From Wikipedia, the free encyclopedia
Հիրոհիկո Արակի (ճապ.՝ 荒木 飛呂彦, հունիսի 7, 1960[1][2][3], Սենդայ, Ճապոնիա), իսկական անունը՝ Թոսիյուկի Արակի (ճապ.՝ 荒木 利之), ճապոնացի մանգակա, առավել հայտնի իր 9 մասից կազմված «JoJo’s Bizarre Adventure» մանգայի վրա կատարած աշխատանքի շնորհիվ։ Մանգան հրապարակվել է Weekly Shōnen Jump ամսագրում ավելի քան 35 տարվա ընթացքում։ Միայն Ճապոնիայում վաճառվել է մանգայի ավելի քան 81 միլիոն օրինակ (2007 թվականի դրությամբ)[4]։ 2019 թվականին Հիրոհիկո Արակին արվեստում ունեցած իր ձեռքբերումների համար ստացել է Ճապոնիայի կրթության և գիտության նախարարության մրցանակ[5]։
Թոսիյուկի Արակի անունով տղայի մանկությունն անցել է Սենդայում ծնողների և երկվորյակ կրտսեր քույրերի հետ։ Արակիին խիստ նյարդայնացնում էր քույրերի աղմկոտ պահվածքը, այդ պատճառով նա առանձնանում էր իր սենյակում՝ հրապուրված կարդալով Ai to Makoto մանգան[4], նաև նայելով հայրիկի՝ արվեստին վերաբերող ալբոմները։ Այսպես Արակին սկսեց հետաքրքվել մանգաներով[6]։ Նրա ոգեշնչմանը նպաստել են նաև Պոլ Գոգենի նկարները[7]։ Այն բանից հետո, երբ համադասարանցին գովել է Արակիին նրա գրած առաջին մանգայի համար, տղան խանդավառված սկսել է կոմիքսներ նկարել՝ առանց ծնողներին ասելու։ Ավագ դպրոց ընդունվելու ժամանակ Արակին առաջին անգամ իր մանգան ներկայացրել է հրատարակչությանը[6], սակայն նրան մերժել են՝ ասելով, որ շատ մանգականեր այդ տարիքում արդեն հասցրել են ստեղծել առավել պրոֆեսիոնալ և որակյալ կոմիքսներ։ Արակին որոշեց չհանձնվել և սկսեց հաճախել Տոկիոյի հրատարակչությունը՝ վերամշակելու իր մանգան՝ երբեմն անքուն գիշերներ անցկացնելով[6]։ Արդյունքում Shueisha ամսագրի խմբագիրը հետաքրքրվել է աշխատանքով․ նա քննադատել է Արակիի աշխատանքը, բայց ասել, որ տղան ունի ներուժ (պոտենցիալ), և եթե աշխատանքը լավ մշակվի, ապա կարող է Օսամու Տեձուկայի անվան մրցանակ ստանա[6]։
Արակին, դուրս մնալով Միյագիի մանկավարժական ինստիտուտից, ստեղծել է Poker Under Arms մանգայի փոքրիկ գլուխը, որտեղ գործողությունները տեղի են ունենում Վայրի Արևմուտքում[8]։ Մանգան բարձր է գնահատվել հասարակության կողմից և Օսամու Տեձուկայի անվան մրցանակ ստացել[6][8]։ Արակիի առաջին փոքրիկ մանգան, որ սկսեց հրապարակվել (1983 թվական), կոչվում է Cool Shock B.T., այն կախարդ տղայի մասին է, որ տարբեր գաղտնիքներ է գուշակում[8]։ Սակայն Արակին որոշել էր զբաղվել բռնության տեսարաններով սեյնեն աշխատանքի ստեղծումով։ Այսպես 1984 թվականին լույս տեսավ «Բաո» անունով նոր մանգան, որտեղ գլխավոր հերոսը, վարակվելով առեղծվածային մակաբույծով, ձեռք է բերում հսկայական ուժ և պետք է պայքարեր մի կազմակերպության դեմ, որն ուզում էր իրեն սպանել։ Սակայն մանգան լայն տարածում չստացավ, և Արակին ավարտեց գիրքը՝ գրելով ընդամենը երկու հատոր[9]։
