Հայկական տպագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Հայկական տպագրություն հայերեն բնագրերի (ինքնուրույն և թարգմանական) տպագրական վերարտադրությունն ու բազմացումը։ Հայկական տպագրություն են նաև այլալեզու հրատարակությունների մեջ հայերեն տպված հատվածները։ Հաճախ Հայկական տպագրություն են համարում մեսրոպատառ ամեն մի տպագրություն (նաև հայատառ թուրքերեն, քրդերեն և այլն)։
Հայկական տպագրությունը զարգացման 3 շրջան է ունեցել.
- 1512-1800 թվականները՝ հնատիպ գրքի շրջան,
- 1801-1920 թվականները՝ նոր շրջան,
- 1920 թվականից հետո՝ խորհրդային և սփյուռքահայ տպագրության շրջան։
Հայերեն առաջին տպագիր տեքստը 1475 թվականին Մայնցում լույս տեսած Յոհան Շիլդբերգերի[1] «Ուղեգրություններ» գրքում (մի քանի գլուխ նվիրված է Հայաստանին) զետեղված լատինատառ «Հայր մեր» աղոթքն է։ 1486 թվականին նույն քաղաքում Բրայդենբախի հրատարակած գրքերից մեկում տեղ է գտել հայերեն փայտափորագիր այբուբենը, որը մեսրոպյան տառերի առաջին տպագիր օրինակն է[2]։
1771 թվականին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը Էջմիածնում հիմնադրեց տպարան, որը 1772 թվականին լույս ընծայեց կաթողիկոսի «Զբօսարան հոգևոր» գիրքը, դա Հայաստանի հողում կատարված անդրանիկ հրատարակությունն է։ Դրանով հայկական տպագրությունը իր սկզբնավորումից 260 տարի անց հաստատվեց հայրենիքում։ Տպարանում տառերի ու պատկերների պատրաստման գործում մեծ աշխատանք է կատարել Հարություն էջմիածնեցին։
Մինչև դարավերջ տպարանը լույս ընծայեց տասնյակից ավելի գրքեր։ 1772 թվականին հայկական տպագրությունը հաստատվեց նաև Հնդկաստանում՝ Մադրաս քաղաքում, ուր 1794-1796 թվականներին Հարություն Շմավոնյանը հրատարակեց առաջին հայերեն պարբերականը՝ «Ազդարար» ամսագիրը։