Կռուպ
From Wikipedia, the free encyclopedia
Կռուպ (հայերեն նաև՝ աքլորախեղդ, խորոզակ, խռուկ, կոկորդաշնչափողաբրոնխաբորբ), շնչառության ախտաբանական վիճակ, որը սովորաբար պայմանավորված է վերին շնչուղիների սուր վիրուսային վարակով։ Վարակը կոկորդի ներսում առաջացնում է ուռածություն (այտուց), ինչը խոչընդոտում է նորմալ շնչառությանը և առաջացնում դասական ախտանիշեր՝ «հաչոցանման» հազ, ստրիդոր (սուլոցանման շնչառություն) և ձայնի խռպոտություն։ Այն կարող է առաջացնել թույլ, չափավոր կամ ուժեղ արտահայտված ախտանիշեր, որոնք սովորաբար ծանրանում են գիշերային ժամերին։ Սովորաբար բուժվում է բերանային ստերոիդների միանվագ օգտագործումով։ Ծանր դեպքերում օգտագործվում է էպինեֆրին։ Այսպիսի հիվանդները պետք է հոսպիտալացվեն։
Կռուպ | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | հազ, hoarseness? և Ստրիդոր |
Բուժաքննություն | լաբորատոր ախտորոշում և ռենտգենագրություն |
Բժշկական մասնագիտություն | թոքաբանություն և մանկաբուժություն |
ՀՄԴ-10 | J05.0 |
Բուժում | ստերոիդներ և ադրենալին |
Croup Վիքիպահեստում |
Կռուպն ախտորոշվում է կլինիկական ախտանիշերի հիման վրա՝ այդ ախտանիշերն առաջացնող ավելի վտանգավոր պատճառների ժխտումից հետո (օր.՝ մակկոկորդաբորբ կամ շնչուղիների օտար մարմին)։ Այլ հետազոտություններ, (արյան, ռենտգեն, մանրէաբանական և այլն) կատարելու կարիք սովորաբար չի լինում։ Սա համեմատաբար հաճախ հանդիպող վիճակ է, որը պատահում է երեխաների 15%-ի մոտ, առավել հաճախ 6 ամսականից մինչև 5–6 տարեկանների մոտ։ Այն գրեթե չի հանդիպում դեռահասների և չափահասների մոտ։ Դիֆթերիայով պայմանավորված՝ կռուպն արևմտյան աշխարհում ունի պատմական նշանակություն՝ պատվաստումների հաջողության և հիգիենայի ու կենսապայմանների բարելավման արդյունքում։