Միհրականություն
From Wikipedia, the free encyclopedia
Հին Իրանում, զրադաշտականության ծագումից առնվազն չորս հազար տարի առաջ, միհրականությունը կամ Միհրի պաշտամունքը (Միտրաիզմը) մեծ տարածում է ունեցել, որը իր ընդգրկուն ծավալներով շարունակել է գոյատևել մինչև մ.թ.ա. չորրորդ դարի 600-ական թվականները։
Միհր աստծո մասին առաջին հիշատակությանը հանդիպում ենք Հերոդոտի մոտ, ով հին ժողովուրդների պաշտամունքի մասին խոսելիս Միթրային հիշատակում է իբրև ֆարսիների (իրանցիների) աստված. «Ասորիները երկրպագում էին Աֆրոդիտեին՝ Միլիթոյին, արաբները՝ Ալիլամին, իսկ ֆարսիները՝ Միթրային»[1]։
Պարթևների (Իրանի արշակունիների) օրոք Միհրի պաշտամունքը (միտրաիզմը) այնպիսի ընդգրկուն տարածում է գտնում, որ դուրս գալով Իրանի սահմաններից տարածվում է այդ ժամանակաշրջանի ողջ Եվրոպայով մեկ, ընդհուպ մինչև Հռոմ, ներթափանցելով պատմական մի տևական ժամանակահատված՝ վերածվում է Հռոմի մեծ կայսրության պաշտոնական կրոնի։
Միհրականությունը հիմնված էր Միհր դիցի (արևի աստծո) «Միթրայի» պաշտամունքի վրա։ Միհրը՝ սիրո, բարության, գութի, ուխտի ու պայմանի աստվածն էր համարվում։ Հենց այս է պատճառը, որ միհրականության հետևորդների մոտ ուխտի և պայմանի դրժումը ամենամեծ մեղքն էր համարվում։ Ըստ միտրաիզմին առնչվող դիցաբանության և առասպելների, Միթրան (Միհրը) ծնվում է Կույս Անհաիթայից (հայ դիցաբանության մեջ՝ Անահիտ), ով ջրերի աստվածուհին էր[2]։
Զրադաշտը հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրանի ժողովուրդը մեծ հարգանք և հոգևոր կապվածություն է տածում միհրականություն հանդեպ, ոչ միայն դեմ դուրս չեկավ այդ պաշտամունքին, այլ մտցրեց այն իր կրոնի մեջ, մի տարբերությամբ, որ զրադաշտականության մեջ Միթրան իր գլխավոր աստծո տեղը զիճեց Ահուրամազդային (հայ դիցաբանության մեջ՝ Արմազդ) և զրադաշտականության տարածումով՝ Ահուրամազդան դառնալով գլխավոր աստված զբաղեցրեց Միթրայի տեղը։
Սակայն միտրաիզմի հավատարիմ հետևորդները ինչպես Իրանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս երբեք չհաշտվեցին այդ մտքի հետ և չընդունեցին այս փոփոխությունը և նրանց համար Միթրան շարունակեց մնալ գլխավոր և միակ Աստված[3]։
Միթրայի սիմվոլը արևն է, և հենց այդ պատճառով, ոմանք Միթրայի հետևորդներին արևապաշտներ են անվանում, հարց, որը ըստ որոշ ուսումնասիրողների անվիճելի է, հարյուր տոկոսանոց սխալ է համարվում։ Մինչդեռ, դեռևս Ստրաբոնը ասում է. «Ֆարսիները Հելիոսին են կոչում Միթրա, այսինքն՝ արև»[4]
Կեռ կոտրված թևերով խաչը ևս այս ուսմունքի հետևորդների նշանն է համարվում, որը հայտնի է իբրև Միթրայի կառք[Ն 1][Ն 2]։
Միհրապաշտներն ամենօր լուսաբացին կանգնում էին արևի առջև, և խոստովանելով իրենց նախորդ օրվա գործած մեղքերը, Միթրայից մեղքերի թողություն էին խնդրում։
Միհրականության մեջ ոչ ոք իրավունք չուներ սպանել կամ վիրավորել ու որևէ նեղություն կամ վնաս պատճառեր նրանց, ովքեր միտրաիզմի հետևորդ չէին հանդիսանում և պատմությամ որևէ ժամանակահատվածում չեք հանդիպի տեղեկություն այն մասին որ այս ուսմունքի հետևորդներն իրենց կրոնի համար, այլ կրոնի հետևորդներին սպանած լինեն։