From Wikipedia, the free encyclopedia
Նարնջագույն այլընտրանք (լեհ.՝ Pomarańczowa Alternatywa), ընդհատակյա խումբ, որը 1980-ականներին գործել է Լեհաստանի մի շարք քաղաքներում, հիմնականում՝ Վրոցլավում, շարունակելով հոլանդական հակամշակութային ու անարխիստ «Պրովո» և «կաբուտերների» շարժումների ավանդույթները։
Կազմակերպվել է լեհ նկարիչ Վալդեմար «Մայոր» Ֆիդրիխի կողմից 1983 թվականին։ Չնայած խորհրդանիշներից շատերը, ինչպես, օրինակ, նարնջագույնն ու թզուկները, վերցված էին 1960-ականներին գործունեություն ծավալած «Պրովո» շարժումից, հետազոտողների մեծ մասը Նարնջագույն այլընտրանքը գնահատում են որպես ինքնաբավ ու կրեատիվ շարժում։ Այդ ժամանակահատվածում քաղաքների փողոցներն ու հանրային շինությունները ծածկվում էին կարմիր դրոշներով։ Այդ կարմիր իրականության այլընտրանքը, թեկուզ նարնջագույն, անհրաժեշտություն էր։ Լեհ հասարակության մեջ ամրացավ այն համոզմունքը, որ գոյություն ունեցող իրականությանն այլընտրանք կա։ Նարնջագույն այլընտրանքի ակցիաների նպատակն էր ցույց տալ կոմունիստական ղեկավարության աբսուրդային մեծ ցանկությունը տոնելու ամեն մի օրացուցային տոն, ցույց տալ նրանց նշանաբանների դատարկությունն ու ադմինիստրատիվ կանոնների հիմարությունը։ «Մեր նպատակն է քանդել կարծատիպերը,-ասել է Մայորը ընդհատակյա «Դպրոց» պարբերականին տված հարցազրույցում։ Դրանք կարող են լինել վարքագծի կանոններ կամ էլ կարծատիպեր արվեստի մեջ։ Վախը որոշակի նորմա է, հիմարությունը ևս որոշակի նորմա է...»:
Բացի հայրենի Վրոցլավից, Նարնջագույն այլընտրանքն ակտիվ էր նաև Լոձում և Վարշավայում։ Այլ երկրներում ևս, ինչպես օրինակ, Չեխոսլովակիայում, կազմավորվում էին նմանատիպ կազմակերպություններ։
1980-ականների սկզբին Նարնջագույն այլընտրանքը հիմնելու նախաձեռնությամբ հանդես եկան վրոցլավյան ընդդիմության հետ կապված մարդիկ։ Հատուկ դեր ունեցավ Վալդեմար Ֆիդրիխը Տորունիից, ով իր վրա վերցրեց առաջնորդի դերը։ Այս նպատակով նա իր «Մայոր» մականունից բացի վերցրեց նաև «Վրոցլավ ամրոցի կոմենդանտ» երգիծական կոչումը` դրանով կապ հաստատելով քաղաքի բազմադարյա պատմության հետ, որին պատերազմի ընթացքում քաղաք-ամրոց էին կոչում։ Նարնջագույն այլընտրանք անվանումն առաջին անգամ դարձել է հայտարարության վերնագիր, որը հրապարակվել է Վլոցլավի Համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում նստացույցի ժամանակ, 1981 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր։ «Սոցիալիստական սյուրռեալիստական մանիֆեստում», որը, ըստ ցուցարարաների կոմիտեի «արտահայտում էր ցույցի վերին գաղափարները», առաջին անգամ ներկայացվել են սոցիալիստական սյուրռեալիզմի թեզերը, որը հանդիսանում էր Նարնջագույն այլընտրանք խմբի ապագա հիմնական տեսական զենքը։
