Սրտի իշեմիկ հիվանդություն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ, լատին․՝ morbus ischaemicus cordis), պսակային հիվանդություն, սիրտ-անոթային համակարգի տարածված հիվանդություն։ Տերմինն առաջարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների կոմիտեն (1962)։
Remove ads
Հիվանդության առաջացման պատճառները
Սրտի իշեմիկ հիվանդության հիմքում ընկած է սրտամկանի ախտահարումը, որը սրտամկանի թթվածնապահանջի և աթերոսկլերոտիկ փոփոխությունների ենթարկված պսակային զարկերակների թթվածնամատակարարման անհամապատասխանության հետևանք է։ Հիվանդության առաջացմանը նպասում են նաև պսակային զարկերակների գործունեության նյարդահումորալ կարգավորման խանգարումները և զարկերակների սպազմը։ Կարևոր դեր են կատարում նաև ռիսկի գործոնները (զարկերակային արյան ճնշման բարձրացում, ճարպային փոխանակության խանգարում, շաքարային հիվանդություն, ծխելը, բարձր կալորիականությամբ սննդի ընդունում և նստակյաց կյանք)։
Remove ads
Սրտի իշեմիկ հիվանդության ձևերը
Սրտի իշեմիկ հիվանդությունը լինում է հետևյալ ձևերի․
- սրտամկանի սուր ինֆարկտ,
- Սրտի իշեմիկ հիվանդության սուր և ենթասուր այլ ձևեր, սրտամկանի իշեմիա՝ մանրօջախային մեռուկացումով (այսպես կոչված՝ նախաինֆարկտային համախտանիշ),
- կրծքային հեղձուկ (ստենոկարդիա),
- անախտանշան Սրտի իշեմիկ հիվանդություն (հայտնաբերվում է էլեկտրասրտագրությամբ),
- քրոնիկական Սրտի իշեմիկ հիվանդություն (պսակային անոթների աթերոսկլերոզ և դրանով պայմանավորված կարդիոսկլերոզ)։
Ամենատարածված ձևը կրծքային հեղձուկն է։ Ըստ կլինիկական ընթացքի տարբերում են սուր Սրտի իշեմիկ հիվանդություն (օրինակ, սրտամկանի ինֆարկտ) և քրոնիկական (օրինակ, օջախային և տարածուն կարդիոսկլերոզ)։
Ըստ ընթացքի Սրտի իշեմիկ հիվանդությունը լինում է արագընթաց, որը դրսևորվում է կրկնակի և կրկնվող ինֆարկտների ձևով, և դանդաղընթաց՝ կրծքային հեղձուկի հազվադեպ նոպաներով, առիթմիայով, սրտային անբավարարության աստիճանաբար զարգացող երևույթներով։ Ախտորոշումը՝ հիվանդի հարցուփորձի (անամնեզ) տվյալներով, կլինիկական երևույթներով, գործիքային էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտության մեթոդներով (ֆիզիկական ծանրաբեռնվածություն, էխոկարդիոգրաֆիա, փորոքագրություն և այլն)։
Remove ads
Բուժումը
Պսակային արյան շրջանառության վերականգնում կամ լավացում, աթերոսկլերոզի կանխում, սրտի ռիթմի և հաղորդականության խանգարման վերացում, արյան շրջանառության կարգավորում, առողջարանային բուժում (օրինակ, Արզնի)։ Վերոհիշյալ միջոցառումները խիստ անհատական են, հաշվի են առնվում հիվանդի աշխատանքի ու կենցաղի պայմանները և հիվանդության ընթացքի յուրահատկությունները։
Կանխարգելումը
Կյանքի և աշխատանքային պայմանների նորմալացում, հանգստի ռեժիմի կարգավորում, ֆիզիկական և հոգեկան ծանրաբեռնվածության վերացում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 173)։ ![]() |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads