Նորվեգիայի աշխարհագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Նորվեգիայի աշխարհագրություն, ուսումնասիրում է Սկանդինավյան թերակղզու արևմտյան հատվածում գոյություն ունեցող պետության՝ Նորվեգիայի լեռնագրությունը, ջրագրությունը, կլիման, բուսական ու կենդանական աշխարհը։
Նորվեգիա | |
---|---|
Մայրցամաք | Եվրոպա |
տարածաշրջան | Սկանդինավյան թերակղզի |
Տարածք | տեղը |
• Ընդհանուր | 385170 |
• ցամաք | 94.95% |
• ջուր | 5,05% |
Ափային հատված | 25148 |
Սահման | 2515 կմ |
Բարձրագույն կետ | Գալհյոպիգեն (2469 մ) |
Ցածրագույն կետ | Նորվեգական ծով (0 մ) |
Ամենաերկար գետ | Գլոմմա (604 կմ) |
Ամենամեծ լիճ | Մյոսա (362կմ2) |
Կլիմա | մերձարկտիկական և բարեխառն ծովային |
Նորվեգիան գտնվում է Հյուսիսային Եվրոպայում՝ զբաղեցնելով Սկանդինավյան թերակղզու հյուսիսային ու արևմտյան ծովափը։ Եզերում է Հյուսիսային ծովին (հարավ-արևմուտք) և Սկագերակ նեղուցին (հարավ), Նորվեգական ծովին (արևմուտք) և Բարենցի ծովին (հյուսիս-արևելք)։ Նորվեգիան երկար տարիներ սահմանակցում էր երկու երկրի՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած սահմանային փոփոխությունների արդյունքում Ֆինլանդիան զրկվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում ունեցած իր ափերից, որոնք հանձնվում են Նորվեգիային։ Արդյունքում Նորվեգիան մի քանի կիլոմետրանոց սահման է ունենում ԽՍՀՄ (1991 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության հետ)։ Տարածքը կազմում է 385 186 կմ²։ Դրա մեջ մտնում են նաև բազմաթիվ կղզիներ՝ Ատլանտյան և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսներում, որոնցից առավելապես հայտնի է Շպիցբերգեն կղզեխումբը։ Ունենալով միևնույն բնակլիմայական պայմանները, ինչ հարևան Շվեդիան ու Նորվեգիան, ինչպես նաև ՌԴ տարածքում գտնվող Կոլայի և Կանին թերակղզիները, Նորվեգիան մտնում է Ֆենոսկանդիա բնական ու տնտեսական մարզի մեջ[1]։
Նորվեգիան ունի հյուսիս-հարավ ձգվածություն։ Նրա կտրատված ծովափը զուգակցվում է ծովածոցերով (ֆյորդ) և կղզիներով։ Վերջինների քանակը հասնում է 50000-ի[2]։ Հիմնական ցամաքը զբաղեցնում է 13° լայնություն՝ հյուսիսային լայնության 58°-ից 71°-ը, (Սվաբալդ՝ հյուսիսում, 81°)։ Արևմուտքում սահմանը հասնում է արևելյան երկայնության 5°-ին (Սոլունդ), իսկ արևելքում՝ 31°-ին (Վարդյո)։ Երկրի, ինչպես և Եվրոպայի ամենահյուսիսային կետը բուն ցամաքում գտնվում է հյուսիսային լայնության 71,2°-ի վրա։ Այս աշխարհագրական կոորդինատներով Նորվեգիան ամենահյուսիսայիններից է աշխարհում։ Նրա միջին բարձրությունը 460 մ է, և տարածքի 32%-ը գտնվում է անտառային գոտուց վեր։ Նման տվյալներով այն ամենալեռնայիններից է Եվրոպա աշխարհամասի տարածքում։
Սկանդինավյան լեռները, որի հողմահայաց լանջերին տարածվում է Նորվեգիան, ունեն իրենց ֆիզիկաաշխարհագրական շարունակությունը. դրանք Ատլանտյան օվկիանոսի տակով հասնում են Շոտլանդիա և Իռլանդիա, ինչպես նաև՝ հեռավոր Ապալաչներ (ԱՄՆ)։ Դրանք ժամանակին եղել են հինավուրց մայրցամաքի՝ Պանգեայի մասը, և այսօր դրանք բոլորը հին լեռներ են։ Մինչ այժմ, արդեն հազարամյակներ անց, այստեղ զգացվում է սառցադաշտերի գոյությունը։ Դրանք են պատճառ հանդիսանում Նորվեգիայի ափերի կտրատված լինելուն։ Տեղի ունեցող մակընթացությունների ալիքը ծովային քամիների պատճառով կարող է հասնել մի քանի տասնյակ մետրի։ Լինելով սառը քամիներ՝ դրանք բացասաբար են ազդում ջերմաստիճանի վրա. այստեղ ցուրտ ծովային կլիմա է։