From Wikipedia, the free encyclopedia
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ, անգլ.՝ United Nations), միջկառավարական կազմակերպություն, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել[7]։ ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական։ Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում։ Կազմակերպությունը հովանավորվում է անդամ երկրների պարտադիր և կամավոր ներդրումներով։ Նպատակների թվում են միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական օգնության տրամադրումը, կայուն զարգացման խթանումը և միջազգային օրենքի հետևումը։ ՄԱԿ-ը աշխարհի ամենամեծ, ամենահայտնի, միջազգայնորեն ամենաշատ ներկայացված և միջկառավարական ամենահզոր կազմակերպությունն է։ 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ստեղծվեց այս կազմակերպությունը՝ հետագա պատերազմները կանխարգելելու նպատակով[8][9]։ Հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ անդամ 51 երկիր, այժմ՝ 193: ՄԱԿ-ը անարդյունավետ Ազգերի լիգայի իրավահաջորդն է։
1945 թվականի ապրիլի 25-ին կառավարության ներկայացուցիչները հանդիպեցին Սան Ֆրանցիսկոյում՝ համաժողով անցկացնելու և ՄԱԿ-ի կանոնադրությունը կազմելու նպատակով, որն ընդունվեց 1945 թվականի հունիսի 25-ին Սան Ֆրանցիսկոյի Օպերայի տանը և ստորագրվեց 1945 թվականի հունիսի 26-ին Պատերազմի վետերանների հուշահամալիրում գտնվող Հերբսթ թատրոնում (Herbst Theatre):
Աշխարհում խաղաղություն պահպանելու ՄԱԿ-ի առաքելությունը շատ դժվար էր առաջին տասնամյակներում՝ Սառը պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգների ու Խորհրդային միության և դրանց համապատասխան դաշնակիցների հարաբերությունների պատճառով։ Դրա առաքելությունները բաղկացած էին անզեն ռազմական դիտորդներից և մասնակի զինված ուժերից, որոնք հիմնականում դիտարկում, զեկուցում և կողմերի միջև վստահություն էին կառուցում[10]։ Կազմակերպության անդամակցությունը մեծացավ 1960-ական թվականներին սկսված ապագաղութացման հետևանքով։ Այդ ժամանակներից սկսած՝ 80 նախկին գաղութներ ազատություն ստացան՝ ներառյալ 11 խնամակալ տարածքներ, որոնք մոնիտորինգի էին ենթարկվում Խնամակալության խորհրդի կողմից (Trusteeship Council)[11]: Մինչև 1970-ական թվականները տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերի համար նախատեսված բյուջեն գերազանցում էր խաղաղության պահպանության ծախսերը։ Սառը պատերազմի ավարտից հետո ՄԱԿ-ը փոփոխություն կատարեց և ընդլայնեց գործողությունների իր շրջանակը՝ ստանձնելով մի շարք բարդ առաջադրանքներ[12]։
ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը։ ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը։ ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից այդ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը։ Հասարակական կազմակերպությունները Սոցիալ-տնտեսական խորհրդի և այլ գործակալությունների կողմից կարող են խորհրդակցական կարգավիճակ ստանալ՝ մասնակցելու ՄԱԿ-ի գործերին։
Կազմակերպությունը, դրա պաշտոնյաններն ու գործակալությունները ստացել են Խաղաղության Նոբելյան մրցանակ։
