Ամենայն Հայոց կաթողիկոս From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Ը Կարբեցի (1762[1], Օհանավան, Կարբիբասարի գավառ, Երևանի խանություն, Աֆշարյան կայսրություն - մարտի 25, 1842[1], Վաղարշապատ, Էջմիածնի գավառ, Հայկական մարզ, Ռուսական կայսրություն), հայ հոգևորական գործիչ, Ամենայն Հայոց կաթողիկոս (1831-1842)[2][3], Վիրահայոց թեմի առաջնորդ (1829-1831)[4]։
Հովհաննես Ը Կարբեցի Ն.Ս.Օ.Տ.Տ. Հովհաննես Ը Կարբեցի 120-րդ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Տիտղոս | Ն.Ս.Օ.Տ.Տ. Հովհաննես Բ Կարբեցի Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց |
Գահակալություն | 1831 - 1842 |
Իրավանախորդ | Եփրեմ Ա Ձորագեղցի |
Իրավահաջորդ | Ներսես Ե Աշտարակեցի |
Ծնվել է | 1762[1] |
Ծննդավայր | Օհանավան, Կարբիբասարի գավառ, Երևանի խանություն, Աֆշարյան կայսրություն |
Մահացել է | մարտի 25, 1842[1] |
Մահվան վայր | Վաղարշապատ, Էջմիածնի գավառ, Հայկական մարզ, Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Հովհաննես Կարբեցին ծնվել է 1762 թվականին Երևանի խանության Կարբիբասարի գավառի Օհանավան գյուղում (Կարբի գյուղից ոչ հեռու)[2][3][4]։ Սովորել է Մուղնու վանական և Էջմիածնի ժառանգավորաց դպրոցներում։ Կուսակրոն քահանա է ձեռնադրվել Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի օրոք։ Վարդապետական աստիճան ստանալուց հետո ուղարկվել է նվիրակության։ 1807 թվականին Դանիել Ա Սուրմառեցու կողմից օծվել է եպիսկոպոս։ Մայր Աթոռում զբաղեցրել է երկրորդական պաշտոններ։ Հետագայում հմտորեն օգտագործելով Եփրեմ Ա Ձորագեղցու և Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցու միջև գոյություն ունեցող որոշ տարաձայնություններ՝ կարևոր դիրք է գրավել եկեղեցու կառավարման մեջ[4]։
1829-1831 թվականներին եղել է Վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդ։ 1830 թվականի հոկտեմբերի 8-ին հրաժարական է տալիս Եփրեմ Ա Ձորագեղցին, որից հետո Էջմիածնի միաբանության կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս է առաջադրվում Հովհաննես Կարբեցին։ Նրա թեկնածությունը պաշտպանվում է Ռուսական կայսրության կառավարության կողմից։ Ընտրությունները տեղի են ունենում կառավարության կողմից մշակված «Կանոններ ընտրությունների մասին» փաստաթղթի հիման վրա, որի արդյունքում Հովհաննես Կարբեցին ընտրվում է Ամենայն Հայոց կաթողիկոս։ 1831 թվականի հունիսի 30-ի Նիկոլայ Ա-ի հատուկ հրովարտակով վավերացվում է այդ ընտրությունը։ Օծումը տեղի է ունենում 1831 թվականի նոյեմբերի 8-ին[2][3][4]։
Հովհաննես Ը Կարբեցին Հայոց կաթողիկոսներից առաջինն է, որին տրվել է թվահամար և մակդիր՝ Հովհաննես Ը (Ութերորդ), նրա ժամանակ էլ ընդունվել է նախորդ Հայոց կաթողիկոսներին պատմականորեն թվահամար-մակդիրով տարբերակելու սկզբունքը։ Հովհաննես Ը Կարբեցին չի վայելել ոչ միայն Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի պատրիարքական աթոռների համակրանքը, այլև Մայր Աթոռի և ներքին թեմերի բարձրաստիճան շատ հոգևորականներ նրա հանդեպ որդեգրել են շեշտված ընդդիմադիր կեցվածք[4]։
