Ոչ քաղաքացիներ (Լատվիա)
From Wikipedia, the free encyclopedia
Ոչ քաղաքացիներ (լատիշ․՝ nepilsoņi), իրավաբանական հատուկ կարգավիճակ, որ տրամադրում է Լատվիայի Հանրապետությունը ԽՍՀՄ-ի նախկին բնակիչներին, ովքեր մինչև 1992 թվականի հուլիսի 1-ը ապրել են Լատվիայում և չունեն որևէ այլ երկրի քաղաքացիություն, ինչպես նաև նրանց սերունդներին։ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել է 224.670 ոչ քաղաքացի, որոնք ապրում են Լատվիայում, և 5.105 ոչ քաղաքացի, որոնք ապրում են Լատվիայի տարածքից դուրս (1990-ական թվականների կեսերին ոչ քաղաքացիների թիվը եղել է 730-740 հազար մարդ)։ Նրանց մոտ 65.5 %-ը կազմում են էթնիկ ռուսները։ Իրավաբանական տեսանկյունից 1995 թվականի ապրիլի 12-ի օրենքի («Նախկին ԽՍՀՄ-ի քաղաքացիների կարգավիճակի մասին, ովքեր չունեն Լատվիայի կամ այլ երկրի քաղաքացիություն») սուբյեկտ են այն անձինք, ովքեր չեն և չեն եղել որևէ այլ երկրի քաղաքացի` բացի ԽՍՀՄ-ից և համապատասխանում են հետևյալ պահանջներին. 1992 թվականի հուլիսի 1-ին, անկախ բնակմակերեսի գրանցման կարգավիճակից, եղել են Լատվիայի տարածքում կամ նրանց կեցության վերջին գրանցումը մինչև 1992 թվականի հուլիսի 1-ը եղել է Լատվիայի Հանրապետությունում, կամ դատարանի որոշմամբ հաստատվել է այն փաստը, որ վերոնշյալ ամսաթվից ոչ պակաս քան տասը տարի անընդհատ ապրել են Լատվիայում, ինչպես նաև նրանց երեխաները, ովքեր չեն ստացել մեկ այլ քաղաքացիություն։ Ոչ քաղաքացիների զգալի մասը ծնվել է Լատվիայի տարածքում։