բժշկական ախտորոշման եղանակ, որը օգտագործում է ռենտգենյան ճառագայթները մարդու մարմնի շերտավորված պատկեր ստանալու համար From Wikipedia, the free encyclopedia
Համակարգչային շերտագրություն (ՀՇ), ռենտգենյան ճառագայթների միջոցով կատարվում են ամբողջ մարմնի, կամ առանձին մասերի շերտային նկարահանումներ տարբեր անկյուններից, որոնցից ստացված պատկերը համակարգչի միջոցով երևում է մոնիտորի վրա։ Այն թույլ է տալիս տեսնել մարմնի պարունակությունը առանց այն կտրելու։
Համակարգչային շերտագրություն | |
---|---|
Տեսակ | լաբորատոր ախտորոշման տեսակ և բժշկական վիզուալիզացիա |
Հապավում | CT և КТ |
Ենթադաս | բժշկական վիզուալիզացիա և tompgrafia |
Օգտագործում է | Ռենտգենյան ճառագայթներ |
ICD-10-PCS | B?2 |
ICD-9-CM | 88.38 |
MeSH | D014057 |
MedlinePlus | 003330 |
Թվային վերամշակումը թույլ է տալիս ստանալ եռաչափ (3D) պատկեր՝ կատարված մի շարք երկչափ (2D) ռենտգեն պատկերների հիման վրա[1]։ ՀՇ պատկերները օգտագործվում են ախտորոշիչ և բուժիչ նպատակներով[2]։
ՀՇ ասելով սովորաբար նկատի են ունենում ռենտգեն ՀՇ-ն, բայց գոյություն ունեն նաև ՀՇ-ի այլ տեսակներ, որոնցից են՝ պոզիտրոն էմիսիոն շերտագրությունը (անգլ.՝ positron emission tomography (PET)), եզակի-ֆոտոնային էմիսիոն համակարգչային շերտագրությունը (անգլ.՝ single photon emission computed tomography (SPECT))։
ՀՇ պատկերի վրա հյուսվածքները տարբերակվում են ըստ նրանց ռենտգեն ճառագայթները կլանելու հատկության։ ՀՇ սկանավորմամբ ստանում են մարմնի աքսիալ և լայնական հարթությունների շերտավորմամբ նկարներ, բայց ներկայիս հնարավորությունները թույլ են տալիս միավորել նկարները և ստանալ եռաչափ (3D) պատկեր։ ՀՇ օգտագործվում է նաև հնագիտության մեջ, օր․՝ սարկոֆագի պարունակությունը պատկերելու համար։ ՀՇ քննություն անցկացնող մասնագետներն են ճառագայթաբանները և ռադիոտեխնիկները[3][4]։
ՀՇ լայնորեն օգտագործվում է վերջին երկու տասնամյակների ընթացքում շատ երկրների կողմից[5]։ Մոտավորապես 72 միլիոն ՀՇ սկանավորում է կատարվել ԱՄՆ-ում 2007 թվականին, և ավելի քան 80 միլիոն սկանավորում 2015 թվականին[6][7]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ԱՄն-ում եղած քաղցկեղով հիվանդների մոտ 0,4%-ի ախտահարումը պայմանավորված է եղել ՀՇ սկանավորմամբ[8][9]։
Իր հայտնագործման պահից սկսած այն դարձել է շատ կարևոր ախտորոշիչ մեթոդ և լրացրել է ռենտգեն պատկերներին, ուլտրաձայնային հետազոտությանը (ՈՒՁՀ)։ Այն օգտագործվում է նաև կանխորոշիչ և սկրինինգային հետազոտությունների նպատակով, օր․՝ ՀՇ կոլոնոգրաֆիա հաստ աղու քաղցկեղի բարձր ռիսկով մարդկանց համար, սրտի ՀՇ սկանավորում՝ սրտի հիվանդությունների բարձր ռիսկ ունեցող մարդկանց համար։ Որոշ հաստատություններում առաջարկվում է մարմնի ամբողջական ՀՇ, սակայն պետք է հիշել ռենտգենյան ճառագայթների բարձր դոզաների վտանգի մասին[10]։
ՀՇ սկանավորումով հայտնաբերվում են ինսուլտները, ուռուցքները, կալցիֆիկատները (կրակալում), արյունազեղումները և կոտրվածքները։ Հիպոդենս (մութ) օջախները ցույց են տալիս այտուցները և ինֆարկտները (իշեմիկ ինսուլտ), իսկ հիպերդենս (լուսավոր) օջախները՝ կրակալումները և արյունազեղումները։ Ուռուցքները կարող են հայտնաբերվել նրանց շրջապատող այտուցով, կամ անատոմիական պատկերի բնորոշ աղավաղմամբ։ ՀՇ հսկողությամբ նաև կատարվում են որոշ վիրահատություններ[11][12][13][14][15][16]։