ՄԱԿ-ի արդյունավետության վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում։ Որոշ մեկնաբանողներ կարծում են, որ կազմակերպությունը կարևոր ուժ է խաղաղության և մարդկային զարգացման համար, մինչդեռ մյուսներն այն համարում են ոչ արդյունավետ, կոռումպացված կամ կողմնակալ։
ՄԱԿ-ի ստեղծմանը նախորդող դարում ստեղծվեցին մի շարք միջազգային կազմակերպություններ, ինչպես օրինակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ պաշտպանություն աահովելու և զինված հակամարտությունների տուժածներին օժանդակելու նպատակով[13]։ 1914 թվականին Սարաևոյում տեղի ունեցած քաղաքական սպանությունը սկիզբ դրեց դեպքերի մի շղթայի, որոնք հանգեցրին Առաջին համաշխարհաին պատերազմի բռնկման։ Գնալով ավելի ու ավելի մեծ թվով երիտասարդներ էին ուղարկվում խրամատներ, իսկ Միացյալ Նահանգներից ու Բրիտանիայից լսվող ազդեցիկ ձայները կոչ էին անում ստեղծելու միջազգային մի մշտական մարմին, որը կպահպաներ հետպատերազմյա աշխարհի խաղաղությունը։ Նախագահ Վուդրո Վիլսոնը դարձավ այդ գաղափարի պաշտպանը և 1918 թվականին միջազգային այդ մարմնի ուրվագիծը ներառեց պատերազմին վերջ տալու 14 կետից բաղկացած առաջարկում։ 1918 թվականի նոյեմբերին կենտրոնական ուժերը զինադադարի շուրջ համաձայնության եկան՝ Առաջին համաշխարհային պատերազմի սպանդը դադարեցնելու նպատակով։ Երկու ամիս անց Դաշնակից տերությունները Վերսալում հանդիպեցին Գերմանիայի ու Ավստրո-Հունգարիայի հետ՝ պաշտոնական խաղաղության պայմանները քննարկելու նպատակով։ Նախագահ Վիլսոնը խաղաղություն էր ուզում, սակայն Անգլիան ու Ֆրանսիան համաձայն չէին՝ պնդելով, որ հարկավոր է փոխհատուցման ծանր պայմաններ դնել նախկին թշնամիների առաջ։ Ազգերի լիգայի գաղափարն ընդունվեց, և 1919 թվականի ամռանը Վիլսոնը Վերսալի պայմանագիրը և Ազգերի լիգայի դաշնագիրը ներկայացրեց ԱՄՆ Սենատի հաստատմանը։
1920 թվականի հունվարի 10-ին Ազգերի լիգան պաշտոնապես իրականություն դարձավ, երբ 42 ազգեր վավերացրին Ազգերի լիգայի դաշնագիրը[14]։ Այնուամենայնիվ, որոշակի կետում Լիգան դարձավ ոչ արդյունավետ, երբ դրան չհաջողվեց 1933 թվականի փետրվարին կասեցնել Մանջուրիայի նվաճումը Ճապոնիայի կողմից. 40 երկրներ կողմ քվեարկեցին, որ Ճապոնիան զորքը դուրս բերի Մանջուրիայից, իսկ Ճապոնիան դեմ քվեարկեց և զորքը դուրս բերելու փոխարեն դուրս եկավ Ազգերի լիգայից[15]։ Այն ձախողեց նաև իտալա-եթովպական երկրորդ պատերազմի (1935-1937) ժամանակ՝ փորձելով բանակցել Բենիտո Մուսոլինիի հետ այն ժամանակ, երբ նա բանակն Աֆրիկա էր ուղարկում, իսկ Լիգան նրան առաջարկում էր վերցնել Եթովպիայի մի մասը միայն, սակայն նա արհամարհեց այդ առաջարկը և նվաճեց Եթովպիան։ Լիգան փորձեց պատժամիջոցներ կիրառել Իտալիայի դեմ, սակայն Իտալիան արդեն նվաճել էր Եթովպիան, իսկ Լիգան ձախողվել էր[16]։ Եթովպիայի գրավումից հետո Իտալիան և այլ երկրներ լքեցին լիգան։ Բոլորը գիտակցում էին, որը այն ձախողվել է, և հարկավոր է հնարավորինս շուտ սպառազինվել։ 1938 թվականի ընթացքում Բրիտանիան ու Ֆրանսիան փորձեցին ուղղակիորեն բանակցել Հիտլերի հետ, սակայն այդ փորձը ձախողվեց 1939 թվականին, երբ Հիտլերը գրավեց Չեխոսլովակիան։ Երբ 1939 թվականին պատերազմը բռնկվեց, Լիգան փակվեց, իսկ Ժնևում գտնվող դրա գլխամասային գրասենյակները պատերազմի ողջ ընթացքում դատարկ մնացին[17]։
