From Wikipedia, the free encyclopedia
Ձվային տարտ (չինարեն՝ 蛋撻), չինական խոհանոցում կրեմային տարտի տեսակ, որն առաջացել է անգլիական կրեմային տարտից և պորտուգալական պաշտել դե նատայից։ Կերակրատեսակը բաղկացած է խմորի արտաքին շերտից, որը լցոնված է ձվային կրեմով։ Ձվային տարտերը հաճախ մատուցվում են դիմ սամ ռեստորաններում, չինական հացաբուլկեղենի խանութներում և չա չան տեն սրճարաններում (հոնկոնգյան ոճով սրճարաններ)[2]։
Ձվային տարտը սկսել է վաճառվել 20-րդ դարի սկզբին Գուանչժոուում (Կանտոն) և Գուանդուն նահանգում՝ ոգեշնչվելով եվրոպական կրեմային տարտերից։ Գուանչժոուի կարգավիճակը՝ որպես եվրոպացի առևտրականներին հասանելի միակ նավահանգիստ, հանգեցրել է կանտոնական խոհանոցի ընդլայնմանը՝ ունենալով արտաքին շատ ազդեցություններ[3]։ Երբ Գուանչժոուի տնտեսությունը զարգացել է առևտրի և եվրոպական տերությունների հետ շփման արդյունքում, քաղաքի արևմտյան ոճի խանութների հրուշակագործներին ստիպել են նոր ու տպավորիչ ուտեստներ մտածել, որպեսզի գրավեն հաճախորդներին։ Այսպիսով ձվային տարտերի տեսակները՝ ոգեշնչված Եվրոպայից և պատրաստված խոզի ճարպով շերտավոր խմորով և շոգեխաշված ձվի պուդինգի նման միջուկով (燉蛋), այն ժամանակ պատրաստվել են խանութներում և դարձել «Շաբաթվա առանձնահատուկ» ուտեստ[4]։
Մեր օրերում Չինաստանում կա ձվային տարտի 2 հիմնական տեսակ։ Մի տեսակը, որը ստեղծվել է մոտ 1927 թվականին Գուանչժոուի Ժեն Գուան ռեստորանում (真光酒樓), նման է Գուանչժոուի և Հոնկոնգի այսօրվա հայտնի ձվային տարտերին։ Մյուս տեսակը ստեղծվել է Մակաոյում և պաշտել դե նատայի մակաոյական տարբերակն է, քանի որ Մակաոն այն ժամանակ եղել է Պորտուգալիայի գաղութ։
Ձվային տարտերը ներմուծվել են Հոնկոնգ Գուանչժոուի միջոցով 1940-ականներին, բայց ի սկզբանե դրանք եղել են միայն արևմտյան ոճի բարձրակարգ ռեստորաններում։ 1960-ականներին չա չա տենը սկսեց մատուցել ձվային տարտեր՝ խմորեղենը հանրածանոթ դարձնելով Հոնկոնգի բնակչության բանվոր դասակարգին[5][6]։
Հոնկոնգյան ձվային տարտերը հիմնականում ավելի փոքր են և մատուցվում են 2-3 հատով, ի տարբերություն Գուանչժոուի սկզբնական ձվային տարտերի, որոնք ավելի մեծ էին և կարող էին մատուցվել մեկ հատով։ Կրեմի միջուկը կարող է լինել շոկոլադի, կանաչ թեյի կամ թռչնի ուտելի բնի համով, իսկ արտաքին շերտը կարող է պատրաստվել խմորով[4][5][7]։
2014 թվականի հունիսին ձվային տարտի պատրաստման տեխնիկան պաշտոնապես ներառվել է Հոնկոնգի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում[8]։
1989 թվականին բրիտանացի դեղագործ Էնդրյու Ստաուն և նրա կինը՝ Մարգարիտ Ուոնգը, Կոլոանում բացել են Լորդ Ստաուի հացաբուլկեղենի խանութը, որտեղ վաճառել են պորտուգալական տարտեր, որոնք պաշտել դե նատայի կրկնօրինակն էին[9]։ Այս տեսակը պորտուգալական տարտն է (չինարեն՝ 葡撻)[10][11]։ 1999 թվականին Ուոնգը բաղադրատոմսը վաճառել է KFC-ին, որն էլ հետո մակաոյական ոճի պաշտել դե նատան ներմուծել է Ասիայի մյուս հատվածներ, ներառյալ Սինգապուրը և Թայվանը[5][12]։
Ի տարբերություն հոնկոնգյան ոճով ձվային տարտերի, մակաոյական ոճով ձվային տարտերն ունեն կարամելացված դարչնագույն վերին շերտ[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.