ճանաչողության պրոցեսի հանգուցալուծման սահմանում, մտքի տարրական ձև, առարկայացված իրողություն իր էական հատկություններով From Wikipedia, the free encyclopedia
Հասկացություն, տրամաբանության մեջ՝ մտքի տարրական ձև, որը արտացոլում է առարկան (առարկայացված իրողությունը) իր էական հատկություններով (օրինակ, մարդ, անձրև, գեղեցկություն)։
Հասկացությունները կազմավորվում են մտավոր գործողությունների, մասնավորապես աբստրակցիայի և ընդհանրացման միջոցով։ Հասկացության կառուցվածքի մեջ տարբերում են բովանդակություն՝ նրա մեջ արտացոլված հատկությունների ամբողջությունը, և ծավալ՝ առարկաների այն դասը, որն ըստ այդ հատկությունների ընդգրկվում է տվյալ հասկացությամբ։ Որքան լայն է հասկացության բովանդակությունը, այնքան նեղ է նրա ծավալը, և հակառակը։ Հասկացությունները բովանդակությամբ լինում են դրական (կաթնասուն) և ժխտական (ոչ կաթնասուն), հարաբերակցական (աջ կողմ) և անհարաբերակցական (պետություն), ծավալով՝ եզակի (Արեգակ) և ընդհանուր (էլեկտրոն), դատարկ (հրեշտակ, ամենամեծ թիվ) և ոչ դատարկ (թիվ)։ Առավել ընդհանուր գիտական հասկացությունները կատեգորիաներն են։
Ըստ ծավալի հասկացությունները միմյանց նկատմամբ գտնվում են նույնության, խաչավորման, ստորադասության (սեռի ու տեսակի), արտագոյության հարաբերության մեջ։ Հասկացությունները դատողության կազմում տերմիններ են։ ժամանակակից տրամաբանության մեջ հասկացության ներկայացման առավել ճշգրիտ միջոցը պրեդիկատների տրամաբանության լեզուն է (պրեդիկատների հաշիվ)։ Հոգեբանության և փիլիսոփայության մեջ հասկացություն լայն իմաստով նշանակում է առարկաների վերաբերյալ ամբողջական գիտելիքը, գաղափարը, նրանց էության արտացոլումը։ Հասկացությունների միջոցով հնարավոր է ներկայացնել ընդհանուրը և օրինաչափը։ Այդ առումով հասկացությունները ճանաչողության պրոցեսի հանգուցակետեր են, ճանաչողության արդյունքների խտացումներ։
Յուրաքանչյուր հասկացություն արտացոլում է տվյալ դասի առարկաների ընդհանրությունը, որով այդ դասը տարբերվում է մյուս բոլոր դասերից, և այն, ինչով այդ դասը հարաբերվում է այլ դասերի։ Դրանով հնարավոր է վերջավոր թվով հասկացություններով ընդգրկել անվերջ թվով օբյեկտներ և միաժամանակ մասնաբաժան, համակարգված ձևով արտացոլել իրականության բազմազանությունը, այսինքն՝ ստեղծել գիտական համակարգ։ Հասարակական-արտադրական գործունեության, իրականության ճանաչման ու գիտության զարգացման ընթացքում ստեղծվում են նորանոր հասկացություններ, ճշգրտվում եղած հասկացությունների բովանդակությունը, նրանց ընդգրկման սահմանները։
Հասկացությունները կարելի է բաժանել տեսակների՝ ըստ այս կամ այլ հատկանիշի։
Ըստ ծավալի հասկացությունները լինում են եզակի և ընդհանուր։
Եզակի է այն հասկացությունը, որի ծավալն ընդգրկում է միայն մեկ առարկա, օրինակ՝ Հայաստան, հարաբերականության տեսության հիմնադիր, Էվկլիդեսյան երկրաչափություն, Մարս և այլն։
Ընդհանուր է այն հասկացությունը, որի ծավալը տարածվում է մեկից ավելի առարկաների վրա. օրինակ՝ եռանկյուն, դելֆին, ներդաշնակ տատանում, կենդանական աշխարհին վերաբերող բառ։ Ընդհանուր հասկացություններն իրենց հերթին լինում են սահմանափակ և անսահմանափակ։
Ըստ վերացարկման բնույթի հասկացությունները կարող են լինել կոնկրետ (թանձրացական) և վերացական։
Ըստ համեմատության հասկացությունները կարող են լինել հարաբերակցական և բացարձակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.