Համաշխարհային նոր կազմակերպություն ստեղծելու ամենավաղ հստակ նախագիծը սկսվել է 1939 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտի հովանու ներքո։ «Միավորված ազգերի հռչակագրի» տեքստը սևագրվել է 1941 թվականի դեկտեմբերի 29-ին Ֆրանկլին Ռուզվելտի, վարչապետ Ուինսթոն Չերչիլի և Ռուզվելտի օգնական Հարի Հոփքինսի կողմից։ Այն ընդգրկում էր Խորհրդային Միության առաջարկները, բայց տեղ չէր տալիս Ֆրանսիային։ «Չորս ոստիկան» կոչվում էին չորս գլխավոր դաշնակիցները՝ Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն, Սովետական Միություն և Չինաստանի Հանրապետություն[18]։ Ռուզվելտը առաջինն առաջ քաշեց Միավորված ազգեր տերմինը՝ նկարագրելու Դաշնակից տերություններին։ «1942 թվականի նոր տարվա օրը նախագահ Ռուզվելտը, վարչապետ Չերչիլը, ԽՍՀՄ-ից Մաքսիմ Լիտվինովը և Չինաստանից Թ.Վ. Սունգը ստորագրեցին մի փոքրիկ փաստաթուղթ, որն ավելի ուշ հայտնի դարձավ որպես Միավորված ազգերի հռչակագիր, իսկ հաջորդ օրը քսաներկու այլ երկրների ներկայացուցիչներ ավելացրին իրենց ստորագրությունը»[19]։
Միավորված ազգեր տերմինն առաջին անգամ պաշտոնապես օգտագործվեց, երբ 26 կառավարություններ ստորագրեցին Հռչակագիրը։ Ատլանտյան խարտիայից տարբերվող կարևոր փոփոխություններից մեկը կրոնական ազատության ավելացումն էր, որը Ստալինն ընդունեց Ռուզվելտի պնդելուց հետո միայն[20]։ Մինչև 1945 թվականի մարտի 1-ը այլ երկրներ ևս ստորագրեցին։
Պատերազմի ընթացքում Միավորված ազգեր տերմինը դարձավ Դաշնակիցների պաշտոնական անունը։ Միանալու համար երկրները պիտի ստորագրեին Հռչակագիրը և պատերազմ հայտարարեին Առանցքի ուժերի դեմ։
ՄԱԿ-ը կազմավորվեց Դաշնակից Մեծ Քառյակի (Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն, Սովետական Միություն և Չինաստան) ներկայացուցիչների քննարկման արդյունքում Դումբարտոն-Օքսի կոնֆերանսում՝ 1944 թվականի սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 7-ը, որտեղ համաձայնության եկան ՄԱԿ-ի նպատակի, կառուցվածքի և գործունեության շուրջ[21][22][23]։ Ամիսների նախագծումից հետո 1945 թվականի ապրիլի 25-ին բացվեց ՄԱԿ-ի Միջազգային կազմակերպության համաժողովը, որին մասնակցեցին 50 երկիր և մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք ներառված էին եղել ՄԱԿ-ի կանոնադրության սևագրության գործում[24][25][26]։ «Հովանավորող երկրների ղեկավարները հերթ սահմանեցին լիագումար նիստերի նախագահի պաշտոնի համար. Բրիտանիայից՝ Էնթընի Էդեն, Միացյալ Նահանգներից՝ Էդվարդ Ստետտինուս, Չինաստանից՝ Թ.Վ. Սունգ, և Խորհրդային Միությունից՝ Վյաչեսլավ Մոլոտով։ Հետագա հանդիպումների ժամանակ Լորդ Հալիֆաքսը փոխարինեց Էդենին, Վելինգթոն Կուն՝ Թ.Վ. Սունգին, իսկ Գրոմիկոն՝ Մոլոտովին»[27]։
