Խորվաթիայի քաղաքական համակարգ
From Wikipedia, the free encyclopedia
Խորվաթիայի քաղաքական համակարգը գործում է խորհրդարանական, ներկայացուցչական ժողովրդավարական հանրապետության շրջանակում, որտեղ Խորվաթիայի վարչապետը կառավարության ղեկավարն է բազմակուսակցական համակարգում։ Գործադիր իշխանությունն իրականացնում են Խորվաթիայի կառավարությունը և նախագահը։ Օրենսդիր իշխանությունը վերապահված է Խորվաթիայի խորհրդարանին (խորվ.՝ Sabor). Դատական իշխանությունն անկախ է գործադիրից և օրենսդիրից։ Խորհրդարանն ընդունեց Խորվաթիայի գործող Սահմանադրությունը 1990 թվականի դեկտեմբերի 22-ին և որոշեց անկախություն հռչակել Հարավսլավիայից 1991 թվականի մայիսի 25-ին։ Խորվաթիայի Հանրապետության ինքնիշխանության և անկախության մասին սահմանադրական որոշումը ուժի մեջ է մտել 1991 թվականի հոկտեմբերի 8-ին։ Դրանից հետո սահմանադրությունը մի քանի անգամ փոփոխվել է[1]։ Երկրում առաջին ժամանակակից կուսակցությունները ձևավորվեցին 19-րդ դարի կեսերին, և դրանց օրակարգն ու կոչը փոխվեցին՝ արտացոլելով սոցիալական խոշոր փոփոխություններ, ինչպիսիք են Ավստրո-Հունգարիայի, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորության փլուզումը, բռնապետությունը և սոցիալական ցնցումները թագավորությունում, Երկրորդ համաշխարհային պատերազմը, կոմունիստական իշխանության հաստատում և Հարավսլավիայի փլուզում։
Հանրապետության նախագահը (խորվ.՝ Predsjednik/ica Republike) պետության ղեկավարն է ու Խորվաթիայի զինված ուժերի գերագույն հրամանատարը և ուղղակիորեն ընտրվում է հինգ տարի ժամկետով[2]։ Կառավարությունը (խորվ.՝ Vlada)՝ Խորվաթիայի գլխավոր գործադիր իշխանությունը, գլխավորում է վարչապետը, որն ունի չորս փոխվարչապետ, որոնք ծառայում են նաև որպես կառավարության նախարարներ։ Առանձին գործունեությամբ զբաղվում են 20 նախարարներ։ Գործադիր իշխանությունը պատասխանատու է օրենսդրություն և բյուջե առաջարկելու, օրենքների կատարման և արտաքին ու ներքին քաղաքականության ուղղորդման համար։ Խորհրդարանը միապալատ օրենսդիր մարմին է։ Սաբորի պատգամավորների թիվը տատանվում է 100-ից մինչև 160․ նրանք ընտրվում են համաժողովրդական քվեարկությամբ չորս տարի ժամկետով։ Օրենսդիր մարմնի լիազորությունները ներառում են սահմանադրության և օրենքների ընդունումն ու փոփոխությունը, կառավարության բյուջեի ընդունումը, պատերազմի և խաղաղության մասին հայտարարությունները, ազգային սահմանների սահմանումը, հանրաքվեների և ընտրությունների անցկացումը, սպաների նշանակումները ու ազատումները, վերահսկելը Խորվաթիայի կառավարությանը ու Սաբորին պատասխանատու հանրային լիազորությունների մյուս կրողներին և համաներումների շնորհում։ Խորվաթիայի սահմանադրությունը և օրենսդրությունը նախատեսում են հերթական նախագահական և խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև շրջանների պրեֆեկտների (շրջանների նախագահների) և վեհաժողովների, քաղաքապետերի, համայնքապետների և ավագանիների ընտրությունները։
Խորվաթիան ունի եռաստիճան, անկախ դատական համակարգ, որը կառավարվում է Խորվաթիայի Սահմանադրությամբ և Սաբորի կողմից ընդունված ազգային օրենսդրությամբ։ Գերագույն դատարանը (խորվ.՝ Vrhovni sud) Խորվաթիայի բարձրագույն վերաքննիչ դատարանն է[3], մինչդեռ քաղաքային և շրջանային դատարանները ընդհանուր իրավասության դատարաններ են։ Խորվաթիայի մասնագիտացված դատարաններն են՝ առևտրային դատարանները և Գերագույն առևտրային դատարանը, իրավախախտումների դատարանները և Գերագույն իրավախախտումների դատարանը, վարչական դատարանները և Վերադաս վարչական դատարանը։ Խորվաթիայի Սահմանադրական դատարանը (խորվ.՝ Ustavni sud) հիմնականում զբաղվում է սահմանադրական իրավունքով։ Նրա հիմնական լիազորությունն է որոշում կայացնել այն մասին, թե արդյոք վիճարկվող օրենքներն իրականում հակասահմանադրական են, այսինքն՝ հակասում են սահմանադրությամբ սահմանված իրավունքներին և ազատություններին։ Պետական դատախազությունը ներկայացնում է պետությանը դատական գործընթացներկում։
«The Economist» թերթի 2022 թվականի Ժողովրդավարության ինդեքսում Խորվաթիան դասակարգվում էր՝ որպես «թերի ժողովրդավար»[4]։