Նիկոլայ Դուբովսկոյ
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Նիկանորովիչ Դուբովսկոյ (ռուս.՝ Никола́й Никано́рович Дубовско́й, դեկտեմբերի 5 (17), 1859 կամ դեկտեմբերի 17, 1859(1859-12-17)[1], Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 28, 1918(1918-02-28)[2][3][4][…], Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[2]), 19-րդ և 20-րդ դարերի վերջի ռուսական բնանկարային դպրոցի նկարիչ, ականավոր հասարակական գործիչ, Պերեդվիժնիկների ասոցիացիայի («Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն» - այսուհետ՝ ԳՇՑԸ) անդամ, ավելի ուշ՝ առաջնորդներից մեկը։ Ընկերությունը եղել է 19-րդ դարի ռուսական արվեստի ամենանշանակալի միություններից մեկը, որն ակնառու դեր է խաղացել ռուսական կերպարվեստի զարգացման գործում[Նշում 1][5][6][7]։
Նիկոլայ Դուբովսկոյ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5 (17), 1859 կամ դեկտեմբերի 17, 1859(1859-12-17)[1] |
Ծննդավայր | Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | փետրվարի 28, 1918(1918-02-28)[2][3][4][…] (58 տարեկան) |
Մահվան վայր | Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ՌԽՖՍՀ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1881) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Nikolay Dubovskoy Վիքիպահեստում |
Դուբովսկոյը եղել է Սանկտ Պետերբուրգի կայսերական արվեստների ակադեմիայի գեղանկարչության ակադեմիկոս (1898), ակադեմիայի իսկական անդամ (1900), Գեղարվեստի ակադեմիայի խորհրդի անդամ (1908), մանկավարժ (1909), պրոֆեսոր-բնանկարային արվեստանոցի վարիչ։ Կայսերական արվեստների ակադեմիային կից բարձրագույն արվեստի ուսումնարանի պրոֆեսոր, բնանկարային արվեստանոցի վարիչ (1911)։
Հեղինակ է ռուսական բնության խորաթափանց, վարպետորեն պատկերված և շատ սիրված նկարների և շարունակել է իր ուսուցչի՝ ակադեմիկոս Միխայիլ Կլոդտի (1832-1902) ընդարձակ, համայնապատկերային բնապատկերի ավանդույթը։ Նկարչի վրձնին են պատկանում ավելի քան չորս հարյուր նկար և մոտ հազար էտյուդ[8]։
Դուբովսկոյը այն եզակի ռուս բնանկարիչներից է, ով արժանացել է ոսկե և արծաթե մրցանակների՝ Փարիզում, Մյունխենում և Հռոմում կայացած միջազգային արվեստի ցուցահանդեսներին մասնակցելու համար։ Բնանկարի վարպետի կտավները ներկայացված են Պետական Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Ռուսական պետական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ), Օմսկի, Նիժնի Նովգորոդի, Նովոչերկասկի, Կազանի, Կրասնոյարսկի Վ. Ի. Սուրիկովի անվան պետական գեղարվեստական թանգարաններում, Սոչիի գեղարվեստի թանգարանում և Ռուսաստանի ու արտերկրի բազմաթիվ այլ թանգարաններում[8]։
Նիկոլայ Դուբովսկու «Ժամհարություն» կտավը (1916) 2013 թվականի դեկտեմբերին լոնդոնյան MacDougall's աճուրդի տանը դարձել է լավագույն լոտը և վաճառվել ռեկորդային գումարով՝ 777,000 ֆունտ ստեռլինգով, երկու անգամ ավելի քան նախնական ներկայացված արժեքը[9]։