ՄԱԿ-ը պաշտոնապես սկսեց գոյություն ունենալ 1945 թվականի հոկտեմբերի 24-ից՝ Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամների՝ Ֆրանսիայի, Չինաստանի, Խորհրդային Միության, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից Կանոնադրության վավերացումից ու ևս 46 այլ երկրի ստորագությունից հետո[28]։
Գլխավոր ասամբլեայի առաջին հանդիպումները՝ 51 երկրի ներկայացուցիչներով[29], և Անվտանգության խորհրդի հանդիպումները տեղի ունեցան Լոնդոնի Վեսթմինսթերի Մեթոդիստ կենտրոնական սրահում (Methodist Central Hall) 1946 թվականի հունվարի 10-ին[28]։ Գլխավոր ասամբլեան Նյու Յորքն ընտրեց որպես ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակների նստավայր, կառուցումը սկսվեց 1948 թվականի սեպտեմբերի 14-ին և ավարտվեց 1952 թվականի հոկտեմբերի 9-ին։ Դրա տարածքը, ինչպես որ ՄԱԿ-ի՝ Ժնևի, Վիեննայի ու Նայրոբիի գլխամասային շենքերը, համարվում է միջազգային տարածք։ Նորվեգիայի արտգործնախարար Տրյուգվե Լին ընտրվեց ՄԱԿ-ի առաջին քարտուղար[28]։
Թեև ՄԱԿ-ի հիմնական մանդատը խաղաղության պահպանումն էր, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև պառակտումները հաճախ կաթվածահար էին անում կազմակերպությունը՝ հիմնականում թույլ տալով դրան միջամտել միայն Սառը պատերազմից հեռու գտնվող հակամարտություններին։ Երկու ակնառու բացառություններն էին Անվտանգության խորհրդի՝ 1950 թվականի հուլիսի 7-ի որոշումը, որով ԱՄՆ-ի կողմից առաջնորդվող կոալիցիային թույլատրվեց Հյուսիսային Կորեայի կողմից Հարավային Կորեայի նվաճումը կասեցնել, որն ընդունվեց առանց ԽՍՀՄ-ի[28], և 1953 թվականի հուլիսի 27-ին Կորեական զինադադարի համաձայնության կնքումը[30]։
1947 թվականի նոյեմբերի 29-ին Գլխավոր ասամբլեան ընդունեց որոշում, որը հավանություն տվեց Պաղեստինի բաժանմանը՝ հաստատելով Իսրայել պետության կազմավորումը[31]։ Երկու տարի անց Ռալֆ Բանչը՝ ՄԱԿ-ի պաշտոնյա, բանակցություններ վարեց առաջացած հակամարտության զինադադարի շուրջ։ 1956 թվականի նոյեմբերի 7-ին հիմնվեցին ՄԱԿ-ի խաղաղապահ առաջին ուժերը՝ վերջ դնելու Սուեզի ճգնաժամին[32], այնուամենայնիվ, ՄԱԿ-ն անզոր էր միջամտել ԽՍՀՄ-ի կողմից Հունգարիայի նվաճմանը, որն ընթանում էր զուգահեռաբար։
1960 թվականի հուլիսի 14-ին ՄԱԿ-ը հիմնեց Միավորված ազգերի գործողությունը Կոնգոյում (UNOC)՝ այդ շրջանի ամենամեծ ռազմական ուժը, որպեսզի անջատված Կատանգա պետության մեջ կարգուկանոն հաստատի՝ մինչև 1964 թվականի մայիսի 11-ը այն վերադարձնելով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազդեցության տակ։ Ապստամբների առաջնորդ Մոիզ Չոմբեին հանդիպելու մեկնած Դագ Համարշոլդը, որին հաճախ համարվում է ՄԱԿ-ի ամենաարդյունավետ քարտուղարներից մեկը[33], մահացավ ինքնաթիռում. ամիսներ անց նա հետմահու արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի։ 1964 թվականին Համարշոլդի իրավահաջորդը՝ ՈՒ Տանը, ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը տեղափոխեց Կիպրոս, որը դառնալու էր ՄԱԿ-ի ամենաերկար խաղաղապահ առաքելություններից մեկը։