Նարնջագույն այլընտրանքի առաջին ակցիայի ընթացքում լեհական հիմնական քաղաքների պատերին նկարվեցին թզուկները։ Ըստ Ֆիդրիխի, ինքն առաջին անգամ իր ընկեր Վեսլավ Ցուպալայի հետ համարձակվեց թզուկներ նկարել 1982 թվականի օգոստոսի 30-31-ի գիշերը Վրոցլավի Բիսկուպին թաղամասի տներից մեկի և Սեմպոլնո թաղամասի տրանսֆորմատորային խցիկի վրա։ Երրորդ թզուկին Ցուպալան նկարեց Սեմպոլնոյի հեռախոսային խցիկի վրա։ Քաղաքում հայտնված թզուկները տեղացիների շրջանում բամբասանքների ու շշուկների ալիք բարձրացրին։ Թզուկի պատկերն այսուհետև դարձավ Նարնջագույն այլընտրանքի խորհրդանիշ։ Այս խորհրդանիշի մոտիվներով Վլոցլավում թզուկների մի քանի տասնյակ բրոնզե արձաններ են տեղադրված, որոնք հիմա քաղաքի տեսարժան վայրերից են։
Նարնջագույն այլընտրանքը մեծ ճանաչում ձեռք բերեց 80-ականների երկրորդ կեսին, երբ կազմակերպիչներին շատ երիտասարդներ միացան, ում համար «համերաշխության» պաշտոնական ձևը կամ շատ ձանձրալի էր, կամ` ոչ բավարար։ Շրջադարձային էր Village Voice-ում տպագրված հայտարարությունն այն մասին, թե Վրոցլավի Բաց Թատրոնում կայանալիք թառատոնի ժամանակ անվճար բաժանվելու է զուգարանի թուղթ, ինչի մեծ պակաս կար երկրում այդ ժամանակ։ Այդ ժամանակ Նարնջագույն այլընտրանքն սկսեց հետաքրքրել ոչ միայն լեհական, այլ նաև` արտասահմանյան զլմ-ներին (դրա ակցիաների մասին հաղորդում էր անգամ Արաբական Միացյալ Էմիրությունների մամուլը)։ Նարնջագույն այլընտանքի հանդեպ դրական էր տրամադրված երկրի ընդդիմությունը Նարնջագույն այլընտրանքի առաջին ակցիաներն սկսել են կազմակերպվել 1986 թվականին, իսկ մեծ ճանաչում ձեռք է բերվել 1987-88 թվականների ընթացքում, երբ կազմակերպվում էին իրական կամ մտացածին տոները ծաղրելու ակցիաներ։ Իրադարձությունները վերաբերում էին լեհական իրականությանը, իսկ դրանց մեմերը դառնում էին պաշտոնական քաղաքական իրադարձությունները, քաղաքական նշանաբանները, հերթական տարդարձերի ու պետական տոների նշումը։
Իր գործունեության համար վրոցլավյան Նարնջագույն այլընտրանքը 1988 թվականի դեկտեմբերին պարգևատրվել է լեհ հայտնի ռեժիսոր Անջեյ Վայդի կողմից։ Պաևգևն ստացել է Նարնջագույն այլընտրանքի պատվիրակությունը։
Չնայած այս ակցիաների կազմակերպիչներն ու համակիրները հիմնականում հայտնի էին անարխիստական հայացքներով, այս ակցիաները գաղափարական չեն։ Դրանց ընթացքում որևէ լուրջ պահանջներ չեն առաջադրվել, իսկ նշանաբանները հիմնականում սյուրռեալիստական էին (օրինակ, «Առանց թզուկների ազատություն չկա») և պարզապես վերաձևակերպում էին «Համերաշխության» նշանաբանները։ Նրանք մերկացնում էին համակարգի աբսուրդային լինելը ծաղրանքի միջոցով և ստիպում էին մտածել։ Ակցիաների բաց ձևաչափի շնորհիվ դրանց կարող էին միանալ տարբեր խմբեր ու գործիչներ, ինչպես նաև` պարզապես անցորդներ։ Հենց դրա շնորհիվ էլ յուրաքանչյուր ակցիա հավաքում էր մինչև մի քանի հազար մասնակից, որոնց մեծ մասը որպես կանոն պարզապես անցորդներ էին լինում։ Նարնջագույն այլընտրանքի պատմության մեջ գագաթնակետը եղել է 1988 թվականի հունիսի մեկի «Թզուկների երթը», որին միացել է նարնջագույն գլխարկ դրած մի քանի հազար մարդ։ Ակցիաները հիմնականում ավարտվում էին ոստիկանության կողմից առավել ակտիվ մասնակիցների ձերբակալմամբ։ Նարնջագույն այլընտրանքը նաև թռուցիկներ էր բաժանում, որում հումային ձևով նկարագրվում էր նախորդ ակցիան ու կոչ էր արվում մասնակցել հաջորդին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.