Նավահրուդակի ամրոց
From Wikipedia, the free encyclopedia
Նավահրուդակի ամրոց (բելառուս․՝ Навагрудскі замак, լիտ.՝ Naugarduko pilis, լեհ.՝ Zamek w Nowogródku), Լիտվայի մեծ իշխանության առանցքային պաշտպանական կառույցներից մեկը, որը լեհ պատմիչ Մացեյ Ստրիկովսկու աշխատության մեջ հիշատակվում է որպես Լիտվայի արքա Մինդաուգասի թագադրության, հետագայում՝ նաև հուղարկավորության վայր[1][2][3][4]։
Ըստ պատմական աղբյուրների վկայության՝ 14-րդ դարի սկզբներին Նավահրուդակում եղել է աղյուսաշեն կամ քարաշեն մի աշտարակ, որը Կամենեցի և համանման այլ աշտարակների հետ պաշտպանական մի գիծ է կազմել։ 1314 թվականին տևտոնյան օրդենի ասպետները, Հայնրիխ ֆոն Պլյոցկեի հրամանատարությամբ, գրոհել են ամրոցը և թեև չեն կարողացել գրավել, բայց բավականին մեծ վնաս են պատճառել ամրություններին։ 16-րդ դարում էլ պաշտպանական այս կառույցը ենթարկվել է Ղրիմի թաթարների հարձակմանը։
Վիտաուտաս Մեծի օրոք ամրոցում չորս նոր աշտարակներ են ավելացվել արդեն եղած ամրություններին։ 17-րդ դարում գլխավոր ամրոցն ունեցել է յոթ աշտարակ։
Ռուս-լեհական պատերազմի ժամանակ (1654–1667) ռուսական զորքերը երկու անգամ պաշարել ու գրավել են Նավահրուդակը։ Ամրոցին նոր ավերածություններ են պատճառել շվեդները (1706 թվականին՝ Հյուսիսային մեծ պատերազմի ժամանակ)։ Ամրոցի հետագա ավերումը կանխելու նպատակով 1920-ական թվականներին որոշ միջոցներ են ձեռք առնվել։ Միջնադարյան այդ կառույցի տարածքը մեր օրերում օգտագործվում է ասպետական թատերականացված մենամարտեր կազմակերպելու նպատակով։