1960-ական թվականներին ապագաղութացման տարածումով կազմակերպության անդամակցությունը նորանկախ ազգերի հոսքի ենթարկվեց։ Միայն 1960 թվականին 17 նոր պետություններ միացան ՄԱԿ-ին, որոնցից 16-ը Աֆրիկայից էին[32]։ 1971 թվականի հոկտեմբերի 25-ին Միացյալ Նահանգների դիմադրությամբ, բայց Երրորդ աշխարհի երկրներից շատերի աջակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը տեղ ստացավ Անվտանգության խորհրդում Թայվանը նվաճած Չինաստանի Հանրապետության փոխարեն. քվեարկությունը դիտարկվեց որպես կազմակերպության վրա ԱՄՆ-ի ազդեցության նվազեցման նշան։ Երրորդ աշխարհի երկրները կազմեցին 77-ի խումբը՝ Ալժիրի գլխավորությամբ, որը շուտով գերիշխող ուժ դարձավ ՄԱԿ-ում։ 1975 թվականի նոյեմբերի 10-ին ԽՍՀՄ-ից ու Երրորդ աշխարհի երկրներից բաղկացած կոալիցիան բանաձև ընդունեց ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև լարված դիմադրության վերաբերյալ՝ սիոնիզմը ռասիզմ հայտարարելով. բանաձևը կրկին ընդունվեց 1991 թվականի դեկտեմբերի 16-ին՝ Սառը պատերազմի ավարտից հետո։
Երրորդ աշխարհի աճող ներկայության և Մերձավոր Արևելքում, Վիետնամում ու Քաշմիրում ՄԱԿ-ի միջնորդության ձախողման պայմաններում վերջինս իր ուշադրությունը կտրուկ կերպով ուղղեց դեպի տնտեսական զարգացման և մշակութային փոխանակության՝ ակնհայտորեն երկրորդական նպատակներ։ Մինչև 1970-ական թվականները սոցիալ-տնտեսական զարգացման համար նախատեսված ՄԱԿ-ի բյուջեն, շատ ավելի մեծ էր, քան խաղաղապահ առաքելությունների բյուջեն։
Սառը պատերազմից հետո ՄԱԿ-ը ընդլայնեց խաղաղապահպան իր պարտականությունները՝ ստանձնելով ավելի շատ առաքելություններ տասը տարում, քան նախորդ չորս տասնամյակներում։ 1988-2000 թվականների միջև Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերի թիվը ավելի քան կրկնապատկվեց, իսկ խաղաղապահպանությանն ուղղված բյուջեն ավելի քան տասը անգամ մեծացավ[34][35][36]։ ՄԱԿ-ը բանակցեց Սալվադորի քաղաքացիական պատերազմին վերջ դնելու շուրջ, խաղաղապահպան հաջող առաքելություն իրագործեց Նամիբիայում և վերահսկեց ժողովրդավարական ընտրությունները հետապարտհեյդյան Հարավային Աֆիրկայում ու հետցեղասպանական Կամբոջայում[37]։ 1991 թվականին ՄԱԿ-ը ԱՄՆ-ի կողմից առաջնորդվող կոալիցիային լիազորեց վերացնել Իրաքի կողմից Քուվեյթի գրավումը։ Բրայըն Ուրքուհարթը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 1971-1985 թվականներին, այս հաջողություններից ծագած հույսերն ավելի ուշ անվանեց «կեղծ վերածնունդ», քանզի հաջորդեցին շատ ավելի խնդրահարույց առաքելություններ։
Թեև ՄԱԿ-ի կանոնադրությունը գրվել էր հիմնականում ազգերի միջև հակասությունները կանխելու նպատակով, վաղ 1990-ականներում ՄԱԿ-ը բախվեց մի շարք միաժամանակյա լուրջ ճգնաժամերի այնպիսի երկրների ներսում, ինչպիսիք էին Սոմալին, Հայիթին, Մոզամբիկը և նախկին Հարավսլավիան։ ՄԱԿ-ի առաքելությունը Սոմալիում դիտարկվեց որպես ձախողում, երբ ԱՄՆ-ը զորքերը դուրս բերեց Մոգադիշուի ճակատամարտի սպանություններից հետո, իսկ Բոսնիա ուղարկված առաքելությունը «համաշխարհային ծաղրի» արժանացավ էթնիկ զտման պարագայում անորոշ ու խճճված լինելու պատճառով[38]։ 1994 թվականին Ռուանդային օգնելու ուղարկված ՄԱԿ-ի առաքելությանը չհաջողվեց միջամտել Ռուանդայի ցեղասպանությանը՝ Անտանգության խորհրդի անվճռականության պատճառով։
