Նոր շրջանի հայ գրականություն
From Wikipedia, the free encyclopedia
Նոր շրջանի հայ գրականություն, 17-րդ դարի 1-ին քառորդից հայ իրականության մեջ սկիզբ առած սոցիալ-քաղաքական և մշակութային զարթոնքը նպաստել է գեղարվեստական գրականության զարգացմանը։ Գրչագրության և նորաստեղծ տպագրության (1512) շնորհիվ վերակենդանացել է միջնադարյան հայկական գրավոր հարուստ ժառանգությունը։
17-18-րդ դարերում գրական գերակշռող սեռը քնարերգությունն է, որ զարգացել է 3 հիմնական ուղղություններով՝ կրոնահայրենասիրական բանաստեղծություն, աշխարհիկ տաղերգություն և ժողովրդագուսանական երգ։ Այս ուղղությունները, իրենց բնորոշ գծերով հանդերձ, միմյանցից խստորեն տարանջատված չեն։ Բնորոշ է Մարտիրոս Ղրիմեցու գրական ժառանգությունը, որտեղ համատեղվել են հոգևոր երգը, աշխարհիկ տաղը, աշուղը, ոտանավորը։ Այսուհանդերձ, բանաստեղծական հիշյալ 3 ուղղություններն առանձնանում են որոշակի ժառանգականությամբ և դրանից բխող լեզվաոճական, պոետիկական հատկանիշներով, թեմատիկայով և նպատակաուղղվածությամբ։