![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ad/Hidden_mother_photo3.png/640px-Hidden_mother_photo3.png&w=640&q=50)
Թաքնված մայրը
From Wikipedia, the free encyclopedia
«Թաքնված մայր» կամ «ծպտված մայր» (անգլ.՝ «The Hidden Mother»), ժամանակակից եզրույթ[1]՝ նշանակելու վաղ լուսանկարչության ժանր (ենթաժանր), որը ծագել է դրա ստեղծման պահից և անհետացել 1920-ական թվականներին. այն է թե՝ երեխայի լուսանկարը մոր մոտ, որը թաքնված է վարագույրի կամ այլ առարկայի հետևում։ Ժամանակակից արվեստաբանների կարծիքով՝ այդպիսի ժանրի ի հայտ գալը պայմանավորված էր լուսանկարչական գործընթացի տեխնիկական կողմի անկատարությամբ և Վիկտորյական դարաշրջանի բրիտանացիների՝ մահվան և մարդու սոցիալական կարգավիճակի մասին հատուկ պատկերացումներով։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ad/Hidden_mother_photo3.png/320px-Hidden_mother_photo3.png)
Այս տեսակի լուսանկարներում մայրը (կամ ավելի հազվադեպ՝ մեկ այլ չափահաս անձ) երկար լուսակայման ժամանակ երեխային պահում է կայուն դիրքում, քանի որ նրա մարմնի ցանկացած շարժում կարող էր առաջացնել պատկերի աղավաղում։ Ընդ որում, այդ դարաշրջանում մորից սպասում էին, որ նա պետք է թաքցնի կադրում իր լինելու ցանկացած նշան։ Նկարներում պատկերված մայրերից ոմանք ծածկված են ծաղկավոր չթով և բազկաթոռ են ձևանում, մյուսները թաքնված են բազմոցի հետևում, որպեսզի երևան միայն ձեռքերը՝ երեխային ցույց տալով որպես մարիոնետ, մյուսների գլուխները թեքված են տեսախցիկից, չորրորդներն այնպես են հարդարում իրենց մազերը, որ ընկնեն դեմքին՝ դրանք վարագույրի պես ծածկելով, որոշ լուսանկարներում մայրերի դեմքերը ամբողջությամբ քերված էին, մի կին պարզապես ծածկված էր սպիտակ սավանով[2]։
Այս ժանրի ֆենոմենի ուսումնասիրությանն են նվիրված լուսանկարչական արվեստի բրիտանացի և ամերիկացի պատմաբանների աշխատանքներ, «թաքնված մայրերի» լուսանկարներին նվիրված ցուցահանդեսներ են անցկացվել, անգլալեզու խոշոր լրատվամիջոցներ հրավիրել են ընթերցողների լայն հանրության հետաքրքրությունը դրա վրա՝ նման լուսանկարների շուկա առաջ բերելով։