Սառը պատերազմի վերջին տասնամյակներից սկսած՝ ՄԱԿ-ի ամերիկացի ու եվրոպացի քննադատները կազմակերպությանը մեղադրեցին խարդախության ու կոռուպցիայի մեջ։ 1984 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը դադարեցրեց իր երկրի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի (Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն՝ հիմնադրված 1946 թվականին) հովանավորումը խարդախության մեղադրանքների հիմունքով, որին հաջորդեցին Բրիտանիան ու Սինգապուրը[39]։ Բուտրոս Բուտրոս-Ղալին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 1992-1996 թվականներին, նախաձեռնեց քարտուղարության բարեփոխում՝ որոշակի չափով փոքրացնելով կազմակերպության չափերը[40]։ Նրա հաջորդը՝ Քոֆի Անանը (1997–2006 թվականներ) ձեռնարկեց կառավարման ոլորտի բարեփոխումներ՝ վախենալով Միացյալ Նահանգների՝ ՄԱԿ-ից դուրս գալու սպառնալիքներից[40]։
1990-ական և 2000-ական թվականների վերջերին ՄԱԿ-ի կողմից լիազորված միջազգային միջամտությունները տարբեր տեսք ընդունեցին։ ՄԱԿ-ի առաքելությանը 1991-2002 թվականների Սիերա Լեոնեի քաղաքացիական պատերազմում միացան Բրիտանական արքայական նավաստիները, իսկ 2001 թվականի Աֆղանստանի գրավումը վերահսկվեց ՆԱՏՕ-ի կողմից։ 2003 թվականին Միացյալ Նահանգները գրավեց Իրաքը, թեև չէր ստացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությունը, որը կազմակերպության արդյունավետությունը կրկին հարցականի տակ դրեց։ Ութերորդ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի օրոք ՄԱԿ-ը խաղաղապահ ուժերով միջամտեց մի շարք ճգնաժամերի՝ ներառյալ Սուդանում Դարֆուրի պատերազմին ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Կիվուի հակամարտությանը և դիտորդներ ու քիմիական զենքի տեսուչներ ուղարկեց Սիրիայի քաղաքացիական պատերազմ[41]։ 2013 թվականի գրախոսությունը, որը դիտարկում էր ՄԱԿ-ի գործողությունները 2009 թվականի Շրի Լանկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, եզրակացրեց, որ կազմակերպությունը ենթարկվել է «համակարգային ձախողման»[42]։ ՄԱԿ-ի անձնակազմից 101 մարդ զոհվեց 2010 թվականի Հայիթիի երկրաշարժից, որը կազմակերպության պատմության ընթացքում մարդկային ամենամեծ կորուստն էր[43]։
Հազարամյակի գագաթաժողովը գումարվեց 2000 թվականին՝ քննարկելու ՄԱԿ-ի դերը 21-րդ դարում[44]։ Եռօրյա հանդիպումը պատմության մեջ աշխարհի առաջնորդների ամենամեծ հավաքն էր, որն ավարտվեց անդամ բոլոր պետությունների կողմից Հազարամյակի զարգացման նպատակների ընդունումով՝ միջազգային պարտավորություն, որի նպատակն է հասնել զարգացման այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են աղքատության նվազեցումը, գենդերային հավասարությունը, առողջապահությունը, մարդու իրավունքները և համաշխարհային անվտանգությունը[45]։ Կայուն զարգացման նպատակները մեկնակրկեցին 2015 թվականին՝ Հազարամյակի զարգացման նպատակները հաջողության հասցնելու համար[46]։
