Իսլանդիայի մշակույթ
From Wikipedia, the free encyclopedia
Իսլանդիայի մշակույթ — Իսլանդիայի հիմնական բնակչության՝ իսլանդացիների մշակույթն է, որը, սկիզբ առնելով վիկինգների քաղաքակրթությունից մ.թ. 9-րդ դարում, զարգացել է հեթանոսական կրոնի, իսկ հետագայում քրիստոնեության ազդեցության ներքո, ընդ որում՝ վերջին հազարամյակի ընթացքում չկրելով մեծ փոփոխություններ և պահպանելով ինքնակայությունը, որի պատճառը ոչ այնքան մայրցամաքային Եվրոպայի ազգերից կտրվածությունն է, որքան իսլանդացիների հիմնական ազգային հատկանիշները՝ էթնոկենտրոնությունը և պահպանողականությունը[1]։ Սակայն այնպիսի աշխարհագրական գործոնները, ինչպիսիք են մերձարկտիկական գոտու խստաշունչ կլիման, երկարատև բևեռային գիշերները և ցերեկները, ֆլորայի և ֆաունայի աղքատությունը, հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերը, հրաբուխների ժայթքումները, ջրհեղեղները, ձնաբքերը և այլ տարերային աղետները չէին կարող չազդել այդ հյուսիսային ժողովրդի մշակույթի վրա։