Հովհաննես Ը Կարբեցու օրոք սկսվել է ցարական իշխանության կողմից Մայր Աթոռի գործունեությունը Ռուսական կայսրության կարգերին համապատասխանեցնելու քաղաքականությունը։ Ցարական կառավարությունը Արևելյան Հայաստանի միացումից անմիջապես հետո ձեռնամուխ է լինում Հայոց եկեղեցու վերաբերյալ կանոնադրության մշակմանը։ Դեռևս 1830 թվակականի մարտին հատուկ գաղտնի հանձնաժողովը Կովկասի կառավարչապետ Իվան Պասկևիչին ներկայացնում է Հայոց եկեղեցու ներքին կյանքը կարգավորող կանոնադրության նախագիծը։ Հովհաննես Ը Կարբեցին չի կարողանում դիմակայել ցարիզմի եկեղեցական քաղաքականությանը և միայն «մասնավոր» կարգով է փորձում միջամտել կանոնադրության նախագծի մշակմանը։ Կանոնադրության նախագիծը որոշ փոփոխությունների ենթարկելուց հետո Նիկոլայ Ա–ի կողմից վավերացվում է 1836 թվականի մարտի 11-ին և սկսում գործադրվել 1837 թվականի հունվարի 1–ից։ Այս կանոնադրությունը էապես կրճատում է Ամենայն Հայոց կաթողիկոսի և ընդհանրապես Հայոց եկեղեցու իրավասությունները։ Հովհաննես Ը Կարբեցին խուլ տրտունջով է ընդունում այս ամենը, թեև առարկություններ է ներկայացնում կառավարությանը, սակայն դրանք հաշվի չեն առնվում[2][3][4]։ Ռուսական կայսրության համակրանքը վայելելով հանդերձ, չի կարողացել որևէ կերպ օգտակար լինել իր ազգին[2][3]։
Հովհաննես Ը Կարբեցու առջև ծառացած կարևոր խնդիրներից է եղել հոգևոր ուսումնական համակարգի՝ ծխական դպրոցների, սեմինարիաների և ճեմարանի կազմակերպումը։ Կարողացել է վերականգնել ժառանգավորաց դպրոցի և տպարանի գործունեությունը, կազմակերպել Երևանի (1837), Ղարաբաղի (1838) և Աստրախանի սեմինարիաների աշխատանքը[4]։
Հովհաննես Ը Կարբեցու կաթողիկոսության վերջին շրջանում ռուսական մամուլում և առանձին մասնագիտական հրատարակություններում ուժեղանում են հարձակումները Հայոց եկեղեցու և նրա պաշտոնական դավանանքի դեմ, որոնցում հայերն անվանվում են արիոսական և հերետիկոս։ Հովհաննես Ը Կարբեցին 1841 թվականիի հուլիսի 31-ին Նիկոլայ Ա-ին ուղղված պաշտոնական հիշատակագրով հերքում է այդ մեղադրանքները։ Արդյունքում ցարական կառավարությունը արգելում է Հայոց եկեղեցու դեմ նմանատիպ գրությունների հրատարակությունը[4]։
Հովհաննես Ը Կարբեցու օրոք կառուցվել է էջմիածնի Սինոդի շենքը, կարգավորվել է գրադարանը, կատարվել են առանձին շինարարական ձեռնարկներ[4]։
Հովհաննես Ը Կարբեցին բարեկամական հարաբերություններ է հաստատում Կովկասի կառավարչապետ Գրիգորի Ռոզենի հետ։ Մի անգամ Ռոզենի կինը՝ Ելիզավետան, ով ագահ ու արծաթասեր կին էր, համարձակվում է խնդրել կաթողիկոսին հայրապետական խույրն իրեն ուղղարկել, որպեսզի տեսնի։ Կաթողիկոսը նրան չի մերժում և թագն ուղղարկում է։ Թագն այնտեղ մնում է վեց ամիս, կաթողիկոսը սկսում է անհանգստանալ։ Երբ թագն Էջմիածին են ուղղարկում, պարզվում է, որ թանկագին քարերը ապակիներով են փոխարինվել։ Կաթողիկոսը, սակայն չի կարողանում խոսել։ 1837 թվականի հոկտեմբերին, երբ Նիկոլայ Ա-ն այցելում է Էջմիածին, ցանկություն է հայտնում տեսնել գանձարանը և այնտեղ պահվող մեծարժեք թագը։ Թագի վրա ապակիներ տեսնելով նա զարմանք է հայտնում, և կաթողիկոսը ստիպված է լինում ամեն ինչ պատմել կայսրին։ Կայսրը Պետերբուրգ վերադառնալուց հետո Ռոզենին ազատում է Կովկասի կառավարչապետի պաշտոնից։
Մահացել է 1842 թվականի մարտի 25-ին Վաղարշապատում և ամփոփվել է Մայր տաճարի դռան առջև՝ զանգակատան հյուսիսային կողմում[2][3]։ Կաթողիկոսական գահին Հովհաննես Ը Կարբեցուն հաջորդել է Ներսես Ե Աշտարակեցին[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.