Իսլանդիա
պետություն Հյուսիսային Եվրոպայում / From Wikipedia, the free encyclopedia
Իսլանդիա (/ˈaɪslənd/ (օգնություն • ինֆո), իսլ.՝ Ísland, անվանումը թարգմանաբար՝ «սառույցների երկիր», «սառցե երկիր»), պաշտոնական անվանումը՝ Իսլանդիայի Հանրապետություն (իսլ.՝ Lýðveldið Ísland), կղզային պետություն հյուսիսարևմտյան Եվրոպայի համանուն կղզու վրա՝ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում։ Ափերը հյուսիսարևմուտքում և հարավում ողողում են Գրենլանդական, իսկ արևելքում՝ Նորվեգական ծովերի ջրերը։ Իսլանդիան աշխարհագրորեն տեղակայված է Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի ճամփաբաժանում, սակայն մի շարք գործոններ հաշվի առնելով այն ներառվում է Հյուսիսային Եվրոպա տարածաշրջանի մեջ։ Դանիական լայն նեղուցը Իսլանդիան բաժանում է Գրենլանդիայից։ Վերջինիս շրջակայքում սփռված տարածքներից են նաև Ֆարերյան, Շետլանդյան և Յան Մայենի կղզիները։
Իսլանդիայի Հանրապետություն Lýðveldið Ísland |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Ó Guð vors lands Օ, մեր երկրի աստված (գրադարձություն) Օ, գյուդ ֆորս լանդս |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Ռեյկյավիկ | |||
Պետական լեզուներ | իսլանդերեն | |||
Էթնիկ խմբեր (2017) |
|
|||
Կառավարում | Խորհրդարանական հանրապետություն | |||
- | նախագահ | Գյուդնի Յոհաննեսոն | ||
- | վարչապետ | Կատրին Յակոբսդոուտիր | ||
Հիմնադրում | ||||
- | Անկախություն Դանիայից | դեկտեմբերի 1, 1918 | ||
- | Հանրապետության հռչակում | հունիսի 17, 1944 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 102,775 կմ² (106-րդ) | ||
- | Ջրային (%) | 2,7 | ||
Բնակչություն | ||||
- | 2018 թվականի մարտի 1-ի նախահաշիվը | 350,710 (172-րդ) | ||
- | Խտություն | 3.2 /կմ² (233-րդ) 8,3 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2018 գնահատում | |||
- | Ընդհանուր | $18 միլիարդ[2] (142-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $54,288 | ||
ՀՆԱ (անվանական) | 2018 գնահատում | |||
- | Ընդհանուր | $25 միլիարդ | ||
- | Մեկ շնչի հաշվով | $83,750 (3-րդ) | ||
Ջինի (2013) | 24.00[3] (ցածր) | |||
Արժույթ | Իսլանդական կրոնա (ISK) | |||
Ժամային գոտի | +0 | |||
Ազգային դոմեն | .is | |||
Հեռախոսային կոդ | +354 |
Ընդհանուր հաշվով՝ կղզու մակերեսը կազմում է 103 հազար քառակուսի կիլոմետր[4] (18-րդ խոշորագույն կղզին աշխարհում)։ Իսլանդիան Եվրոպայի ամենանոսր բնակեցված պետությունն է[5]։ Ըստ 2018 թվականի մարդահամարի տվյալների՝ Իսլանդիայի բնակչությունը կազմում է շուրջ 350 հազար մարդ։ Իսլանդիայի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ռեյկյավիկն է։ Ռեյկյավիկում և հարակից ավաններում է բնակվում ամբողջ կղզի-պետության բնակչության երկու երրորդից ավելին։
Ըստ Լանդնաումաբոուկի՝ հյուսիսում սփռված այս կղզու բնակեցումը սկսվել է 874 թվականին․ այն բանից հետո, երբ ազգությամբ նորվեգացի Ինգոլֆ Արնարսոնը մշտական բնակություն է հաստատում կղզում։ Դրան հաջորդում է նորվեգացիների, ինչպես նաև սկանդինավյան որոշ այլ ազգերի ներգաղթն Իսլանդիա։ Այս շրջանում կղզում հաստատվում է ժողովրդապետություն՝ ժամանակակից աշխարհին հայտնի առաջին օրենսդիր մարմնի՝ իսլանդական ալտինգի ղեկավարմամբ։ Հետագա տարիներին քաղաքական ճնշումների ազդեցությամբ Իսլանդիան անցնում է տարածաշրջանային ավելի հզոր պետությունների՝ Նորվեգիայի, Դանիայի և Շվեդիայի վերահսկողության տակ։ Շատ փորձագետներ Իսլանդիայի ներկայիս բնակչությանը համարում են 9-րդ դարում Հյուսիսային Եվրոպայում հաստատված հին սկանդինավյան ծովագնացների՝ վիկինգների հետնորդներ։ Դանիայի իշխանության շրջանում՝ 1550 թվականին, կղզում տարածվում է լյութերականությունը, որը մինչ օրս խոր արմատներ ունի կղզում։ Ժամանակակից Իսլանդիան ստեղծվել է Ֆրանսիական հեղափոխության և Նապոլեոնյան պատերազմների արդյունքում։ Անկախության համար պայքարից հետո 1918 թվականին կղզին անկախանում է, իսկ 1944 թվականին՝ հռչակվում Հանրապետություն։
Տարիներ շարունակ Իսլանդիան եղել է Եվրոպայի ամենաաղքատ պետություններից մեկը։ Նախքան 20-րդ դարը իսլանդացիները բացառապես ապավինում էին ձկնորսությանն ու գյուղատնտեսությանը։ Մարշալի պլանի օժանդակությամբ ձկնորսական արդյունաբերությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձավ Իսլանդիայի թռիչքային զարգացման շարժառիթը։ Արդյունքում՝ Իսլանդիան վերածվեց առաջադեմ և զարգացած պետության։ Մերօրյա Իսլանդիան զարգացած երկիր է՝ կայուն և շահութաբեր տնտեսությամբ։ Ի տարբերություն ՏՀԶԿ-ի անդամ մյուս պետությունների՝ Իսլանդիայի շուկայական տնտեսության առջև ծառացած խնդիրներն ավելի սակավ են[6]։ Իսլանդիան անկասելիորեն պահպանում է ինդիվիդուալ ինքնավարության բարձրացմանը, սոցիալական մոբիլությանը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու տնտեսության կայունությանն ուղղված սոցիալական պետության սկանդինավյան մոդելը[7][8][9]։ Համաձայն 2018 թվականի տվյալների՝ Իսլանդիան աշխարհի իններորդ ամենազարգացած պետությունն է, իսկ խաղաղության ինդեքսում վերջինս անգերազանցելի է։
Իսլանդիայի մշակույթը հիմնված է երկրի սկանդինավյան ժառանգության վրա։ Այդ ժառանգությունն իր հերթին ներառում է ավանդական հյուսիսային խոհանոցը, յուրօրինակ և ինքնատիպ արվեստը, ինչպես նաև միջնադարյան զրուցավեպերի վրա հիմնված իսլանդական գրականությունը։ Իսլանդիայի պաշտոնական լեզուն հյուսիսգերմանական լեզուների խմբին պատկանող իսլանդերենն է։ Այս ինքնաոճ լեզուն իր բառակազմական և հնչունաբանական առանձնահատկություններով շատ նման է հին արևմտանորվեգերենին և ֆարյորերենին։