Գլոբալ մարտահրավերներին դիմակայելուց բացի՝ ՄԱԿ-ը ձգտում է բարելավել իր հաշվետվողականությունը և ժողովրդական լեգիտիմիությունը՝ համագործակցություն հաստատելով քաղաքացիական հասարակության հետ և խթանելով գլոբալ ընտրողներին[47]։ Թափանցիկությունը մեծացնելու նպատակով 2016 թվականին կազմակերպությունը առաջին անգամ հանրային բանավեճ կազմակերպեց գլխավոր քարտուղարի թեկնածուների միջև[48]։ 2017 թվականի հունվարի 1-ին պորտուգալացի դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը, որը նախկինում եղել էր Փախստականների գծով ՄԱԿ-ի հանձնակատարը, դարձավ իններորդ գլխավոր քարտուղարը։ Գուտիերեշը ընդգծել է իր վարչակազմի մի քանի գլխավոր նպատակներ՝ ներառյալ հակամարտությունները կանխարգելելու դիվանագիտության շեշտադրումը, առավել արդյունավետ խաղաղապահպան ջանքերը և գլոբալ կարիքների հանդեպ կազմակերպության արձագանքը ավելի պատասխանատու ու բազմակողմանի դարձնելը[49]։
ՄԱԿ-ի համակարգը հիմնված է հինգ մարմինների վրա՝ Գլխավոր ասամբլեա, Անվտնագության խորհուրդ, Սոցիալ-տնտեսական խորհուրդ, Արդարադատության միջազգային դատարան և ՄԱԿ-ի Քարտուղարություն։ Վեցերորդ կարևոր մարմինը՝ Խնամակալության խորհուրդը, կասեցրեց իր գործողությունները 1994 թվականի նոյեմբերի 1-ին՝ ՄԱԿ-ի խնամակալության տակ գտնվող վերջին տարածքի՝ Պալաուի անկախացումից[50] հետո։
Գլխավոր հինգ մարմիններից չորսը տեղակայված են Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի գլխամասերում[51]։ Արդարադատության միջազգային դատարանը գտնվում է Հաագայում, իսկ ՄԱԿ-ի մյուս կարևոր գրասենյակները Ժնևում[52], Վիեննայում[53] և Նայրոբիում[54] են։ ՄԱԿ-ի այլ կառույցները սփռված են աշխարհով մեկ։ ՄԱԿ-ի միջկառավարական հանդիպումներում և փաստաթղթերում գործածվող վեց պաշտոնական լեզուներն են՝ արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն ու իսպաներեն[54]։ ՄԱԿ-ի Արտոնությունների և անձեռնմխելիության պայմանագրով՝ ՄԱԿ-ը և իր գործակալությունները անձեռնմխելի են այն երկրների օրենքներից, որոնցում գործում են՝ պահպանելով ՄԱԿ-ի անկողմնակալությունը հյուրընկալ և անդամ երկրների հանդեպ[55]։
Գրող Լինդա Ֆասուլոյի խոսքերով՝ վեց մարմիններից ներքև գտնվում է «ազգությունների ու կազմակերպությունների մի հրաշալի հավաքածու, որոնց մի մասը շատ ավելի հին է, քան ինքը ՄԱԿ-ը, և գործում է դրանից ամբողջովին անկախ»։ Դրանց թվում են հատուկ գործակալությունները, հետազոտական ու վերապատրաստման հաստատությունները, տարբեր ծրագրեր ու հիմնադրամներ։
ՄԱԿ-ը ենթարկվում է Noblemaire կոչվող սկզբունքին, որը պարտադիր է ՄԱԿ-ի համակարգի մեջ մտնող բոլոր մարմինների համար։ Այս սկզբունքը կոչ է անում անկախ աշխատողի ազգությունից կատարված աշխատանքի դիմաց հավասար աշխատավարձ տրամադրել[56][57]։ Գործնականում, Քաղաքացիական ծառայության միջազգային հանձնաժողով հղում է անում բարձր վարձատրող քաղաքացիական ծառայությանը[58]։ Անձնակազմի աշխատավարձերը ենթարկվում են ներքին հարկման, որը կառավարվում է ՄԱԿ-ի կազմակերպությունների կողմից[56][59]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միավորված ազգերի կազմակերպություն» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.