Մյուս աշխատանքում՝ The Gorgeous Irene, Արակին նոր ոճ ու կերպարներ է մտածում՝ հզոր, մարզված մկաններով[8]։ Նրա հաջորդ աշխատանքը JoJo’s Bizarre Adventure: Phantom Blood մանգան է, այն դարձավ թևավոր արտահայտություն՝ մեծ ճանաչում ստանալով Ճապոնիայում։ Ըստ սյուժեի՝ երիտասարդ բրիտանացի Ջոնաթան Ջոսթարը կռվում է նոր վերածնված վամպիր Դիո Բրանդոյի դեմ, որն ուզում է նվաճել աշխարհը[8]։ Արակին որոշում է հետո էլ աշխատել մանգայի վրա՝ ստեղծելով բազում շարունակություններ ու անդրադառնալով Ջոնաթանի ժառանգներին։ Գործողությունները տեղի են ունենում տարբեր երկրներում ու տարբեր ժամանակահատվածներում՝ 19-րդ դարից սկսած մինչև մեր օրերը[8]։ Մանգան ստեղծելիս Արակին ոգեշնչվել է Ռեմբոյով և Տերմինատորով[10]։ Ֆրանշիզա Ժոժոն մեծ ճանաչում ստացավ նաև Ճապոնիայից դուրս, և նոր սերիաները շարունակվում են հիմա էլ դուրս գալ։ Արակին առ այսօր հավատարիմ է իր հայեցակարգին[8][11]։ Մանգայի թողարկման երեսուն տարվա ընթացքում (2016 թվականի դեկտեմբերի դրությամբ) ամբողջ աշխարհում վաճառվել է 100 միլիոն օրինակ[12]. «Stardust Crusaders» երրորդ մասը համարվում է ամենահայտնին[8][11]։ Մանգան նկարահանվել է մի քանի անգամ, իսկ սյուժեն օգտագործվել է տեսախաղերում[12]։
2007 թվականի սեպտեմբերին Արակին Cell նորաձևության ամսագրի շապիկի համար է նկարել[13][14], 2008 թվականին՝ իլյուստրացիաներ Յասունարի Կավաբատայի «Պարող աղջիկը Իդզուից» վեպի համար[15]. Նաև Արակին ստեղծել է ճապոնական ռոք խմբի Base Ball Bear երաժշտական ալբոմի շապիկը[16]։
2009 թվականին Արակին այն հինգ նկարիչներից մեկն էր, որ պետք է Լուվրի ցուցահանդեսի համար ստեղծեր օրիգինալ աշխատանքներ։ Գլխավոր հերոսի համար Արակին ընտրել էր Ռոհան Կիսիբեին՝ JoJo’s Bizarre Adventure մանգայի չորրորդ հատվածից և մի շարք կոմիքսներ նկարել նրա մասնակցությամբ, որոնք ավելի ուշ ցուցադրվեցին Լուվրում՝ Le Louvre invite la bande dessinée ցուցահանդեսին։ Ցուցահանդեսը տևեց հունվարի 19-ից ապրիլի 13-ը[17]։ Մանգան լույս է տեսել Ֆրանսիայում և ԱՄՆ-ում 2012 թվականի փետրվարին NBM Publishing կազմակերպության կողմից[18]։
2011 թվականի սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 6-ը Գուչին Սինձյուկուում կազմակերպել է «Rohan Kishibe Goes to Gucci» խոշոր ցուցահանդեսը՝ իտալական ապրանքանիշի, Արակիի և Spur նորաձևության ամսագրի համագործակցությամբ[19]։ Ցուցահանդեսը նշում էր Գուչիի հիմնադրման 90-ամյակը։ Այստեղ ցուցադրվել են Ռոհան Կիսիբեն՝ իրական մեծությամբ, Հիրոհիկո Արակիի բազմաթիվ աշխատանքները՝ ներառյալ 2011-2012 թվականների նոր գործերը, նորաձևության օրիգինալ դիզայնը[19], նաև Rohan Kishibe Goes to Gucci անունով հատուկ կոմիքսը, որտեղ Ռոհանը ուղևորվում է Գուչի գործարան, որ բացահայտի կախարդական պայուսակի գաղտնիքը[19]։ Jolyne Flys to Gucci անունով ևս մեկ աշխատանք կար, որտեղ գլխավոր հերոսը Ջոլին Կուդզեն է, թողարկվել է Spur ամսագրում 2013 թվականի փետրվարին[20]։
Հոնսյուի մեծ երկրաշարժի հետևանքով խիստ տուժել էին Հիրայիձումիի պատմական ավերակները, և Արակին, հուշարձանները վերականգնելու համար ավելի շատ մարդկանց և հասարակական կազմակերպություններ ներգրավելու նպատակով, ստեղծել է հատուկ նկարազարդումներ հուշարձաններով[21]։
2015 թվականի դեկտեմբերի 17-ին (Եվրոպայի համար 2016 թվականի հուլիսի 1) դուրս է եկել JoJo's Bizarre Adventure․ Eyes of Heaven խաղը, որտեղ Արակին նկարել է գլխավոր կերպար Դիո Բրանդոյին և մշակել հենց խաղի սյուժեն։ Խաղը թողարկվել է PlayStation 3 (միայն Ճապոնիայի համար) և PlayStation 4-ը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.