Գլխի մագնիսառեզոնանսային շերտագրությունը (ՄՌՇ) ավելի կարևոր դեր ունի նորագոյացությունների, անոթային խնդիրների, ներգանգային ճնշման բարձրացման պատճառների, գլխացավի պատճառների ախտորոշման գործում, քան թե համակարգչային շերտագրությունը[17]։
ՀՇ սկանավորումը կարող է օգտագործվել թոքերի պարենքիմայի սուր և քրոնիկ փոփոխությունները հայտնաբերելու համար, օրինակ՝ էմֆիզեման և ֆիբրոզը։ Այդ փոփոխությունները նկատելի չեն սովորական ռենտգեն պատկերի վրա, որի երկչափ պատկերը (2D) շատ դեպքերում թույլ չի տալիս նկատել պարենքիմայի փոփոխությունները։
Բրոնխի պատի հաստացումը երևում է ՀՇ սկանավորմամբ, և հիմնականում խոսում է բրոնխիտի մասին[18]։ Նորմայում բրոնխի պատի և բրոնխի լուսանցքի տրամագծի հարաբերությունը կազմում է 0,17-ից - 0,23[19]։
Պատահականորեն հայտնաբերված հանգույցը՝ սիմպտոմների բացակայության դեպքում կարող է բարորակ կամ չարորակ նորագոյացության կասկած առաջացնել[20]։ Այդ կապակցությամբ ունենալով անհանգստություն՝ հիվանդները և բժիշկները համաձայնության են գալիս և հաճախակի անցկացնում են ՀՇ սկանավորում, երբեմն նույնիսկ 3 ամիսը մեկ՝ շատ ավելի քան թե տրված է համապատասխան ուղեցույցներում[21]։ Համենայնդեպս, ըստ ներկայիս ուղեցույցների՝ այն հիվանդները, որոնք երբևէ չեն ունեցել քաղցկեղ և հայտնաբերված հանգույցները չեն մեծացել չափերով վերջին 2 տարվա ընթացքում՝ շատ քիչ է հավանական, որ ունենան չարորակ ուռուցք[21]։ Միշտ պետք է հիշել հաճախակի ՀՇ սկանավորումների վտանգի մասին։
ՀՇ անգիոգրաֆիան ցույց է տալիս ամբողջ մարմնի զարկերակները և երակները։ Այս հետազոտության օրինակ է թոքային զարկերակի ՀՇ սկանավորումը, որը օգտագործվում է էմբոլը հայտնաբերելու նպատակով։ Հետազոտությունը կատարվում է յոդային կոնտրաստի ներարկումով, որը ուժեղացնում է զարկերակի պատկերը։
Սրտի ՀՇ սկանավորումը տալիս է գիտելիքներ սրտի և կորոնար անատոմիայի վերաբերյալ[22]։ ՀՇ սկանավորումը օգտագործվում է կորոնար անոթների հիվանդությունները ախտորոշելու նպատակով[23]։ Սրտի արհեստական փականների արդյունավետ օգտագործման հարցում շատ մեծ դեր է խաղացել համակարգչային շերտագրությունը[24][25][26]։
Սրտի ՀՇ հիմնական տեսակներն են՝
Անատոմիան ավելի լավ վիզուալիզացնելու նպատակով կատարվում է պատկերի մշակում[23]։ 3D տպիչներով ստեղծված արհեստական փականների ճիշտ կառուցվածքը տրվում է՝ հիմնվելով ՀՇ սկանավորման միջոցով անատոմիայի ուսումնասիրության վրա[29][30][31][32]։
ՀՇ սկանավորումը շատ ճշգրիտ եղանակ է որովայնի ախտաբանական փոփոխությունների հայտնաբերման համար։ ՀՇ-ով ախտորոշում են քաղցկեղ և որոշում են, թե որ փուլում է։ Նաև հետևում են բուժման ընթացքին։ ՀՇ սկանավորումը օգտագործվում է նաև որովայնի սուր ցավի պատճառը ապտորոշելու նպատակով։
ՀՇ սկանավորման ժամանակ օգտագործվող իոնացնող ճառագայթները կարող են վնասել բջիջները՝ նամանավանդ ԴՆԹ-ն, ինչը կարող է հանգեցնել քաղցկեղի[8] Ճառագայթային պաշտպանության և չափման ազգային կոնսուլի անգլ.՝ National Council on Radiation Protection and Measurements տվյալներով՝ 1980 թվականից մինչև 2006 թվականը ՀՇ սկանավորումների քանակը աճել է մոտ 6 անգամ (+500%)։ ՀՇ սկանավորումներից ստացված դոզան տարբեր է լինում։ Սովորական ռենտգեն նկարահանումի հետ համեմատած, ՀՇ սկանավորումից ստացված դոզան մոտ 100-ից 1000 անգամ ավելի շատ է[33]։ Որովայնի ՀՇ սկանավորումից ստացված դոզան նույն չափի է, ինչ որ մեկ մարդու կողմից 3 տարվա ընթացքում տիեզերքից ստացած մնացորդային ճառագայթումը[34]։
