From Wikipedia, the free encyclopedia
Հայտնություն Հովհաննեսի կամ Սուրբ Հովհաննես առաքյալի և աստվածաբան ավետարանչի հայտնությունը (գրաբար՝ Յայտնութիւն Յովհաննու կամ Սուրբ Յովհաննէս առաքեալի եւ աստուածաբան աւետարանչի յայտնութիւնը, հուն․՝ ἀποκάλυψις – Ապոկալիպսիս), Աստվածաշունչ մատյանի Նոր Կտակարանի կանոնի գրքերից վերջինը։ Պատմոս կղզի աքսորված Հովհաննես առաքյալի այս գրվածքը մարգարեական է՝ կազմված տեսիլքներից ու հայտնություններից։ Գիրքը լի է վախճանաբանական այլաբանություններով և խորհրդանշաններով։
Գիրքը գրել է Հովհաննես առաքյալը, որը միաժամանակ իր անունը կրող Ավետարանի հեղինակն է։ Հովհաննեսն այս գիրքը գրել է Պատմոս կղզում, ուր աքսորվել էր Հռոմեական կայսրության մեջ քրիստոնեության դեմ սկսված հալածանքների ժամանակ՝ Քրիստոսի Ավետարանը քարոզելու համար։ Նրա գիրքն ուղղված է Փոքր Ասիայի արևմտյան ափերին գտնվող յոթ եկեղեցիներին։
Մասնագետների մի խումբ Հայտնության գիրքը թվագրում է 68-69 թթ, մեկ այլ խումբ՝ 81-96 թթ.։
Գիրքը Հայտնությունների մի շարք է, որ Քրիստոսը կատարում է, որպեսզի «իր ծառաներին ցույց տա, թե շուտով ի՛նչ է պատահելու» (1.1)։ Հովհաննեսը նկարագրում է իր տեսիլքը, որտեղ հայտնվում է Հիսուս Քրիստոսը և հրամայում նրան գրի առնել իր հակիրճ ուղերձները Ասիայի 7 եկեղեցիներին։ Այնուհետև պատկերվում են աշխարհի գալիք իրադարձությունները՝ սատանայի և նրա ծառաների վերջնական պարտությամբ, երկնքի ու երկրի վերափոխմամբ և Աստծո Գառի (Հիսուս Քրիստորսի) հավիտենական հաղթանակով։ Գրքի բուն նպատակն է վստահություն ներշնչել Տիրոջ երկրորդ գալստյան նկատմամբ, որն ավարտվում է Փրկչի խոստումով. «Ես գալիս եմ շուտով։ Ամեն։ Ե՛կ, Տե՛ր Հիսուս Քրիստոս»։ (22.20)։ Ժամանակաշրջանը, երբ գրվել է Հայտնությունը քրիստոնյաների հալածանքների ծանր մի ժամանակ էր։ Պատճառն այն էր, որ նրանք միակ Տեր և Աստված էին ճանաչում Հիսուս Քրիստոսին։ Արդ, հեղինակի գլխավոր մտահոգությունն է եղել ընթերցողներին հույս և քաջալերանք ներշնչել և հորդորել, որ հավատարիմ մնան հալածանքների և չարչարանքների ընթացքում։ Ուստի գիրքը բնավ նպատակ չունի վերահաս մի վախճանի սարսափով համակելու հավատացյալներին։ Ընդհակառակը, հեղինակի նպատակն է նրանց վստահություն ներշնչել Տիրոջ երկրորդ գալստյան կապակցությամբ, որ ազատագրության և փրկության ցանկալի պահն է լինելու։ Գրքի մեծագույն բաժինը կազմում են մի շարք հայտնություններ և տեսիլքներ՝ ներկայացված խորհրդանշական լեզվով, որ հասկանալի էր այդ օրերի քրիստոնյաներին, բայց ուրիշների համար մնում էր խորհրդավոր։ Ինչպես համանվագում կրկնվող մայր եղանակը, գրվածքի գլխավոր բնաբանը կրկնվում է զանազան ձևերով և զանազան տեսիլքների մեջ։ Թեպետ մեկնաբանությունների մեջ կան մանրամասնությունների տարբերություններ, սակայն գլխավոր բնաբանը հստակ է. Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով Աստված վերջնականապես և ամբողջական կերպով պարտության է մատնելու իր թշնամիներին, ներառյալ Սատանային, և իր հավատարիմ ժողովրդին վարձատրելու է նոր երկնքի և նոր երկրի օրհնություններով, երբ հաղթանակն ամբողջական լինի։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայտնություն Հովհաննեսի կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 205)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.