէր տարբերվում ընտանի կենդանիների կարգավիճակից, իսկ երբեմն նույնիսկ ավելի վատ էր։ Հասարակության մշակույթի և կրթվածության աճին զուգահեռ, տնային ստրուկներից առանձնացավ ևս մեկ արտոնյալ դաս՝ ստրուկներ, որոնց գինը որոշվում էր նրանց գիտելիքներին և գիտության ու մշակույթի բնագավառում ունակություններին համապատասխան։
Ստրուկների կարգավիճակն աստիճանաբար, շատ երկարատև էվոլյուցիայի ճանապարհով, փոխվեց դեպի լավը։ Ստրուկների նկատմամբ վերաբերմունքը սկզբում արտացոլվում էր կրոնական կանոններում և սովորույթներում, այնուհետև՝ գրված օրենքներում (ճիշտ է, պետք է նշել, որ օրենքն իր հովանավորության տակ առավ նախ ընտանի կենդանիներին, հետո միայն՝ ստրուկներին)։ Ի հայտ եկան կանոններ, որոնք կանոնակարգում էին ստրուկի ազատությունը, իր տիրոջից հղիացած ստրկուհու և նրա երեխայի կարգավիճակը։ Որոշ դեպքերում սովորույթը կամ օրենքը ստրուկին տիրոջը փոխելու իրավունք էին տալիս։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.