Համակարգչային շերտագրությունից ստացվող վնասնի գնահատականը մասնակի հիմնվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ատոմային ռումբի պայթյունի արդյունքում ճառագայթումից ստացված վնասի վրա, և ատոմային էլեկտրակայանում աշխատող մարդկանց առողջական վիճակի փոփոխության վրա[8]։ 2009 թվականին քաղցկեղի ազգային ինստիտուտի անգլ.՝ National Cancer Institute կողմից իրականացվեց հետազոտություն, որը հիմնված էր 2007 թվականին կատարված ՀՇ սկանավորումների վրա, և պարզվեց, որ 29.000 քաղցկեղի դեպքերի և 14.500 մահվան դեպքերի պատճառը եղել է ՀՇ սկանավորումից ստացված ճառագայթումը։ Որոշ մասնագետներ կանխատեսում են, որ ապագայում 3%-ից 5% քաղցկեղի դեպքերը պայմանավորված կլինեն ռենտգեն ախտորոշումից ստացվող ճառագայթումով[33]։
Մարդու տարիքը շատ մեծ դեր է խաղում քաղցկեղի առաջացման հարցում[35]։ Որովայնի ՀՇ սկանավորումից առաջացած քաղցկեղի ռիսկը 1 տարեկան երեխայի մոտ 0.1%-է[35]։ Մեծ տարիքում ավելի է փոքրանում քաղցկեղի զարգացման ռիսկը[35]։
ԱՄՆ-ում ՀՇ սկանավորումների կեսը կատարվում է ներերակային ռենտգեն կոնտրաստ նյութով[36]։ Հիմնականում ռեակցիաները մեղմ են և ընդգրկում են սրտխառնոցը, փսխումը, քորը։ Այնուամենայնիվ կարող են առաջանալ նաև ծանր ռեակցիաներ[37]։ Ռեակցիաներ առաջանում են ոչ իոնային կոնտրաստ նյութերի ներարկումից 1-ից 3% դեպքերում, և իոնային կոնտրաստ նյութերի ներարկումից 4-ից 12% դեպքերում[38]։ Մաշկի ցանավորում կարող է լինել 1 շաբաթվա ընթացքում 3% դեպքերում։
Հին կոնտրաստ նյութերը առաջացնում էին անաֆիլաքսիա 1% դեպքերում, մինչդեռ նոր՝ ցածր օսմոլյար նյութերը առաջացնում են ռեակցիա 0.01-0.04% դեպքերում[37][39]։ Մահ գրանցվում է ամեն 2-ից 30 մարդու մոտ՝ 1.000.000 մարդու հաշվարկով[38][40]։ Մահի ավելի բարձր ռիսկ կա կանանց, մեծահասակների և թույլ առողջական վիճակ ունեցող մարդկանց մոտ[36]։
Կոնտրաստ նյութը կարող է առաջացնել երիկամի խնդիրներ[41]։ Սա առաջանում է մարդկանց 2-ից 7%-ի մոտ՝ երիկամային անբավարարություն, շաքարային դիաբետ ունեցող հիվանդների գերակշռումով։ Երիկամային անբավարարության դեպքում սովորաբար խուսափում են յոդային կոնտրաստ նյութի օգտագործումից։ Երիկամային դիալիզ անցնող հիվանդների մոտ յոդային կոնտրաստից վնասը շատ քիչ կլինի, քանզի նրանց երիկամները գործում են շատ թույլ, կամ առհասարակ չեն գործում, իսկ կոնտրաստ նյութի ներարկումից հետո կատարվող դիալիզը շատ արագ կարող է հեռացնել կոնտրաստ նյութը։
Կոնտրաստ նյուը բացի ներարկումից ընդունում են նաև պերօրալ ճանապարհով, եթե կարիք կա որովայնի օրգանների հետազոտության։ Պերօրալ օգտագործվում է բարիումի սուլֆատի կախույթ։ Այս նյութի առավելությունը այն է, որ չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ և երիկամային խնդիրներ, բայց հակացուցված է աղու թափածակումով հիվանդներին, քանզի կարող է առաջացնել պերիտոնիտ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.