Հրդեհներ Հունաստանում (2018)
From Wikipedia, the free encyclopedia
Հրդեհներ Հունաստանում 2018 (հուն․՝ Πυρκαγιές στην Αττική το 2018), շարունակվող անտառային հրդեհների շարք Հունաստանում, որը սկսվել է 2018 թվականի հուլիս ամսին Ատտիկայի ափամերձ հատվածներում[2]։ Հուլիսի 27-ի դրությամբ, զոհերի թիվը հասնում է 88-ի։ Առնվազն 164 մեծահասակներ և 23 երեխաներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ընդորում, 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս հրդեհները 21-րդ դարում երկրորդն են իրենց ծավալներով և ուժգնությամբ։ 21-րդ դարի ամենամասշտաբային հրդեհները տեղի են ունեցել 2009 թվականին Ավստրալիայում, որի արդյունքում զոհվել է 173 մարդ։ Հունաստանում 2007 թվականին դարձյալ տեղի են ունեցել խոշոր հրդեհներ, որի արդյունքում զոհվել է 84 մարդ[3]։
Թվական | 2018 թվականի հուլիսի 23-ից մինչ օրս |
---|---|
Վայր | Ատտիկա, Հունաստան |
Պատճառ | Հավանաբար մտածված հրդեհում (կատարվում է քննություն) |
Վնասվածքներ | 187[1] |
Մահ(եր) | 88 |
Մոտ 700 բնակիչներ տարհանվել կամ տեղահանվել են, հիմնականում մերձափնյա Մատի գյուղից, որտեղ փրկարարները հայտնաբերել են 28 այրված դիակներ՝ ծովից ընդամենը մի քանի քանի մետր հեռավորության վրա[4]։ Ընդորում, դիակները մի մասը եղել են իրար մոտ[5]։ Նավակների միջոցով հազարավոր մարդիկ տարհանվել են լողափերից՝ փրկվելով հնարավոր մոխրացումից։ 10 մարդ խեղդամահ է եղել, երբ նավը, որը օգնության էր հասել Մատիի հյուրանոցներից մեկում հանգստացող զբոսաշրջիկներին, կողաշրջվել է[6]։
Հունաստանը գործի է դրել հրդեհաշիջման համար նախատեսված բոլոր օդանավերը և ավելի քան 250 հրշեջ տեխնիկա[7]։ Հրդեհաշիջման աշխատանքների մասնակցում են ավելի քան 600 հրշեջներ[8]։ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Ատտիկայում հայտարարել է արտակարգ իրավիճակ[5]։ Բացի այդ, նա հայտարարել է եռօրյա ազգային սուգ։ Հեռուստատեսությամբ դիմելով Հունաստանի ժողովրդին, Ցիպրասը նշել է․ «Մեր երկիրը վերապրում է անբացատրելի ողբերգություն»[9]։
Հրդեհների մեկնարկից հետո, Աթենքի Ակրոպոլիսի և Հունաստանի խորհրդարանի մոտ ծածանվող դրոշները կիսով չափ իջեցվել են[10]։ Ի պատիվ տուժածների, կիսով չափ իջեցվել է նաև Եվրոպական հանձնաժողովի Բրյուսելում տեղակայված կենտրոնակայանի մոտ ծածանվող դրոշը[11]։ Աշխարհի բազմաթիվ երկրներ արդեն իսկ օգնություն են տրամադրել կամ հայտնել են աջակցություն օգնելու Հունաստանին[5]։ Պետնախարար Նիկոս Տոսկասը նշել է, որ, հնարավոր է, որ հրդեհը առաջացած լինի մտածված այրման արդյունքում։ Ընդորում, հավանական է, որ այրումը սկսվելը հենց Մատիից[12][13]։