Կրիաներ
սողունների դասին պատկանող զրահավոր ցամաքային և ջրային կենդանիներ / From Wikipedia, the free encyclopedia
Կրիա (լատ. Testudines), սողունների դասին պատկանող զրահավոր ցամաքային և ջրային կենդանիներ են։ Տարածված են համարյա ամբողջ երկրագնդով մեկ։ Հայտնի է, որ կրիաները գոյություն են ունեցել 220 միլիոն տարի առաջ[1] և հանդիսանում են սողունների դասի ամենահին խումբը, ավելի հին, քան մողեսների, օձերի կամ կոկորդիլոսների խմբերը։
Կրիա | |||
---|---|---|---|
Գիտական դասակարգում | |||
|
|||
Լատիներեն անվանում | |||
Testudines
| |||
|
Չնայած այն հանգամանքին, որ ավանդաբար կրիաները դիտվում էին որպես անապսիդներ[2], բոլոր գենետիկական հետազոտությունները հաստատել են այն վարկածը, որ կրիաները դիապսիդներ են՝ վերափոխված քունքային պատուհաններով, որոշ հեղինակներ կրիաներին դասել են լեպիդոզավրոմորֆների խմբի մեջ[3], չնայած համեմատաբար ավելի ուշ շրջանի ուսումնասիրությունները հաստատել են դրանց դասակարգումը արխոզավրոմորֆների խմբի ներսում[4]։
Կրիաները սերում են ցամաքային հնագույն, անհետացած սողունների մի ճյուղից՝ կատիլոզավրերից։ Դարավոր զարգացման ընթացքում նրանցից շատերն աստիճանաբար հարմարվել են անուշահամ ջրերում ու ծովերում ապրելու պայմաններին։
Ներկայումս հայտնի է կրիաների 215 տեսակ, որոնցից երեքը՝ միջերկրածովյան, կասպիական և ճահճային կրիաները՝ հանդիպում են Հայաստանի տարածքում։
Կրիաները երկարակյաց կենդանիներ են։ Առանձին տեսակների կյանքի տևողությունը հասնում է մինչև 120 տարի։ Ամենաերկարակյացները գալապագոսյան կրիաներն են, որոնք անազատության մեջ կարող են ապրել մինչև 170 տարի։