From Wikipedia, the free encyclopedia
Մարաղա (պարս.՝ مراغه), քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում` Արևելյան Ադրբեջան օսթանում, Մարաղա շահրեստանի վարչական կենտրոնը։ Վերջին մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 272 400 մարդ[1][2]։
Քաղաք | ||
---|---|---|
Մարաղա | ||
պարս.՝ مراغه | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Արևելյան Ադրբեջան | |
Շահրեստան | Մարաղա | |
Համայնք | Կենտրոնական բախշ | |
ԲԾՄ | 1456 մետր | |
Բնակչություն | 272 400 մարդ[1][2] | |
Հեռախոսային կոդ | 041 | |
Պաշտոնական կայք | maraghe.com | |
| ||
Քաղաքը գտնվում է Սահանդի լեռնազանգվածից հարավ` Սուֆի չայ գետի բարեբեր հովտում, Ուրմիա լճի հարավ-արևելյան մասից մոտ 30 կմ արևելք։ Գտնվում է Արևելյան Ադրբեջանի վարչական կենտրոն Թավրիզից ուղիղ գծով մոտ 75 կմ հարավ` բաժանված լինելով վերջինից Սահանդի լեռնազանգվածով[3]։
Կլիման համեմատաբար մեղմ է և խոնավ, ջրի առատությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում գյուղատնտեսության համար։ Քաղաքը շրջապատված է պտղատու այգիներով, այստեղ աճեցվող մրգերը հայտնի են ողջ Իրանում, նաև արտահանվում են Ռուսաստան[3]։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 175 255 մարդ, որոնք կազմում էին 54 958 տնտեսություն։ Մարաղան Արևելյան Ադրբեջանի բնակչությամբ երկրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Թավրիզից հետո[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Բնակիչները հիմնականում իրանական ադրբեջանցիներ են[3], որոնք գերազանցապես շիա իսլամի հետևորդներ են։
Որոշ պատմաբաններ գտնում են, որ Մարաղան համապատասխանում է հունա-հռոմեական աղբյուրներում հիշատակվող Ատրպատականի մայրաքաղաք Փրաասպա/Փրաատային։ IX-X դարերի արաբական աղբյուրները նշում են, որ քաղաքը նախկինում կոչվել է Աքրա-ռուդ կամ Աֆրա-ռուդ, ինչը հիշեցնում է անվանման հունա-հռոմեական տարբերակները[3]։
Մարաղան Ատրպատականի այլ քաղաքների հետ մեկտեղ գրավվել է արաբների կողմից 643 թվականին։ Օմայյան արքայազն Մրվան իբն Մուհամմեդը այցելել է քաղաք դեպի Գիլան և Մուղան կատարած արշավանքներից հետո, իրականացրել որոշակի շինարարական աշխատանքներ։ Այս շրջանում է, որ քաղաքը ստացել է Մարաղա անունը[3]։ VIII-IX քաղաքն ամրացվել է պարիսպներով և հանդիսացել Ատրպատականի կուսակալների ամառային նստավայրը[3]։
Քաղաքը գրավվել է մոնղոլների կողմից 1231 թվականին։ 1258 թվականին Բաղդադը գրավելուց հետո մոնղոլական առաջնորդ Հուլավու խանը (իշխել է 1256-1265 թվականներին) Մարաղան դարձրել է իր նստավայրը։ Նրա հրամանով և Նասր ալ-Դին Թուսիի ղեկավարության տակ քաղաքից արևմուտք կառուցվել է Մարաղայի աստղադիտարանը։ Քաղաքից դեպի արևմուտք գտնվող Ուրմիա լճի Շահի կղզու վրա Հուլավուն կառուցել է տվել ամրոց, որտել էլ թաղվել է մահվանից հետո[3]։
Հուլավուի մահվանից հետո նրա ստեղծած իլխանության մայրաքաղաքը տեղափոխվել է Թավրիզ, սակայն քաղաքը շարունակել է կարևոր դեր խաղալ և շարունակաբար հիշատակվում է իլխանության պատմության տարբեր դրվագների հետ կապված։ 1304 թվականին այստեղ Օլջեյթուն (իշխել է 1304-1316 թվականներին) ընդունել է Չինաստանից դեսպաններին, աստղադիտարանի ղեկավարությունը հանձնել Նասր ալ-Դին Թուսիի որդուն։ 1312 թվականին քաղաքի ղեկավարությունը հանձնվել է Հալեպի նախկին ամիրա Ղարա-Սունքուրին, որն իշխել է մինչև 1328 թվականը։ Այս վերջին իրադարձության մասին գրում է պատմիչ Իբն Բատուտան, որն ավելացնում է, որ Մարաղան այդ ժամանակներում հայտնի էր որպես «Փոքր Դամասկոս»[3]։
Համդալլահ Ղազվինին 1340 թվականին նկարագրում է Մարաղան որպես Ադրբեջանի հարավային մասն ընդգրկող թումանի մայրաքաղաք։ Այս թումանը հյուսիսից սահմանակից էր Թավրիզի, արևմուտքից` Խոյի թումաններին, հարավից` Քրդստանին, արևելքից` այսպես կոչված պարսկական Իրաքին։ Բնակչությունն այստեղ խոսում էր պահլավերենի տարբերակներից մեկով[3]։
Մարաղայի հայությունն այստեղ է հաստատվել հիմնականում շահ Աբբասի կազմակերպած բռնագաղթի հետևանքով։ Հայերը Մարաղայում մեծ թիվ են կազմել մինչև 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմը։ Նրանց թիվը զգալի էր նաև շրջակա գյուղաքաղաքներում և գյուղերում (Աջաբշիր, Բոնաբ, Դեհխառկան կամ Դուխարդան (այժմ՝ Ազհրշեհր), Զվարա, Խոջամիր, Ղալաջուղ, Մալհքան (Մալհքենդ), Շիշվան, Փեհրավա, Սըրըջ և այլն)։ Այստեղ շրջանում բնակվող հայերը խոսել են Մարաղայի բարբառով։ Թուրքմենչայի պայմանագրի (1828) կնքումից հետո Մարաղայից և շրջակա բնակավայրերից շուրջ 700 ընտանիք է տեղափոխվել Արևելյան Հայաստան՝ հաստատվելով Ղարաբաղում (որտեղ նրանք հիմնել են Մարաղա գյուղը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում), Երևանում, Նախիջևանում, Վայոց ձորում և այլուր[11]։
20-րդ դարի սկզբին Մարաղան ուներ 838, իսկ 1928 թվականին՝ 1204 հայ բնակիչ։ Գործել են Սուրբ Հովհաննես եկեղեցին, դպրոց (Հակոբ-Խալաֆյան, ընդհատումներով գործել է 1899-1978 թվականներին)։ 1946 թվականի ներգաղթից հետո, երբ Հայաստան է տեղափոխվել Մարաղայի հայերի հիմնական մասը, համայնքն աստիճանաբար մարել է։ 1964 թվականին այստեղ բնակվել է 77, իսկ 1969 թվականին՝ միայն 20 հայ ընտանիք։ Վերջին հայ բնակիչները Մարաղայից հեռացել են 1970-ական թվականների վերջին[11]։ Այժմ Մարաղայում հայեր չեն ապրում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.